Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ պետական քաղաքականության հիմքում դրվում է «ֆոկուսնիկությունը»

Մայիս 16,2013 12:12
hayrusgazard

Պետությունը (ավելի ճիշտ՝ գործող իշխանությունները) փորձելու է գազի թանկացման ալիքի վրա պահպանել դեմքը, և, ինչո՞ւ ոչ՝ մի քիչ էլ սեփական PR-ն անել՝ որպես «վատամարդ»։

Այսպես, «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ՝ 132 դրամ սակագինը 221 դարձնելու, իսկ խոշոր սպառողների համար՝ 243 դոլարը 392.05 դոլար դարձնելու համար։

Արդեն իսկ պարզ է, որ այդ սակագներն իրականություն չեն դառնա։ Ի վերջո, ՀՀ իշխանությունները՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, խոստացել են, որ գազի թանկացումը ցավոտ չի լինի (իսկ 67.4% թանկացումը ցավոտ է): Նախագահի խոսքը գետնով տալ չի կարելի։ Ի՞նչ է պետք անել դրա համար։

Նախ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «հերոսաբար» կպայքարի այդ հայտի դեմ, անարգանքի սյունին կգամի «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչներին՝ ոչ բավարար հիմնավորումների և ագահության համար։ Եվ հայրենասիրության դրոշը ձեռքն առած՝ կհասնի նրան, որ «ՀայՌուսգազարդը» «տեղի կտա»։ Ասենք՝ սակագինը 221 դրամից կիջեցնի՝ մինչև 200 կամ 190 դրամի:

Դրանից հետո էլ գործի կանցնի կառավարությունը և կհայտարարի, որ բնակչի կողքին է և սուբսիդավորելու է 190-200 դրամի մի մասը։ Ասենք՝ 30-40 դրամը։ Ու արդյունքում՝ բնակիչը ներկայիս 132 դրամի փոխարեն կվճարի ոչ թե՝ 221 (ինչի մասին այժմ նշվում է), այլ՝ 160-170 դրամ։ Բնականաբար, դա կներկայացվի որպես կառավարության մեծագույն ձեռքբերում։ Սակայն իրականում սա ընդամենը բեմադրություն է, քանի որ սպառման վերջնական գինը, որը հաստատվելու է մոտ մեկ ամսից, վերը նշված բեմադրության հեղինակները որոշել էին դեռ նախորդ տարի։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դեռ նախորդ տարվա վերջին «բերանից թռցրել էր», որ 2013թ. գազի սակագինը կվերանայվի։ Հիմա արդեն հարկավոր է վերը նշված սցենարը կյանքի կոչել։ Ինչպես և սպասվում էր, պետականամետ մի շարք վերլուծաբաններ արդեն իսկ սկսել են տարբեր ԶԼՄ-ներով «մեսիջներ» ուղարկել, թե ժամանակից շուտ ենթադրություններ մի արեք, գինը դեռ պետք է քննարկվի, եթե թանկանա՝ պետությունը կսուբսիդավորի, և այլն…

Հատկապես այս վերջինին՝ սուբսիդավորմանը, որի մասին մեզ վիճակված է լինելու լսել առաջիկա 1-2 ամիսների ընթացքում, արժե առանձին անդրադառնալ։

Սուբսիդավորում ասվածը, մանավանդ մեր պարագայում, ամենամեծ աճպարարությունն է։ Սուբսիդավորել՝ նշանակում է՝ գազ սպառողի փոխարեն՝ «ՀայՌուսգազարդին» գումարը վճարում է պետությունը։ Ասել է թե՝ վճարում են բոլոր հարկատուները՝ անկախ նրանից՝ գազ սպառո՞ղ են, թե՞ ոչ։

Ինչպես մեզ հետ զրույցում նշել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, սուբսիդավորում ասվածը սկզբունքորեն սխալ է, քանի որ պարտադրանքի տարրեր է պարունակում։ Այսինքն՝ ստացվում է, որ գազ չսպառողը պարտադրված է վճարել գազ սպառողի փոխարեն։

Սակայն Հայաստանի պարագայում ամեն ինչ ավելի աբսուրդային է։ Եթե հավատանք «ՀայՌուսգազարդի» տվյալներին, ապա գազիֆիկացման մակարդակը 95% է, և այդ ցուցանիշով մենք առաջատար դիրքերում ենք ԱՊՀ երկրների շարքում։ Այսինքն՝ գրեթե ողջ բնակչությունը գազ սպառող է։ Եվ միաժամանակ՝ հարկատու։

Ու ստացվում է՝ կառավարությունը բնակչությունից գումարը հավաքում է հարկերի տեսքով, հետո փոխանցում «ՀայՌուսգազարդին»։ Իմա՞ստը։ Չկա, որովհետև բնակիչը կարող էր ինքն էլ այդ գումարը փոխանցել գազ վաճառողին։ Տնտեսական արդյունավետության տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա։ Այն մի քանի տասնյակ միլիարդ դրամը, որը պետությունը պետք է ուղղի սուբսիդավորմանը, կարող էր ուղղվել սոցիալական ծրագրերին, թոշակների բարձրացմանը կամ առողջապահությանը։ Այսինքն՝ բնակիչը, այսպես թե այնպես, տուժում է։ Պարզ, շատ պարզ պատճառով, գազ մատակարարողը, այսպես թե այնպես, ստանալու է իր գազի արժեքը՝ լինի դա կառավարությունից, բնակչից, թե երրորդ միջնորդ կողմից։ Այդ փողը դուրս է գնալու ՀՀ տնտեսությունից՝ դեպի «ՀայՌուսգազարդ», այնտեղից՝ «Գազպրոմ»։

Այսքանից հետո՝ իրականությունը ներկայացնել այնպես, որ գազի թանկացման պարագայում ոչ ոք չի տուժում, պարզապես աճպարարություն է՝ սեփական դեմքը փրկելու համար։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031