«Եթե չկա ընդդիմություն, մենք ինքներս պետք է մեզ ընդդիմություն լինենք», նախօրեին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
«ՉԻ» – Տեսարանն, իհարկե, հաճելի կլիներ։ Սերժ Սարգսյանը շաբաթը մեկ Ազատության հրապարակում միտինգ է անում ու պահանջում ինքն իր հրաժարականը, Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում օրինագիծ է ներկայացնում եւ պատգամավորներին կոչ անում դեմ քվեարկել, Սամվել Ալեքսանյանը հացադուլ է հայտարարում եւ ԿԸՀ-ից պահանջում բացահայտել ընտրակեղծիքները, Էդուարդ Շարմազանովը խստորեն քննադատում է Սերժ Սարգսյանի… Չէ, այս մեկը չափազանցություն էր. նման բան պարզապես հնարավոր չէ։
Եվ ընդհանրապես՝ որպեսզի թյուրիմացություններ չլինեն, ՀՀԿ-ն թող գիր-ղուշով որոշի, թե իրենցից ով է լինելու ընդդիմություն։ Ընդ որում՝ պետք է սահուն գրաֆիկ կազմել. թող մի մասը կենտ օրերին լինի ընդդիմություն, մյուս մասը՝ զույգ օրերին։ Իսկ եթե հանկարծ բախումներ լինեն (ընդդիմության եւ իշխանությունների միջեւ նման բաներ մեկ-մեկ պատահում են), Գասպարյան Վովան թող իրավիճակը վերահսկի։ Եթե, իհարկե, վիճակահանությամբ այդ օրն ընդդիմադիր չլինի։
«Չորրորդ ինքնիշխանություն»
Տարիներ առաջ, երբ պ-ն Սահակյանը գործկոմում էր աշխատում, որպես հեռուստալրագրող,մի քանի անգամ զրույցի եմ հրավիրել և հաճույքով լսել եմ նրա բովանդակալից խոսքը:Նույնը չեմ կարող ասել հիմա: Երբ լսում ու կարդում եմ պ-ն Սահակյանին, ուղղակի ապշում եմ, նաև՝ ցավ ապրում՝ ի՞նչ է կատարվում այս մարդու հետ, հեգնանքն ու մեծապետականությունն ինչո՞ւ են այսքան շատ, արդյո՞ք գոհ է իր խոսքուզրույցից…Ասելու շատ բան կա, բայց…Լավ,է, Աստված իր հետ…