«Փակ շուկայում» տեղի ունեցող անօրինական շինարարությունը դադարեցնելու պահանջով այսօր մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա անցկացրին շուկայի դիմաց:
Նրանց միացած ճարտարապետ Պավիլ Ջանգիրովը «ճարտարապետական հանցագործություն» որակեց շուկայի հետ կատարվածը. «Այդպիսի կոթողը քանդելը հանցագործություն է: Ասում են՝ հուշարձանը չի քանդվում, բայց հուշարձանը միայն ճակատային մասը չէ, այլ ամբողջությամբ…հիմա շենքի հետեւի մասից քանդված է, ենթադրվում է, որ հետեւի մասում յոթից ութ հարկ պետք է բարձրանա: Պետք է դադարեցվի շինարարությունը եւ պրոֆեսիոնալ նախագիծ մշակվի, քննարկվի եւ որոշվի՝ ինչ անել այդ շենքի հետ, պարզ է, որ կորցրել ենք հուշարձանը»:
Ճարտարապետը չէր հասցրել խոսքն ավարտել, երբ հավաքվածներին միացան իրենց «Փակ շուկայի» նախկին առեւտրականներ համարող կանայք ու հավաքվածներին հարցրին՝ ուր էիք մինչեւ հիմա. «Էդ ի՞նչ հուշարձան են այլանդակել: Հուշարձանը սարքում են: Այ մարդ թողեք, թող սարքեն: Դուք հլը նոր եք ծնվել, մենք գիտենք ստեղ ինչը, ինչ չի: Վերանորոգում են, լա՞վ էր, որ քարերը երեխեքի գլխին էին ընկնում: Վերանորոգում են, շուկա է լինելու, մենք էլ գալու ենք աշխատենք: Տերիտորիայում սուպերմարկերտ չկա, թող մի հատ էլ սուպերմարկետ լինի»:
Նա վստահեցրեց, որ վերանորոգումից հետո, շուկան գործելու է. «Լսել եմ, գիտեմ, երբ շուկան քանդում էին, մենք գիտեինք, որ շուկա է լինելու: Եթե իմանայինք չի լինելու, դուրս չէինք գա: Քսան տարին մի կյանք ա , որ ես եմ շուկայում աշխատել»:
Կարդացեք նաև
Նրան փոխարինելու եկավ, շուկայի հետեւամասում կանաչի վաճառող մի ուրիշ կին, էլի զարմացավ՝ ինչից են բողոքում, դժգոհեց, որ նախկինում, երբ շուկան գործում էր, ու ինքն էլ էր այնտեղ առեւտրով զբաղվում, առնետների երեսից օր ու արեւ չէին տեսնում: Նա հորդորեց դադարեցնել բողոքի ակցիաները, որովհետեւ շուտով նորոգված շուկան գործելու է:
Մինչ Aravot.am-ի տեսախցիկը շուկայի հետեւամասում նկարահանում էր իրականացվող շինարարությունը, մի քանի տղամարդիկ անցնելիս սկսեցին մրթմրթալ: Նրանցից մեկն էլ ասաց՝ մի նկարեք, հեսա կգան ձեզ կբռնեն: Մեր հարցին, դուք ո՞վ եք՝ տարածքը նայո՞ղը, ասաց՝ այո, բայց հենց տեսախցիկը տեսավ, ասաց ՝չէ ու ծիծաղելով հեռացավ:
Մանրամասները ՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ