Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսի-սերվիսում վարորդին 16 ժամ աշխատեցրել են՝ առանց հանգստանալու

Մայիս 16,2013 14:40

Ինչի հետեւանքով վարորդը գիշերվա ժամը 3-ին քնով է անցել ու վթարի ենթարկվել

Երեւի հատուկենտ տաքսի-սերվիսներ կլինեն մեր երկրում, որ վարորդներին չեն շահագործում, ասենք՝ 8 ժամից ավելի չեն աշխատեցնում, թույլ են տալիս օրվա ընթացքում, ինչպես օրենքն է պահանջում, 2 ժամ հանգստանալ, իսկ 8 ժամից ավելի աշխատեցնելու դեպքում էլ հավելավճարներ են սահմանում: Տաքսու վարորդներն էլ աշխատանքը չկորցնելու կամ մի 2 հազար դրամ ավելի վաստակելու համար իրենք էլ հոժարակամ ենթարկվում են ղեկավարներին ու 15-16 ժամ աշխատում: Իսկ նման ռեժիմով աշխատելը ոչ միայն հենց վարորդի կյանքի համար է վտանգավոր, նաեւ՝ ուղեւորների:

26-ամյա Ադվար Սողոմոնյանը մոտ 20 օր էր, ինչ ընդունվել էր աշխատանքի «Պրիստիժ» տաքսի-սերվիսում եւ գրեթե ամեն օր 13-16 ժամ աշխատում էր, չէր հասցնում մի կարգին քնել, հանգստանալ, մեկ էլ՝ լույսը բացվում էր, ու նորից, ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ադվարը, առավոտյան ժամը 9-ից մինչեւ գիշերվա 2-ը, 3-ը, օր էր լինում՝ նույնիսկ մինչեւ գիշերվա ժամը 4-ը ղեկին էր լինում. «Մեկ ժամ էր տալիս հանգստանալու. ես մասիվում եմ ապրում, մինչեւ հասնում էի տուն, նստում՝ մի կտոր հաց ուտելու, մեկ էլ զանգում էին՝ արի, պատվեր կա»:

Ապրիլի 11-ին նույն ռեժիմով աշխատելու հետեւանքով գիշերվա ժամը 3-ի սահմաններում Ադվարի «աչքը կպել էր» ու վթարի ենթարկվել. «Ես նույնիսկ չեմ զգացել, թե ինչպես խփեցի մեքենան, քնած եմ եղել խփելու ժամանակ, զարթնել եմ սյունին հարվածելուց, լավ է՝ մենակ էի, հաճախորդ չունեի, թե չէ Աստված գիտի՝ ինչ կլիներ: Ես էլ լավ եմ պրծել, միայն ձեռքս եմ վնասել»:

Ադվարը մի քանի տարի առաջ Իրաքում տեղի ունեցող պատերազմի ընթացքում կորցրել է հորը, հետո մայրն է մահացել, ինքն էլ ծնողների միակ զավակն է, եւ որոշել էր գալ Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու, բայց անընդհատ աշխատանքը փոխում է, իր ասելով՝ ուր գնում է՝ շահագործում են:

«Պրիստիժ» տաքսի-սերվիսում էլ աշխատելու ընթացքում իրեն սերվիսի ղեկավարությունը շատ քիչ պատվերներ էր տալիս՝ պատճառաբանելով, որ փողոցներին լավ ծանոթ չէ: Սերվիսի տնօրենը, Ադվարի վստահեցմամբ, մշտապես դժգոհում էր, որ քիչ գումար է աշխատում, շատ եկամուտ չի բերում, մի օր գործից կազատի. «Ես էլ կին, երեխա ունեմ, ընտանիքս մի ձեւ պիտի պահեմ, ստիպված մնում էի երկար աշխատելու, որ գոնե մի քիչ ավելի փող տանեմ, 50/50 պայմանավորվածությամբ էի աշխատում ու օրական 15-20 հազար դրամ իրան տալիս էի: Սրան գումարած՝ նաեւ 1300 դրամ՝ «Կասկոյի» ու ռացիայի փողը»: Վթարից սերվիսի մեքենան բավականին վնասվել էր, եւ տնօրենը Ադվարից պահանջել է 1500 դոլար, մինչդեռ այդ սերվիսի մեքենաները ապահովագրված են. «Ես արդեն չգիտեի՝ գլուխս որ պատովը տայի, որ էդ փողը ճարեմ տամ իրան, անձնագիրս պահում էր մոտը, մինչեւ փողը տամ: Բայց ինձ վարորդներից մեկն ասաց, որ ես պարտավոր չեմ վճարել, քանի որ մեքենան երկկողմանի ապահովագրված է, այսինքն՝ բոլոր տեսակի վթարների դեպքում ապահովագրական ընկերությունն է ծախսերը փակում»: Իսկ երբ Ադվարը տնօրենին ասել է, որ տեղյակ է «Կասկոյի» մասին, տնօրենը «պարտքի» ծավալն իջեցրել է եւ հորդորել 150 հազար դրամ վճարել: Անձնագիրն էլ վերադարձրել է, քանի որ Ադվարը դրսից ծանրոց պիտի ստանար, որի համար անձնագիր պիտի ներկայացներ, բայց տնօրենը դրա փոխարեն Ադվարի վարորդական իրավունքն է վերցրել ու մինչ օրս պահում է մոտը: Նշենք, որ քաղաքացու անձնական փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագիրը կամ վարորդական իրավունքը ոչ ոք իրավունք չունի իր մոտ, այսպես ասած՝ գրավ պահել: Ադվարն այլեւս չի աշխատում «Պրիստիժում»: Թեեւ նա կրկին տաքսի է վարելու, բայց ավելի լավ առաջարկ է ստացել, սակայն քանի որ վարորդական իրավունքն իր մոտ չէ, չի կարողանում աշխատանքի անցնել:

«Առավոտը» փորձեց խնդրի առնչությամբ զրուցել նաեւ տաքսի-սերվիսի տնօրենի հետ, սակայն մեզ հայտնեցին, որ նա հանրապետությունից բացակայում է, ուստի առաջիկայում, երբ տնօրենը լինի Հայաստանում, մենք կհրապարակենք նաեւ նրա պարզաբանումը:

Տաքսու վարորդների իրավունքները պաշտպանող «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ շատ դժգոհություններ են ստանում վարորդներին 10 ժամից ավելի աշխատեցնելու վերաբերյալ: Պարոն Դոստուրյանի ներկայացմամբ՝ առավելագույնը 10 ժամ պետք է վարորդն աշխատի, այն էլ՝ օրվա ընթացքում 2-3 ժամ հանգստանալով, մինչդեռ մեր երկրում տաքսու վարորդներին ուղղակի շահագործում են:

«Հիմա տաքսիներին վերաբերող օրենքում փոփոխություններ են անում, ուզում են տեխզննումն ու բուժզննումը վերացնել, ինչը շատ վտանգավոր է: Օրինակ՝ Ադվարի դեպքում եթե բուժզննում լիներ, անպայման կտեսնեին, որ մարդը գերհոգնած է, նրան հանգստանալ է պետք, ու չէին թողնի աշխատել: Իսկ հիմա եթե դա էլ հանեն, մեր ուղեւորների ու վարորդների կյանքը ռիսկի տակ կդնեն: Ադվարին ուղղակի հոգեբանորեն են ստիպել ավելի աշխատել, բայց եթե նույնիսկ ինքնակամ էլ որոշեր, տնօրենը պիտի թույլ չտար, դա հակաօրինական է: Կամ ասենք՝ Ադվարը օրական 300 կիլոմետր վարել է, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ այդքան քշած մեքենան տեխզննման չենթարկվի»:

Մեզ հետ զրույցում Ադվարը նաեւ պատմեց, որ երբ ընդամենը 2-3 օր էր աշխատանքի անցել «Պրիստիժում», Տիգրան Մեծ փողոցի վրա մի անգամ էլ է վթարի ենթարկվել. չի հասցրել արգելակել ու դիմացի մեքենան վնասել է. «Էն վարորդն ասաց՝ ԱՊՊԱ կանչեք, իսկ իմ տնօրենն ասաց՝ մեր մեքենային բան չի եղել, ԱՊՊԱ մի կանչեք, դու քո հաշվին էդ մեքենան սարքել տուր: 40 հազար դրամ իմ գրպանից տվեցի ու չհասկացա, թե ինչի չուզեց ԱՊՊԱ կանչենք, որովհետեւ մեր մեքենան ապահովագրված է»:

Այս իրավիճակն էլ պարոն Դոստուրյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. քանի որ ապահովագրական շատ ընկերություններ կամ հրաժարվում են տաքսիներ ապահովագրել, կամ բարձր գնով են անում, որովհետեւ ռիսկը բարձր է, ուստի սերվիսի տնօրենը չի ցանկացել ԱՊՊԱ կանչել, որպեսզի ապահովագրական ընկերությունում իրենց սերվիսի պատմության մեջ «սեւ բիծ» չլինի, կամ՝ մի վթար էլ պակաս գրանցվի, որպեսզի հաջորդ անգամ ցածր գնով ապահովագրեն:

Գեւորգ Դոստուրյանի խոսքերով՝ «Նոր օրենքը վերջնական տեսքի բերելուց պետք է դաշտը լավ ուսումնասիրեն, իսկ տեխզննումն ու բուժզննումը ոչ թե հանեն, այլ ժամկետ նշանակեն, օրինակ՝ 15-20 օրը մեկ: Բացի այդ, այս նոր կարգով դեղին համարները հանում են, իսկ դա պետք է մնա, որպեսզի ուղեւորները կողմնորոշվեն, որ օրինական տաքսի են նստում, տեսուչներն էլ հեշտ կվերահսկեն: Եթե այդքան պահանջ հանում են, թողնում են միայն հաշվիչի պահանջն ու լիցենզիայի համար 25 հազար դրամ են ուզում, է, թող դա էլ հանեն, մարդը հենց հաշվիչ ունենա, գնա հարկայինում գրանցվի ու իր հարկը մուծի, ազատ աշխատի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031