Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծառուկյանը քաղում է «դափնու «կանաչ» տերեւները»

Մայիս 16,2013 14:55

Նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը Գագիկ Ծառուկյանին համեմատում է Արթուր Բաղդասարյանի հետ:

– Հայ ազգային կոնգրեսից տարաձայնությունների պատճառով հեռացած նախկին ՀՀՇ ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը նախաձեռնել են ՀՀՇ-ի վերագրանցման գործընթացը: Հավանակա՞ն է, որ Դուք էլ միանաք նրանց:

– Ես իմ կուսակցական գործունեությունն ավարտված եմ համարել ՀՀՇ-ի ինքնալուծարումից հետո, եւ դա, տարիքս հաշվի առնելով, վերջնական որոշում է: Ես այդ նախաձեռնությանը դրական եմ վերաբերվում եւ կարծում եմ, որ նրանք իրենց գլխավոր հարցը կհամարեն Հայաստանի ապագան եւ զուսպ կլինեն ընդդիմության միջկուսակցական հարաբերություններում:

– Ինչպե՞ս կգնահատեք առաջին նախագահի այն հայտարարությունը, որ ՀՀՇ-ն վերածվել էր «գեղի կլուբի» եւ «ծերակույտի»: Ընդհանրապես, ՀՀՇ-ի վերանվանումը ՀԱԿ-ի Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարց լուծեց կամ դեռ պետք է լուծի:

– Դուք սխալվում եք, ՀԱԿ-ը միանգամայն նոր կուսակցություն է, որի մեջ նախկին հհշականների հետ միավորվել են մեծ թվով անկուսակցականներ, հայտնի դեմքեր, հայտնվել են ռազմավարական եւ մարտավարական նոր երանգներ ՀԱԿ կուսակցության գործունեության մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի մասին ՀՀ առաջին նախագահի ձեր նշած արտահայտություններին, ես կարծում եմ, որ դրանք կամ որոշ ՀՀՇ-ականների գործունեության հետ էին կապված, կամ ենթադրելի է՝ ՀՀՇ գործունեության որոշակի ժամանակահատվածի:

– «Մեր կուսակցության ստեղծման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է, որի դեմ մենք պայքարել ենք տարիներ շարունակ եւ շարունակելու ենք մեր պայքարը սահմանադրական կարգի վերականգնման համար»՝ ասել է Արարատ Զուրաբյանը: Կարծում եք՝ կհաջողե՞ն:

– Դա քաղաքական եւ քաղաքացիական ճիշտ դիրքորոշում է եւ ներկա Հայաստանում որեւէ քաղաքական ուժի ստեղծման ամենահիմնական պատճառը: Մնացածները ինքնըստինքյան հեշտությամբ կվերացվեն այդ հարցի լուծումով: Իսկ թե «կհաջողե՞ն» այդ գործում՝ ես հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր պայքարում են այս անօրինական եւ դավաճանական իշխանության դեմ:

– Ի՞նչ մրցակցություն է գնալու նորաստեղծ ՀԱԿ-ի եւ նոր ստեղծվելիք ՀՀՇ-ի միջեւ:

– Մրցակցության հարց չեմ տեսնում: Կուզեի տեսնել փոխադարձ հանդուրժողականություն եւ համագործակցություն միեւնույն նպատակի իրականացման գործում:

–  Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Դա հայաստանյան քաղաքական կյանքում ի՞նչ ազդեցություններ եւ դրսեւորումներ կունենա:

– Դա ինձ համար ակնհայտ էր հենց սկզբից: Ծառուկյանն իր սեւ «գործը» կատարեց՝ ժողովրդին «այլընտրանք» ներկայանալով: Այժմ եկել է ժամանակը դափնու «կանաչ» տերեւները քաղելու, ինչո՞վ է պակաս Արթուր Բաղդասարյանից: 1998-ի նախագահական ընտրություններից սկսած՝ արտառոց իրավիճակ է Հայաստանում՝ յուրաքանչյուր նախագահական ընտրություն բացահայտում է ժողովրդի շահերը իր անձի շահերին ծառայեցնող հռչակավոր մի կոմբինատոր եւ էլ ավելի է ամրապնդում քրեաօլիգարխիկ ներկա համակարգը:

– Կարելի՞ է ասել, որ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը՝ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելուն ուղղված, տապալվեց:

– Ես չգիտեմ, ես այս հարցի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ինֆորմացիաներից տեղյակ չեմ, հետեւաբար ձեռնպահ եմ մնում որեւէ գնահատականից:

– Ինչո՞ւ Ծառուկյանի հայտարարությունը հնչեց հիմա եւ ոչ թե նախագահական կամ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Ի՞նչ կտար դա:

– Կարծում եմ՝ Ծառուկյանի այս մեկամյա աճպարարությունը ընդգրկում էր համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների մի ցիկլ, որն ավարտվեց մայիսի 5-ին: Տվածը ակնհայտ էր՝ բոլոր ընտրություններում, որտեղ որոշվում էին իշխանությունն անպայման պահելու խնդիրները, իշխանությունները կեղծարարությամբ շռնդալից «հաղթանակներ» տարան:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031