Հատված ԱԺ նախկին փոխնախագահ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ հարցազրույցից:
–Ինչո՞ւ կազմաքանդվեց ՀՀՇ–ն, դա բնակա՞ն գործընթաց էր, որ վիճակված է բոլոր վարկաբեկված կուսակցություններին, թե՞ կազմաքանդումը տեղի ունեցավ արհեստականորեն, ինչին նպաստեցին կոնկրետ անձինք: Մասնավորաբար Լեւոն Տեր–Պետրոսյանը։
-Տեղի ունեցավ հետեւյալը. տապալվեց Հայ ազգային կոնգրեսը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց իր համագումարյան ելույթում նշեց, որ որոշակի ժամանակ է, ինչ ՀԱԿ-ը չի գործում: Եվ դա ոչ մեկի համար գաղտնիք չէր. նախ՝ հրաժարվել էին իրական պայքարից, երկրորդ՝ չէին կարողանում որոշումներ կայացնել, կային ներքին խոր անհամաձայնություններ, ինչի հետեւանքով կուսակցությունները շարան-շարան դուրս եկան կոնգրեսից:
Ուրեմն արձանագրենք փաստը, որ ՀԱԿ-ը տապալված էր:
Մինչդեռ ՀՀՇ-ն կուսակցություն էր, որը, ճիշտ է, մնացել էր կոնգրեսի ստվերի տակ, բայց նաեւ նույն կոնգրեսում բավական ազդեցիկ ուժ էր, որի շարքերը պահպանված էին, գործում էին ղեկավար մարմինները, տարածքային կառույցները: Չես կարող ասել, թե ՀՀՇ-ն տապալված էր:
Ու կատարվեց արտառոց բան, տապալված կառույցը` ՀԱԿ-ը, պահպանեց իր անունը, ավելին՝ իր մեջ կլանեց չտապալվածին: Ու երբ մենք ուսումնասիրեցինք ՀԱԿ-ում ծավալված խուճուճ զարգացումները, թե ինչպես էին փորձում կոնգրեսը որպես կուսակցություն գրանցել եւ դրա մեջ մտցնել ՀՀՇ-ն` այն կազմալուծելով, բայց, դե, տեսան, որ ի վերջո կկորցնեն իրավահաջորդության իրավունքը, կզրկվեն Եվրոպական լիբերալների կուսակցությանն անդամակցելուց, ընտրեցին այլ տարբերակ՝ անվանափոխությունը:
Մինչդեռ ՀՀՇ-ն, իր բոլոր թերություններով, սխալներով հանդերձ, մի կուսակցություն է, որ եղել է մեր երկրի անկախացման, պետականաշինության ակունքներում, եղել այդ տարիների ազատականության ջահակիրը եւ հենց միայն դրանով պատմական արժեք է ներկայացնում: Հետեւաբար համարում ենք, որ կատարվածն անթույլատրելի էր: ՀՀՇ կազմալուծումը ոչ թե պատմական զարգացման հետեւանք էր, այլ արհեստական, կամային որոշման արգասիք, ինչը պարտադրվեց լուռ շարքերին:
–Իսկ գուցե սա ՀՀՇ–ի համար միակ նպաստավոր քա՞յլն էր` իրենով անելու թարմ ուժերով համալրված կոնգրեսին, դրանով իսկ ապահովելու հետագա քաղաքական երկարակեցությունը:
-Կարող են տարբեր մեկնաբանություններ հնչել: Բայց եկեք տեսնենք, թե իրականում ինչ կատարվեց:
Իրենց քայլը հիմնավորելու համար ասացին, որ կոնգրեսում հավաքվել են ներուժ ունեցող երիտասարդներ, քաղաքական ուժեր, բայց նրանք զզվում են ՀՀՇ անունից, եւ դրա համար պետք է մի նոր բան ձեւավորել, որպեսզի կարողանան լիաթոք մասնակցել կուսակցական գործունեությանը: «Նոր բանը» հրաժարումն էր ՀՀՇ անունից:
Ի դեպ, ասեմ, որ ՀՀՇ-Տեր-Պետրոսյան անունները նույնացվեցին հենց վերջինիս համառ ջանքներով: ՀՀՇ-ն ինչ-որ մեկինը համարելու ու այդ մեկին պաշտամունքի առարկա դարձնելու միտումի հետ գործ ունենք:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»