Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Պետպատվերի համար գումար տալը սպառել է իրեն, այդտեղ է կոռուպցիան»

Մայիս 16,2013 13:08

Այսօր «Նոյյան տապան» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն իր մտահոգությունը հայտնեց կրթական վարձավճարների բարձրացման հետ կապված: Նա ասաց, որ Մանկավարժական համալսարանի խորհրդի կազմում է, եւ գիտի, որ բյուջեն արդեն քննարկվել ու հաստատվել է: Հաստատվել է նաեւ պետհամալսարանի բյուջեն նախագահական ընտրություններից առաջ: Տիկին Բախշյանը հիշեց, որ բյուջեի հաշվետվությունը ողջունել է նաեւ ՀՀ նախագահը. «Ասեց, որ որեւէ երիտասարդի կրթությունը չպետք է ընդհատվի վարձավճարի պատճառով: Եթե հաշվետվության մեջ դա ներառված լիներ, նախագահը նման բան չէր ասի»:

Ըստ տիկին Բախշյանի, դասախոսներն իսկապես պետք է արժանապատիվ վարձատրվեն, հատկապես այն դասախոսները, որոնք այսօրվա պահանջներին համապատասխան տալիս են գիտելիքներ մեր երիտասարդներին. «Կան դասախոսներ, որոնք ժամավաճառությամբ են զբաղվում, իրենց գրքերը վաճառելով են զբաղվում»:

Թե ինչ հետեւանքներ կլինեն այս թանկացումներից հետո, ըստ տիկին Բախշյանի, առաջին հետեւանքը արտագաղթն է, մեր ժողովուրդն իր ընդվզումը լուռ արտագաղթով է անում. «Ասում է՝ էս երկրում չեմ կարող ապրել, թքում եմ ամեն ինչի վրա եւ գնում եմ»:

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի պարզաբանումներին, որ որակյալ կրթությունն ունի իր գինը՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Իսկապես լավ կրթությունը շատ թանկ հաճույք է: Լավ կրթություն նշանակում է լուրջ տեխնիկական միջոցներ, համապատասխան կահավորանք, դասապրոցեսն ապահովող թանկ պարագաներ, դասախոսների վերապատրաստում: Այո, սա թանկ հաճույք է, եւ ամբողջ աշխարհում է կրթության վարձավճարը բարձրանում: Իսկապես, եթե ուզում ենք լավ կրթություն, պիտի դրա համար վճարենք, բայց մեր երկրում որտեղից վճարելը անլուծելի խնդիր է: Պետպատվերի համար գումար տալը սպառել է իրեն, այդտեղ է կոռուպցիան: Իմ կարծիքով, այդ արտոնություններից օգտվում են նրանք, ովքեր դրան արժանի չեն: Դա պետք է վերանա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031