Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պետք է հրաժարվի գիտական ներուժի օտարումից

Մայիս 16,2013 14:00

Վերջերս Սիմֆերոպոլի Վերնադսկու անվան համալսարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ տեղի ունեցավ խոշոր միջազգային գիտաժողով՝ նվիրված Ուկրաինայի ԳԱԱ առաջին նախագահ եւ այդ համալսարանի հիմնադիր Վերնադսկու ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը:

– ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ 2008թ. Հայաստանը նշեց իր ԳԱԱ նախկին նախագահ Վ. Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը, իսկ Ուկրաինան՝ իր առաջին նախագահ Վ. Վերնադսկու 150-ամյակը: Ըստ Ձեզ՝ այդ տոնակատարությունները ինչո՞վ էին իրար նման եւ տարբերվում:

– Ընդհանուր էր այն, որ երկու դեպքում էլ ըստ արժանվույն գնահատվեցին 20-րդ դարի խոշոր մտավորականներ Վ. Համբարձումյանի եւ Վ. Վերնադսկու ավանդները համաշխարհային գիտության եւ իրենց ազգային գիտության զարգացման գործում: Ինչպես շատ հաճախ, այս անգամ եւս, մենք հակված էինք հպարտանալու միայն մեր անցյալով՝ մոռացության տալով մեր ներկան ու ապագան: Եթե Հայաստանում ընդհանրապես չխոսվեց, թե ինչպես է օգտագործվում Վ. Համբարձումյանի թողած գիտական ավանդը երկրի գիտակրթական համակարգի զարգացման գործում, ապա Սիմֆերոպոլի գիտաժողովի շրջանակներում կազմակերպված վեց սիմպոզիումների քննարկման նյութն էին ժամանակակից գիտակրթական համակարգի զարգացման հարցերը: Մեր երկրում գիտակրթական քաղաքականությունը թելադրվում է վարչատնտեսական գործառույթ ունեցող ԿԳՆ-ի կողմից, որը կազմավորված է հիմնականում բնագավառից անտեղյակ չինովնիկներից, իսկ Ուկրաինայում այդ քաղաքականության թելադրողն է ԳԱԱ-ն, որն իր կազմում ունի բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ եւ ԿԳՆ-ն կյանքի է կոչում միայն ԳԱԱ-ի որոշումները: Բոլոր քաղաքակիրթ երկրները ունեն անկախ փորձագիտական եւ առանձին գիտավարչատնտեսական գործառույթներով զբաղվող պետական մարմիններ: Այլապես մեկ կառույցի մեջ այդ երկու գործառույթների համատեղումը, ինչպես ՀՀ դեպքում դա արվում է ԿԳՆ հետ, ծնունդ է տալիս կոռուպցիայի եւ խմբակայնության:

– Դուք եւ շատ գիտնականներ անընդհատ քննադատում եք ակադեմիան եւ այժմ առաջարկում եք, որ այն ստանձնի երկրի գլխավոր փորձագետի դե՞րը:

– Նախ՝ ՀՀ ԳԱԱ-ն բաղկացած է գիտահետազոտական ինստիտուտներից, որտեղ աշխատում են բազմաթիվ առաջատար գիտնականներ: ԳԱԱ-ն ղեկավարվում է ակադեմիկոսների եւ թղթակից անդամների թիմի կողմից: Քննադատվում է միայն վերջինիս կազմի ընտրական համակարգը՝ որպես անբարոյական եւ հակագիտական: Սակայն նույնիսկ ներկա պայմաններում, երբ նշված թիմում մեծամասնություն են կազմում գիտությունից «խռովածները», նրանց ավագանու զգալի մասը նախկինում լուրջ գիտնականներ էին: Հետեւաբար ԳԱԱ ներուժը եւ փորձառությունն անհամեմատելի են գիտության հետ երբեւէ լուրջ առնչություն չունեցած անձերից բաղկացած ներկայիս Գիտության պետական կոմիտեի հետ, որը շարունակում է անխնա ավերել գիտությունը հանրապետությունում:

– Դուք Սիմֆերոպոլում ղեկավարել եք բարձրագույն կրթությանը նվիրված սիմպոզիումը: Երեւի նման պատվի եք արժանացել նրա համար, որ հանդիսանում եք UNITWIN ծրագրի առաջին դրոշակակիրներից: Ասացեք խնդրեմ, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ընթանում Բոլոնյան ծրագրի կիրառությունը նախկին խորհրդային հանրապետություններում՝ համեմատած Հայաստանի հետ:

– Նշված սիմպոզիումին մասնակցում էին նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համալսարանների ներկայացուցիչներ, որոնց մի մասը տարիներ շարունակ ներգրավված է այդ ծրագրերում եւ նույնիսկ իրականացնում է որոշ մասնագիտությունների գծով միասնական մագիստրոսի ծրագրեր: Ցավոք, այդ ծրագրերի կիրառման տեսանկյունից ՀՀ-ն գտնվում է ամենահետին երկրների շարքում: Ակնհայտ է՝ եթե երկրի գիտավարչական համակարգը ամբողջապես հայտնված է կոռուպցիոն դաշտում, ԳՊԿ-ն իրականացնում է գիտության փողերի «լվացում». ասպիրանտուրայի պետական պատվերների բաշխումը եւ ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանների շնորհման գործընթացները իրականացվում են ոչ միայն միջազգային, այլեւ սեփական երկրի օրենքների արհամարհմամբ, նման պայմաններում հակակոռուպցիոն Բոլոնյան համակարգի կիրառությունը հանդիպում է կոռուպցիոն կերամանից օգտվող չինովնիկների դիմադրությանը: Բոլոնիայի մասին մեզանում հիմնականում խոսվում է դեռ պոպուլիստական հայտարարությունների մակարդակով: Իրականում Բոլոնյան ծրագրի հիմնական նպատակն է ազգային եւ միջազգային գիտակրթական ներուժի ինտեգրացման միջոցով պատրաստել մրցակից կադրեր: Հայտնի է, որ Խորհրդային համակարգում գիտությունը հիմնականում կենտրոնացված էր ԳԱԱ-ում, իսկ բարձրագույն կրթությունը՝ համալսարաններում: Հետեւաբար, Խորհրդային համակարգի պահպանման պայմաններում Բոլոնյան ծրագրի իրացման մասին խոսելը առնվազն անլուրջ է: Ուստի ակնհայտ է, որ այդ երկրների համար առաջնային խնդիրն է նշված երկու համակարգերի ինտեգրացման հարցի վերաբերյալ գիտահամալսարանական միասնական օրենքի մշակման հարցը, որի դեպքում միայն հնարավոր կլինի պատրաստել մրցունակ կադրեր: Սակայն ՀՀ գիտահետազոտական համալսարանների մասին պոպուլիստական հայտարարություններով հանդես եկող ԿԳՆ չինովնիկները ԱԺ են ներկայացնում առանձին կրթության, իսկ ԳԱԱ՝ գիտության մասին օրենքներ: Բոլոնյան համակարգը ենթադրում է եռաստիճան բուհական կրթություն, սակայն ՀՀ «Կրթության մասին» օրենքում, ինչպես նաեւ բնագավառին վերաբերող այլ փաստաթղթերում օգտագործվում է «հետբուհական կրթություն» հասկացությունը, որի անվան տակ հորինվում են տգիտության շտեմարանի հավակնող կանոնակարգեր, ըստ որոնց՝ ԲՈՀ-ը ստանձնել է խոտան գիտական աստիճանակիրներ շնորհող ֆաբրիկայի դեր: Բոլոնյան համակարգը ենթադրում է միասնական կրեդիտային համակարգի կրթական ծրագրերի անցման միջոցով ապահովել համալսարանների միջեւ մրցակցային դաշտ: Ուստի ամեն համալսարան ինչպես բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի, այնպես էլ երրորդ աստիճանի՝ ասպիրանտական ծրագրերի եւ կադրերի որակի համար պետք է կրի պատասխանատվություն: Իսկ Հայաստանում մեկ ծրագրով ասպիրանտական կրթության ստացած շրջանավարտը որակավորման է ենթարկվում այդ ծրագրերի հետ որեւէ առնչություն չունեցող ԲՈՀ-ական խորհրդի կողմից: Նշենք, որ այդ խորհուրդների նախագահները կամ անդամները շատ հաճախ կարող են չունենալ տվյալ մասնագիտության գծով նույնիսկ համալսարանական կրթություն: Հետեւաբար, ԲՈՀ-ական համակարգի պահպանման պայմաններում Բոլոնյան ծրագրերի ներդրման մասին նույնիսկ խոսելը անլուրջ է: Քննադատության է արժանի բարձրագույն իշխանությունների կողմից դատապարտելի լոյալ վերաբերմունքը ԳՊԿ-ի ակնհայտ պետական վնասարարության բնույթ ստացած գիտաավերիչ գործունեության նկատմամբ: Մնում է հավատալ, որ ՀՀ ներկա կառավարությունը կհրաժարվի երկրի գիտական ներուժից օտարման արատավոր քաղաքականությունից եւ կնախաձեռնի գիտավարչական համակարգի արմատական բարեփոխումներ կատարել ոչ թե դիլետանտ եւ կոռուպցիայով շահագրգիռ չինովնիկների, այլ ՀՀ նախագահին կից միջազգային գործընթացներին քաջատեղյակ գիտնականների խորհրդի կողմից:

– Իսկ եթե Ձեր ակնկալիքը չիրականացվի՞…

– «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահությունը մայիսի 29-ին իր բաց նիստի քննարկման թեմա է դարձնելու «ՀՀ գիտավարչական համակարգի բարեփոխման հարցը», որին հրավիրվել են բոլոր շահագրգիռ գիտնականները եւ պետական կազմակերպությունները: Ակնկալում ենք, որ այդ հարցի լայն քննարկումը հնարավորություն կընձեռի մշակել բարեփոխումների ծրագիր, որը միջազգային փորձագիտությունից հետո կուղարկվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հարցազրույցը՝

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031