ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ղեկավարած Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, որն անցյալ տարի բոլորեց հիմնադրման 25 տարին, ավելի քան 20 երկրում մեր ազգային պարը ներկայացրել է դասական խորեոգրաֆիկ ոճով, ինչը նոր ուղղություն է հայկական ժամանակակից պարարվեստում: Անսամբլը ստեղծման առաջին իսկ ելույթից հայկական եւ տարբեր ազգերի ժողովրդական պարերի մեհրաբյանական բեմադրություններով տարբերվեց եղածներից, դառնալով պարարվեստի երկրպագուների սիրված կոլեկտիվներից: Հայկական պարերն այստեղ բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Ավետիսյանի, Մանսուրյանի, Տերտերյանի, Ամիրխանյանի եւ հայ մյուս կոմպոզիտորների ստեղծագործությունների ու մշակումների հիման վրա: Բացի ժողովրդական երաժշտությամբ բեմադրված ազգային պարերից, կան նաեւ ժամանակակից համարներ, օրինակ՝ Էլթոն Ջոնի եւ Կարլ Օրֆի երկերով, ինչպես նաեւ տարբեր օպերաներից պարային համարներով, այդ թվում Բորոդինի «Իշխան Իգորից»՝ պոլովեցյան պարերը եւ այլն: Վերջին շրջանում վերականգնվել են աշխարհի ժողովուրդների պարերի ծրագիրն ու Գ. Հախինյանի «Լոռեցի Սաքո» խորեոգրաֆիկ ներկայացումը:
Օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած «Ֆոլկլորից մինչեւ մոդեռն-սուպեր պար» միջազգային առաջին փառատոնից «Բարեկամությունը» վերադարձավ Գրան պրիով: Կոլեկտիվը մասնակցել էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը «Առավոտին» հայտնեց, որ «Բարեկամության» գործունեության ընթացքում սա միջազգային մրցույթ-փառատոնի իրենց առաջին մասնակցությունն էր: «Սանկտ Պետերբուրգ էին ժամանել 34 պարային կոլեկտիվներ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ Անգլիայից, Նիդեռլանդներից, Հունաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Լատվիայից եւ այլն: Մրցույթի առաջին փուլում հանդես եկանք «Ազգագրական պարերի շարան» եւ «Աշխարհումս» պարային համարներով: 34 կոլեկտիվից միայն 13-ն անցավ մրցութային երկրորդ փուլ: Այստեղ ներկայացրինք «Մեր դարը» պարային համարը, որի ավարտից հետո ներկա հանդիսատեսն ու ժյուրիի անդամները հոտնկայս՝ երկարատեւ ծափողջույններ հղեցին: Նույն օրն էլ հենց պետք է հայտարարվեր հաղթողների անունները: Կուլիսային խոսակցություններում ոչ թե դոմինանտում էր, այլ բոլորը վստահ էին եւ շնորհավորում էին մեզ Գրան պրիի արժանանալու առիթով»,- ասաց պարոն Մխոյանը: Նա նշեց, որ ժյուրիի անդամներին հիացրել են «Բարեկամության» հիմնադրման օրվանից մինչ այսօր անսամբլի հետ համագործակցող նկարիչ Ռուբինե Հովհաննիսյանի էսքիզներով արված զգեստները:
Տնօրենը հայտնեց, որ մինչ երկրորդ փուլը «Բարեկամությունը» ընտրության արդյունքում մասնակցել է նաեւ միացյալ համերգի, որտեղ հրավիրված էին լավագույն պարային կոլեկտիվներ. «Համերգին ներկա Սանկտ Պետերբուրգում բնակվող հայերը ջերմությամբ ու կարոտով շրջապատել էին մեզ: Նրանք խոստովանեցին, որ հուզված ու փշաքաղված էին անսամբլի ելույթից, հատկապես այն հատվածից հետո, երբ զանգերի ղողանջների ներքո անսամբլի ողջ կազմը մեկ միասնական ուժ դարձած կարծես ներկայացնում էր հայ ժողովրդի ցավերով ու հաղթանակներով լի պատմությունը»:
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ միայն 25 տարի հետո «Բարեկամությունը» որոշում կայացրեց մասնակցել միջազգային մրցույթի: Մեր զրուցակիցը շրջանցելով հարցը՝ պատասխանեց, թե իր կարծիքով՝ սովորաբար մրցույթների մասնակցում են կայացման փուլում գտնվող կոլեկտիվները, իսկ Սանկտ Պետերբուրգում անցկացվող առաջին այդ մրցույթը հնարավորություն էր՝ միանգամից տեսնելու ու շփվելու աշխարհի տարբեր մշակույթներ կրող պարային կոլեկտիվների հետ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում. Հաղթանակած «Բարեկամությունը»՝ Սանկտ Պետերբուրգում
«Առավոտ» օրաթերթ