Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղթած զինվորը չպիտի գլուխը կախ ման գա. Բարձրաձայնում են ցուցարար ազատամարտիկները

Մայիս 16,2013 14:21

Այսօր «Տեսակետ» ակումբում ազատամարտիկներ Ստեփան Ստեփանյանը, Վոլոդյա Ավետիսյանը (նստացույցի կազմակերպիչ), Վարդգես Սմբատյանը (Ռեմբո), Կարեն Մելիքբեկյանը եւ այլք` խոսեցին ազատամարտիկների բողոքի ու իրենց հետագա քայլերի մասին:

Ավետիսյանի ներկայացմամբ` տեսնելով իր ընկերների ապրելակերպը, որոշեց նստացույցով հանդես գալ`«Նամակ հանձնեցինք կառավարությանը, ուզում ենք արժանապատիվ ապրել, մենք ոչ մեկից ողորմություն չենք մուրում, պետությունը պետք է լինի մեր հովանավորը, ոչ թե բարեգործները: Պետությունը պետք է իր պարտականությունները կատարի»:

Մելիքբեկյանի խոսքով`  իրենց ներկայացրած պահանջները վերաբերում են բոլոր ազատամարտիկներին. «Մարդիկ անտուն են ապրում, իսկ ով էլ տուն ունի՝ սարսափելի վիճակում է ապրում:  Վիրավորական է, մենք մեր երկրում ճնշված ենք ապրում, այնպիսի տպավորություն է, կարծես ուրիշ երկրից ենք եկել, փախստականի կարգավիճակում ենք»:

Ազատամարտիկները նշեցին, որ իրենք առաջ են քաշում հարցեր` կապված ազատամարտիկներին բնակարաններով ապահովելու խնդրով: Նրանք վիրավորական են համարում այն, որ գնում են ինչ- որ տեղ, օրինակ՝ բուժհաստատություններ ու երբ ներկայանում են,  որ ազատամարտիկ են, իրենց  ասում են՝ «շատ լավ է, որ ազատամարտիկ եք, շնորհակալություն, բայց պետք է վճարեք»:

Ստեփանյանն էլ  ասաց, որ ինքը ութ տղայի պապիկ է, ապագա զինվորների, սոցիալական վատ վիճակում է, տունը գրավի տակ է, վարկով գումար է վերցրել գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ու չի կարողացել վճարել, այժմ խլում են ձեռքից. «Ասում եմ` ավելի լավ է Վարդանաշեն գյուղի  տունս էլ ծախեք, ես մի հատ պալատկա կվերցնեմ ու թոռներիս հետ կգնամ քաղաք, իմ 43 հազար դրամ թոշակով կապրեմ,  համ էլ  գյուղի կարկուտներից կպրծնեմ»: Ստեփանյանը  նաեւ նշեց, որ ինքն իր մեդալը չի շպրտել,  ըստ նրա` «չէ՞ որ դա տալիս են հայրենիքին մատուցած ծառայության համար, դա սրբություն է»:

Ազատամարտիկները հավաստիացրեցին, որ հետեւողական են լինելու, կառավարությունից` մայիսի 23-ին ստացած պատասխանից հետո էլ կորոշեն, թե ինչ անել:

Բանախոսների ձեւակերպմամբ՝ հաղթած զինվորը չպիտի գլուխը կախ ման գա, կամ` հիսուն դրամ չունենա, իր երեխային բուլկու փող տալու համար: Նրանք համոզված են, որ իրենց խնդիրները նոր չեն  առաջացել, դրանք վաղուցվա էին , բայց երբ դիմել են տարբեր հ/կ-ներ, կառույցներ, ՄԻՊ-ին, ասել են` ձեր խնդիրները կապված են ՊՆ-ի հետ, իսկ այնտեղից մերժել են, քանի որ իրենց խնդիրները օգնության պահանջ է եղել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031