Կան քաղաքական գործիչներ, որոնց խոսքը մեկնաբանել, դրանց խորքերում ինչ-որ բան պեղել՝ նշանակում է անիմաստ ժամավաճառությամբ զբաղվել։ Գագիկ Ծառուկյանն այդ կարգի գործիչների ամենավառ ներկայացուցիչն է։ Նրա սրտում եղածը լեզվի ծայրին է։ Նմաններին ժողովուրդն ասում է՝ դուզ խոսող մարդ։ Եթե քաղաքական ասպարեզ իջնելուց մինչ օրս Գագիկ Ծառուկյանն այնպիսի բան է ասել, որ նույնիսկ 4-րդ դասարանի երեխայի ինտելեկտը չի բավարարել հասկանալ նրա ասածը, ապա ես ներողություն եմ խնդրում։
Մայիսի 14-ին նա լրագրողներին հստակ ասաց. «Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել։ 3-4 ընդդիմադիր կուսակցություններ կան, ի՞նչ կարիք կա, որ դրանք լինեն 5 եւ ավելի»։ Ի՞նչ եք կարծում, Գագիկ Ծառուկյանը շատ խորիմաստ բա՞ն է ասել։ Իհարկե՝ ոչ։ Մարդն ասել է այն, ինչ մտածում է, իր կուսակցության մասին խոսել է իր իմացածով եւ վերջ։ Բնական է, որ ԶԼՄ-ները պետք է իրար անցնեին Ծառուկյանի այս հայտարարության պատճառով։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններում լրջագույն հաջողություններ արձանագրեց հենց միայն այն պատճառով, որ իր ընդդիմադիր պահվածքով հետաձգում էր այդ հարցի պատասխանը՝ այն թողնելով հաջորդ դասին։ Երեւանի ավագանու ընտրությունների նախօրյակին Վարդան Օսկանյանն ընդհանրապես խոսեց ընդդիմություն անցնելու անհրաժեշտությունից, հիշո՞ւմ եք։ Եվ հիմա, երբ ընտրությունները վերջացել են, Գագիկ Ծառուկյանն ասում է՝ ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ բան, այ ձեր ցավը տանեմ։ Այսքանից հետո ո՞վ լինի հայ լրագրողի ու հայկական ԶԼՄ-ի փոխարեն, որ չտժժա։ Եվ սա դեռ բոլորը չէ։
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի այդ խորիմաստ միտքը ԶԼՄ-ներն ու առանձին գործիչներ համատեքստից դուրս են քննում ու քննարկում։ Շատ ներողություն, բայց իմ նախկին կոլեգային մի հարց տամ՝ Նաիրա ջան, «ո՞ւր ա ընդեղ համատեքստ», մարդը պարզ ասել է՝ все решено…
… Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Գագիկ Ծառուկյանն իր արտասանած պարզ համառոտ նախադասությամբ, ի շարս շատ այլ բաների, փորձել է նաեւ ասել. «Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից»։ Մի պահ համաձայնենք։ Բայց ինչպիսի՞ այլընտրաևք է ԲՀԿ-ն, որն այդ նույն օրը օգտվում էր իշխաևոլթյան ոչ ստվերային բարեհաճությունից ու բացում էր աշխարհի ամենաշքեղ օբյեկտը։
Կարդացեք նաև
Եվ դարձյալ ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Գագիկ Ծառուկյանը ցանկացել է նաեւ ասել. «Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը խիստ կոնկրետ հարցերի շուրջ օրվա տարբեր ժամերի ունի տարբեր տեսակետ՝ կախված իշխանական տարբեր հոսանքներից»։ Է, մի եղեք այդպիսի ընդդիմություն։ Ո՞վ է պարտադրում լինել հենց այդպիսին։ Ու, այ քեզ բան, երբ համեմատում եմ Նաիրա Զոհրաբյանի այս խրոխտ միտքը աչքովս տեսած պաչպռոշտիի հետ, որ տեղի էր ունենում Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, հանգում եմ մի պարզ հետեւության՝ ԲՀԿ-ն կարող է լինել միայն այլընտրանք, որը խիստ կոնկրետ հարցերի շուրջ օրվա տարբեր ժամերի ունի տարբեր տեսակետ։ Այլապես ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը ժամը 3-ին գրկել վարչապետին, եթե ԲՀԿ-ն ընդամենը 2 ժամ առաջ նրան տիրացու ու եսիմ ինչ էր ասում։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հրապարակ»
Լուսանկարը՝ «168 ԺԱՄ»-ից