Կարկուտից տուժած այգիներն, ըստ գյուղնախարարի, ավելի դժվար կվերականգնվեն
Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց մի քանի օր առաջ կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզին սերմացու տրամադրել:
Նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանին առաջարկեց խնդիրը ավելի մանրամասն ներկայացնել:
Գյուղնախարարի ներկայացմամբ` կարկտահարությունից տուժել են Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, բայց առավել շատ տուժել է Արմավիրի մարզը: Ընդհանուր առմամբ, կարկուտից վնասվել է 15-17 հազար հեկտար տարածք, նախարարի խոսքերով, այդ թվում` բանջարաբոստանային մշակաբույսերի տուժած տարածքները` 6-7 հազար հեկտար, պտղատու այգիները` 4-5, խաղողը` 4,5-5 հազար, ծիրանը 1000 հեկտար: Նախարարի ներկայացմամբ` տուժած բանջարաբոստանային ցանքատարածությունների խնդիրը կլուծվի սածիլներ տրամադրելով եւ կրկնակի ցանքս կատարելով, քանի որ մինչեւ հունիսի 20-ը հնարավոր է ցանքս անել, իսկ այգիների, հատկապես խաղողի այգիների վերականգնումն ավելի բարդ է եւ ժամանակ է պահանջում: Պարոն Կարապետյանը նիստի ժամանակ նաեւ նշեց, որ ընդհանուր առմամբ, 24 տոննա սերմացու է պահանջվում, ընդ որում նախատեսվում է սերմացու ներկրել Ռուսաստանից: Բացի այս, ըստ Սերգո Կարապետյանի, ստեղծված հանձնաժողովներին հանձնարարվել է կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների կողմից բանկերից վերցրած վարկերի եւ դրանց չափերի վերաբերյալ հավաքագրել ճշգրիտ տվյալներ` հետագայում որոշակի մոտեցումներ ցուցաբերելու համար:
Կարդացեք նաև
Արմավիրի մարզի տուժած համայնքներին, ըստ գյուղնախարարի, արդեն հատկացվել է պարարտանյութ, եւ եթե կարիք լինի, գյուղացիներին լրացուցիչ կհատկացվի եւ ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք:
Նիստի ավարտից հետո լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել գյուղատնտեսության նախարարին, մասնավորապես` թե վարկեր ձեռք բերած ու կարկուտից տուժած գյուղացիներին ինչպե՞ս կաջակցեն, սակայն Սերգո Կարապետյանը շատ բարկացած, նույնիսկ կանգ չառնելով, լրագրողների մոտ ասաց` «Կարծում եմ արդեն ամեն ինչ ասացի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ