«Իսկապես, երկրում գաղջ մթնոլորտ է»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ այդ արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է Սերժ Սարգսյանին: Սակայն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը «գաղջ մթնոլորտի» մեղավորներին համարում էր լրագրողներին, Ստեփան Դեմիրճյանը համարում է իշխանություններին, ովքեր այդպես էլ ջանքեր չեն գործադրում, որպեսզի հաղթահարենք այդ իրավիճակը: Իսկ հաղթահարելու համար, ըստ բանախոսի, պետք է երկրում նախ բարոյահոգեբանական մթնոլորտ փոխել: Դրա համար էլ պետք է նորմալ ընտրություններ անցկացնել: Դա չի արվում. «Վերջին նախագահական եւ ավագանու ընտրությունները ընդամենը համալրեցին կեղծված ընտրությունների շարքը: Շարունակում է աճել արտագաղթը, առհասարակ վերջին հինգ տարիներին, ամենահամեստ հաշվարկներով, երկու հարյուր հազար մարդ լքել է երկիրը»:
Նա համոզված է, որ ավագանու ընտրություններին ընդդիմադիրները կարող էին հաջողության հասնել, եթե միասնական ցուցակով մասնակցեին. «Սա չի նշանակում, որ մենք քննադատում ենք այն ուժերին, ովքեր պայքարում էին, բայց գտնում ենք, որ ընդդիմությունն անպայման կհաղթեր, եթե միասնական ցուցակով մասնակցեր»: Ի դեպ, այդ էր պատճառը, որ ՀԺԿ-ն մասնակցեց ավագանու ընտրություններին: Իսկ թե ինչո՞ւ չկայացավ ընդդիմության միավորումը, արդյոք ամբիցիաների հա՞րց էր, արդյոք «գաղջ մթնոլորտի» մեղավորը նաեւ ընդդիմությո՞ւնը չէ, Դեմիրճյանն ասաց. «Դե, չկայացավ: Իսկ ինչ մնում է այդ մեղադրանքին`ես միտում եմ տեսնում`ամեն ինչում ընդդիմությանը մեղադրելու: Հայաստանում միշտ էլ ընդդիմություն եղել է, պայքարել է, բայց, որ չենք կարողացել հասնել օրինական ճանապարհով իշխանության փոփոխության, դա ոչ թե ընդդիմության ձախողումն է, այլ երկրի ձախողումն է: Ընդդիմությունն ազնվորեն պայքարել է, իհարկե, եղել են առանձին ընդդիմադիր գործիչներ, որոնք վարկաբեկել են ընդդիմությանը, ամպագորգոռ խոսել են, հետո գործարքների են գնացել»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`«Ժառանգությանը» Դեմիրճյանը ընդդիմություն համարո՞ւմ է, քանի որ ավագանու ընտրություններում խոսակցություններ եղան, որ «Ժառանգության» անդամները «ծախվել» են, բանախոսն ասաց. «Սա էլ է գաղջ մթնոլորտ, ես արդեն հոգնեցի`սա էս ա ասել, նա էն…երկիրը ծանր վիճակում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ