Լրահոս
Օրվա լրահոսը

Գազին կհաջորդի էլեկտրաէներգիան

Մայիս 16,2013 11:29

Հուլիսի 1-ից վերջնական սպառողների համար գազի հնարավոր թանկացման ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագների վրա հնարավոր է մեղմել, թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այլ կարծիքի են։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ներկայացրած հայտով «ՀայՌուսգազարդն» առաջարկել է խոշոր գազասպառողների համար (ամսական ավելի քան 10 հազ. խմ) գազի սակագինը ներկայիս $243,13/1000 խմ-ից բարձրացնել մինչև $392,05/1000 խմ։ Խոշոր գազասպառողների, այդ թվում՝ էներգետիկ կայանների համար գազի 61,3%-ով թանկացումը առաջին հայացքից անխուսափելիորեն պետք է հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Սակայն ՀԾԿՀ «ՀայՌուսգազարդի» ներկայացված փաստաթղթերում առկա են որոշ տվյալներ, որոնք թույլ են տալիս պնդել՝ հուլիսի 1-ից վերջնական սպառողների համար գազի գնի 60% հնարավոր բարձրացումը կարող է և չհանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման (ներկայում բնակչության համար գիշերային սակագինը Դ20/1 ԿՎտժ է, ցերեկայինը՝ Դ30/1 ԿՎտժ)։

«ՀայՌուսգազարդի» իրացման ծավալների կառուցվածքից երևում է, որ ընկերությունը 2013թ. հուլիսից մինչև 2014թ. հուլիս չի պատրաստվում հայաստանյան երկու խոշոր ջէկերին՝ «Երևան ջէկին» և ՀրազՋԷԿ-ին գազ իրացնել։ Փոխարենը նույն ժամանակահատվածում 300 մլն խմ գազ կիրացվի համակցված ցիկլով շոգեգազատուրբինային «Հրազդան-5» կայանին։ «ՀայՌուսգազարդի» այս քայլերի դեպքում առկա են բոլոր հնարավորությունները՝ կանխելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։

Բանն այն է, որ Հայաստանում ամենաթանկ էլեկտրաէներգիան արտադրվում է ՀրազՋԷԿ-ում. 2012թ. սահմանված սակագներով՝ 1 ԿՎտ/ժ-ի սակագինը կազմում է Դ49,5։ Մյուս երկու կայաններում՝ «Հրազդան-5»-ում և «Երևանի ջէկում», էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է՝ Դ26 և Դ6,4 համապատասխանաբար։

Սակայն ՀԾԿՀ-ի մայիսի 15-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հաշվի առնելով 2013-2014 թթ. կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները՝ իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Ըստ էության՝ հանձնաժողովը բացառում է տարբերակը, որ վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացումը հնարավոր է կանխել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) մատակարարների փոփոխության ու Հայկական ատոմակայանի և Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արտադրած էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման ճանապարհով։

Բացառվել է նաև վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեղմելու տարբերակը «Երևանի ջէկի» միջոցով։ Կայանն աշխատում է «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով՝ 1 խմ իրանական գազի դիմաց արտահանելով 3 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ընդ որում՝ ջէկի նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը հնարավորություն է տալիս 1 խմ գազից արտադրել մոտ 5 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Սա նշանակում է, որ իրանական գազից արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան կարող է իրացվել ներքին շուկայում։

Առայժմ դժվար է հստակ նշել, թե վերջնական սպառողների համար որքանով կթանկանա էլեկտրաէներգիան. ամենամոտավոր հաշվարկներով՝ 1 Կվտ/ժ-ի սակագինը կարող է բարձրանալ Դ5-10-ով։

Բայց եթե էլեկտրաէներգիայի հարցում իշխանությունները ինչ-որ քայլեր ձեռնարկելու և գնաճը կանխելու հնարավորություն ունեն, ապա հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումն անխուսափելի է թվում։

Բանն այն է, որ հասարականան տրանսպորտը օգտագործում է ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) գազը, որը թանկանալու է։ Մոտավոր հաշվարկներով՝ ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազը կթանկանա մոտ 65%-ով՝ մինչև Դ270։ Հասկանալի է, որ նման թանկացումը երթուղիները սպասարկող ընկերություններին ստիպելու է սակագները բարձրացնել առնվազն Դ50-ով։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով այն, որ հասարակական տրանսպորտի սակագներն անփոփոխ են շուրջ տասը տարի, չի բացառվում, որ ուղեվարձը կրկնակի բարձրանա։

Արմենակ Չատինյան

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031