Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանն ասուլիսը սկսեց 1967 թվականի նոյեմբերի 26-ին հանրության առջեւ առաջին անգամ բացված տուն-թանգարանի պատմությունից:
Ռուզան Սարյանի համար, ինչպես ինքը նշեց, շատ կարեւոր են անվանի նկարչի տուն-թանգարան այցելուների գրառումները, որոնցից առանձնացրեց իտալացի կինոսցենարիստ, նկարիչ ու քանդակագործ Տոնինո Գուերայի՝ տուն-թանգարանում թողած գրառումը:
Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրենի խոսքով, թանգարանային գիշերվա ու թանգարանային միջազգային օրվա կապակցությամբ թանգարանի աշխատակազմը ստիպված է լինում աշխատել արտակարգ ռեժիմով, քանի որ այցելուների քանակը մեծ է լինում, իսկ տուն-թանգարանի տարածքը փոքր է:
Խոսելով այս տարվա թանգարանային գիշերվա միջոցառումների մասին՝ Ռ. Սարյանը նշեց, որ ցուցադրվելու են «XOLST» ռուսական ստեղծագործական միավորման մեջ ընդգրկված նկարիչների թվով երեսուն ստեղծագործություններ, ինչպես նաեւ նախատեսվում է համերգ ու Սարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի թանգարանի ցուցադրությունները այցելուների համար ավելի ինտերակտիվ լինեն:
Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահը պատասխանեց.
«Դրան ուղղված են մեր կրթական ծրագրերը: Խաղ-էքսկուրսիայի միջոցով փորձում ենք արթնացնել այդ հետաքրքրությունը: Այդ էքսկուրսիայի վերջում երեխաներին առաջարկում ենք սարյանական գույներով նկարել պատկերներ: Երեխաներն այդ ամեն ինչն անում են հենց Սարյանի արվեստանոցում»:
Ս.Սարյանը նաեւ նշեց , որ թարմացվում է տուն-թանգարանի կայքը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ