Նախկինում անդրադարձել ենք Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի մանկապարտեզի անավարտ շինարարության խնդրին: Ոսկեպարի գյուղապետարանի եւ «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի միջեւ 2012թ. հունիսի 19-ին կնքված պայմանագրով « Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ոսկեպար համայնքի մանկապարտեզի համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտել մինչեւ 2012թ. օգոստոսի 30-ը: Ոսկեպար համայնքն իր ներդրումն է ունեցել այդ ծրագրում: Ոսկեպարի գյուղապետարանը կատարված աշխատանքների համար «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ին փոխանցել է 1 միլիոն 900 հազար դրամ: Ծրագիրն իրականացվել է 2012թ. պետական հրատապ 2-րդ ծրագրի շրջանակներում, այդ նպատակով պետբյուջեից տրամադրվել է 11 միլիոն 435 հազար դրամ: Չնայած շինարարական աշխատանքները կիսատ են մնացել, ծրագրի դիմաց Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում գրված է` «ավարտված»: Նշենք, որ «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն գրանցված է Իջեւան քաղաքի Ասլանյան-174 հասցեում:
Տեղեկացանք, որ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն օրերս եղել է Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում եւ հետաքրքվել, թե ինչո՞ւ է կիսավարտ շինարարությունը համարվում ավարտված : Նրան մարզպետարանում հայտնել են, թե շինարարության հանձնման-ընդունման ակտի տակ ստորագրել է Ոսկեպարի նախկին, երկարամյա գյուղապետ Հրուշ Աղբալյանը: Մեր տեղեկություններով ՝ Ոսկեպարի գյուղապետարանը ըստ պայմանագրի դեռեւս մոտ 500 հազար դրամ պետք է փոխանցի շինարարական կազմակերպությանը եւ դա պետք է կատարի շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո:
Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ դատախազը Ոսկեպարի մանկապարտեզի կիսատ-պռատ շինարարության մասին մեր հրապարակումն ուղարկել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ՝ քննության: Ոստիկանությունը նյութեր նախապատրաստելուց հետո կպարզի՝ այս գործում հանցակազմ կա՞, թե՞ ոչ: Հավելենք, որ Ոսկեպարի մանկապարտեզի համար նախատեսված տարածքում շինարարական աշխատանքները կատարվել են անորակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ