Այսօր «Հենարան» ակումբում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասաց, որ որպես կանոն՝ աշխարհի բոլոր երկրներում կուսակցությունները կամ իշխանամետ են կամ ընդդիմադիր, եւ մեկնաբանելով ԲՀԿ-ի ղեկավարի հայտնի հայտարարությունը՝ նշեց. «Դե յուրե եւ դե ֆակտո իշխանություն է միայն ՀՀԿ-ն: Տեսել ենք մարդկանց, որ գոռում են, թե ընդդիմություն են, ցույցեր են անում եւ այլն, բայց հայտնվեցին իշխանության շարքերում: Եթե դու հայտարարես քեզ ընդդիմություն, բայց վատ աշխատես քո ընտրազանգվածի հետ, միեւնույն է հաջողություն չես ունենալու: Մայիսի 5-ից հետո շատ փոփոխություններ եղան, կտրուկ ավելացավ փողով քվեարկողների քանակը: Իսկ մոտակա չորս տարում Հայսատանից կհեռանա 250-300 հազար մարդ, քանի որ անհույս են, մտածում են ապագա չկա, այսինքն` փողով քվեարկողների թիվը շատանալու է եւ այս պարագայում իշխանություն, թե ընդդիմություն՝ էական չի լինելու»:
Բադալյանի խոսքով` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ շատերն ընտրել են Տարոն Մարգարյանին չհասկանալով, որ նա ՀՀԿ-ից է: Նա ասաց, թե երբ հարցնում ես՝ ինչո՞ւ եք ձայն տվել ՀՀԿ-ին, պատասխանում են, թե նրանց դեմ են, Տարոնին են ընտրել, այսինքն` «Մյուս կուսակցություններն իրենց քարոզարշավի ժամանակ լավ չեն կարողացել հասկացնել, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ից է: Իսկ եթե ճիշտ քարոզարշավ տարած լինեին, ապա Տարոն Մարգարյանն այդքան ձայն չէր հավաքի»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ինչպես նաեւ ոչ իշխանական ուժերին, ապա Բադալյանը գտնում է, որ նրանք քարոզարշավի ժամանակ սխալներ թույլ տվեցին, եւ իրենց մեխը դրեցին ՀՀԿ-ի վրա. «Իրենք իրենց ընտրական կամպանիան ճիշտ չանցկացրեցին ու մրցունակ դուրս չեկան: Իսկ թե հետագան ոնց կլինի՝ չեմ կարող ասել»:
Վերջում Բադալյանը հավելեց, որ ընտրազանգվածի մեջ խոտաբույսի մակարդակով բիոմասսան շատացել է:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ