«Պարզվում է՝ ոչ բոլորը ալերգիա ունեն ՀՀՇ-ի անունից, և գնում ՀԿ են բացում՝ չնայած, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը համագումարում հայտարարեց դա, բոլորը ծափահարում էին, այդ թվում նաև այն մարդիկ, որոնք բացում են ՀՀՇ անունով ՀԿ-ն»,-այսօր «Վարկած» մամուլի ակումբում հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, նախկին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ Հ. Իգիթյանը, Ա. Զուրաբյանը, Ա. Արզումանյանը, Կ. Ռուբինյանն իրենց անհամաձայնությունը հայտնեցին փետրվարի 23-ին ՀՀՇ համագումարի ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությանը՝ դադարեցնել ՀՀՇ-ի որպես ինքնուրույն կուսակցության գործունեությունը և ստեղծել նոր կուսակցություն:
Այժմ այս գործիչները հանդես են գալիս ՀՀՇ կուսակցության ստեղծման նախաձեռնությամբ, իսկ Հ. Իգիթյանը նշեց, որ իրենք օրենքով են շարժվում: Նպատակների մասին փոխանցեց հետևյալը. «Այնքան շատ քաղաքական գործիչներ կան ՀՀՇ-ից դուրս մղված, որ մի օր այս քանակը պիտի որակ կազմեր, և մենք միավորվեինք:Մենք գտնում ենք, որ այն, ինչ մենք ուզում էինք ժամանակին ասել, այսօր ՀԱԿ-ը դա չի անում: Մենք չենք տեղավորվում ՀԱԿ-ում ոչ միայն բարոյական, այլև քաղաքական պատկերացումներով»:
Շարունակելով միտքը՝ պարոն Իգիթյանն ասաց. «Դաշինքը լուծում էր մի փոքր խնդիր՝ ընտրություններ և հետընտրական պրոցեսներ: Մյուս կողմից էլ անընդունելի են այն քսենոֆոբիայի երևույթները, այլ կարծիք ունենալու հանդեպ բացասական տրամադրվածությունը այն կուսակցության մեջ, որը ներկայացվում է՝ որպես ժողովրդավարական: Համագումարին ինձ թույլ չտվեցին անգամ մինչև վերջ ելույթ ունենալ, խանգարում էին, ուստի ստիպված եմ եղել իմ ասելիքը ներկայացնել մամուլի միջոցով: Երբեք ՀՀՇ-ում չի եղել այնպիսի բան, որ ցուցակով, առանց մարդկանց ներկայացնելու վարչություն ընտրեն: Ուստի ես չեմ տեղավորվում ՀԱԿ-ի մեջ: Չեմ ուզում կարծեն, թե կուսակցություն ենք ստեղծում զուտ ՀՀՇ բառակապակցությունն ունենալու համար: Իրականում ունենք լուրջ նպատակադրվածություն, մի շարք կարևոր բլոկներ, ինչպիսիք են տնտեսական, քաղաքացիական հասարակության հետ կապված, մարդու իրավունքների բլոկները»:
Հարցին, թե ինչու են ՀՀՇ կուսակցությունը մեռելածին կոչում, կամ արդյոք Լ. Տեր-Պետրոսյանն արդարացի վարվե՞ց հարազատ կուսակցության հետ, Հ. Իգիթյանը պատասխանեց. «Կուսակցությունը կարող է վերանալ, բայց մարդիկ մնում են: Քաղաքական գործիչը չի վերանում, եթե նա մնում է Հայաստանում, եթե չի արտագաղթում: Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանին, ապա կրկնում եմ՝ ցանկացած մարդ ունի իրավունք ունենալ սեփական կարծիքը: Այս ամեն ինչի մեջ ինձ տխրեցրեց, զայրացրեց, կամ զարմացրեց միայն այն, որ իր գնահատականներից հետո, թե դուք եղել եք գեղական կլուբ, ալերգիա ունեք ՀՀՇ-ից, մարդկանց մեծ մասը հոտնկայս ծափահարում էին: Այդ մարդիկ ծափահարեցին ու հրաժարվեցին անցյալից: Այնինչ չես կարող հրաժարվել անցյալից, դա պատմություն է, անգամ եթե ընդունում ենք, որ ունենք նաև սև էջեր ու բացթողումներ: Պիտի ստեղծվեր նոր կուսակցություն և լիներ այնպես, որ հին ՀՀՇ-ականները չըմբոստանային: Նրանց մեծ մասն արդեն դուրս էին մղված, վերջինը ես էի և որոշ մարդիկ: Լ. Տեր-Պետրոսյանը գաղափարական «վոժդ» է և պարզ է, որ շատ հաճախ մարդիկ իրեն կուրորեն վստահում են: Բայց նույնիսկ եթե խարիզմատիկ լիդերն է ինչ-որ բան ասում, այլ քաղաքական ուժերն իրավունք ունեն չհամաձայնել»:
Կարդացեք նաև
Պարոն Իգիթյանը մասնավորապես համաձայն չէ ՀԱԿ կուսակցության ռազմավարության հետ: Նա մանրամասնեց. «Որպես ռազմավարություն ներկայացվում է բուրժուաժողովրդավարական հեղափոխությունը, նշվում, որ իշխանական բուգից մեկ-մեկ հանվեն մարդիկ և թուլացվի բուրգը: Մասնավորապես երկու անուն էր տրվում՝ Խ. Սուքիասյան, Գ. Ծառուկյան: Սակայն այս անձանց վերջին հայտարարությունները հաշվի առնելով պետք է ասել, որ արդեն չհաջողվեց ՀԱԿ կուսակցության այս ռազմավարական կետը: Համակարգն է պետք փոխել»:
Պարոն Իգիթյանը պատասխանելով նաեւ ՀԱԿ դաշինքի «ստվերային խաղերի» մասին հարցին՝ մասնավորապես նշեց. « Միշտ էլ ՀԱԿ-ԲՀԿ գործարքները գաղտնի են եղել: Դրանց մասին ես իմ կուսակիցներից չեմ իմացել, այլ մյուս կողմերից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ