Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում շարունակում են ԲՀԿ-ին փչելու գործընթացը, որովհետև նահանջելու տեղ պարզապես չունեն

Մայիս 16,2013 11:16

Գագիկ Ծառուկյանը բավական անհարմար դրության մեջ է դրել շատերին և ԲՀԿ-ում, և նաև ԲՀԿ-ի կցորդի վերածված ՀԱԿ-ում: Բանը հասել է անգամ այնտեղ, որ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենք իրենց որակումների տերն են և իրենց կողմից ԲՀԿ-ին տրված որակումները միգուցե ավելի ճիշտ են, քան այն, ինչ ասում է Ծառուկյանը: Այսինքն` ըստ ՀԱԿ-ի, Ծառուկյանն ինքն էլ չգիտե, թե ինչ է ասում կամ խոսում:

ՀԱԿ-ի դիրքորոշումը, իհարկե, հասկանալի է: Կուսակցությունը վերջին շրջանում իր քաղաքական ամբողջ մարտավարությունը կառուցել է ԲՀԿ-ի վրա հենվելով և հիմա եթե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի տակից դուրս բերվի, ապա ՀԱԿ-ը կհայտնվի գետնին՝ բերանքսիվայր: Սրան գումարվում է և այն, որ ՀԱԿ-ի առաջնորդը խնդիր ունի սեփական քաղաքական սխալականությունն ու վրիպումները հրապարակայնորեն ընդունելու հետ կապված: Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկա, որ ՀԱԿ-ում շարունակում են ԲՀԿ-ին փչելու գործընթացը, որովհետև նահանջելու տեղ պարզապես չունեն, իսկ լռելն էլ մի տեսակ կարող էր առավել անհարմար բան ստացվել:

Սակայն, այս ամենով հանդերձ, անհարմար վիճակում հայտնվում է Գագիկ Ծառուկյանը: Ըստ ՀԱԿ-ի կամ գոնե ըստ Լևոն Զուրաբյանի` ստացվում է, որ Ծառուկյանն ինքն էլ չգիտե, թե ինչ է խոսում, կամ էլ հրապարակավ սուտ է խոսում, խաբում է հասարակությանը: Գագիկ Ծառուկյանի խոսնակը երեկ խոստացել է, որ նա առաջիկայում հանդես կգա առավել հանգամանալից բացատրություններով: Առայժմ բացատրություններով հանդես են գալիս նրա մի շարք կուսակցական ընկերներ և փորձում են հնարավորինս հղկել, սվաղել Ծառուկյանի հայտարարությունների սուր անկյունները:

Նրանց էլ, իհարկե, կարելի է հասկանալ: Վերջին հաշվով, Գագիկ Ծառուկյանն իր բիզնես շահերն է պաշտպանում, իսկ սեղանին դրված են նաև նրան ամեն կերպ ազգի փրկիչ ներկայացնելու հաշվին ապրող մարդկանց կենցաղային պարզ շահերը: Ծառուկյանը հայտարարելով, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի կարող լինել, այս շահերն է առաջին հերթին ոտնահարել, ոտնահարել է քաղաքականությունը որպես փեշակ գործածելու նրանց հեռանկարները: Եվ հիմա երևի նրանք իրենց առաջնորդին փորձում են բացատրել, որ նա ազնիվ չի վարվել առաջին հերթին իրենց հանդեպ, և որ անհրաժեշտ է մի քիչ մեղմել հարվածը, ինչն էլ երևի թե կփորձի անել ԲՀԿ-ի առաջնորդը առաջիկայում խոստացած իր պարզաբանումներում:

Սակայն այս ամենն արդեն իսկ ավելորդ և անիմաստ են դարձնում այդ պարզաբանումները, այն բանից հետո, երբ իր քաղաքական հայտարարությունների և մեսիջների հարցում նման անլուրջ վիճակում է հայտնվում իր մեծությամբ երկրորդ ուժը համարվող կուսակցությունը, որը ոչ մի հարցում չի կարողանում որևէ բան մեկ անգամից և պարզ կերպով փոխանցել հասարակությանը: Նման պայմաններում, պարզաբանումներ կլինեն, թե հետո կլինեն պարզաբանումների պարզաբանումներ, կամ պարզաբանումների պարզաբանումների պարզաբանումներ, արդեն երևի թե լրագրողներից բացի` ոչ մեկին չի էլ հետաքրքրում:

 

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031