Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն իշխանության հետ միասին ոչնչացրեց ընդդիմադիր դաշտը

Մայիս 16,2013 10:36

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախօրեին արած հայտարարությունը սառը ցնցուղ էր Հայաստանի ընդդիմադիր դաշտի, հատկապես ՀԱԿ և Դաշնակցություն կուսակցությունների համար: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը Աբովյանում իր կառուցած եկեղեցու օծման արարողությունից առաջ հայտարարել էր, թե «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ»:

Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարում այդ երկու ուժերն իրենց քաղաքական քայլերը համաձայնեցնում և ինչ-որ տեղ նաև համապատասխանեցնում են ԲՀԿ-ի դիրքորոշումների հետ: Որքան էլ ցավալի է, ՀԱԿ-ի նման հզոր շարժումը, որը ձևավորվեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում, շուրջ 2 տարի է, իր քաղաքական առաջընթացը կապում է նույն իրողությունների պատասխանատուներից մեկի՝ ԲՀԿ-ի հետ: Երկու տարի է, ինչ փորձում է իշխանություններից կտրել ԲՀԿ-ին ու դարձնել ընդդիմություն, սակայն չի կարողանում դա իրականություն դարձնել: Գ. Ծառուկյանն իր հայտարարությամբ հօդս ցնդեցրեց նրանց բոլոր հույսերը: Եվ որքան էլ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը պնդի, որ ԲՀԿ-ն իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ, միևնույն է, այդ կուսակցության գործունեությունը ընդդիմադիր դաշտում չէ: Հայաստանյան քաղաքական իրավիճակում ինչպես կարող է ընդդիմադիր կուսակցության ղեկավարն ունենա ահռելի բիզնեսներ, որոնք գործում են արտոնյալ պայմաններում և ոչ ամբողջությամբ հարկային դաշտում: Կամ ընդդիմության ղեկավարն ինչպես կարող է գործող և նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանի հրավիրել ճաշկերույթի, և նրանք էլ ընդունեն այդ հրավերքը:

Այստեղ արդեն ակնհայտ է, թե այդ ուժերից ովքեր են միմյանց ընդդիմադիր: ԲՀԿ-ն ավելի շուտ ՀԱԿ-ին ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին է ընդդիմադիր, քան թե Սերժ Սարգսյանին: Վերջինս նրանց համար շարունակում է մնալ «նախագա ջան»: Իսկ իշխանության մեջ էլ ԲՀԿ-ն ընդդիմադիր է ոչ թե ամբողջ կառավարությանը, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որովհետև ցանկանում էր այդ պաշտոնը ձեռք բերել Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի կամ իրենց կողմից ավելի ընդունելի մեկի համար: Վարչապետի պաշտոնը նշված մարդկանց համար ձեռք բերելը թերևս ԲՀԿ-ի համեմատաբար թեթև վնասը կարող է համարվել մեր երկրի համար այն բանի համեմատությամբ, թե ինչպես է այդ կուսակցությունը հետևողականորեն ոչնչացնում ընդդիմադիր դաշտը: Բնականաբար՝ իշխանությունների հետ միասին: Այս պարագայում երբեմն տպավորություն է առաջանում, թե ԲՀԿ-ն ավելի շուտ իշխանությունների հետ պայմանավորված է գործում: Իշխանությունները ամեն կերպ ջլատեցին ընդդիմությանը, ընդդիմությունն էլ իր հերթին չկարողացավ դիմակայել այդ գործընթացին: Իսկ այն, ինչ չկարողացան կամ հապաղեցին անել իշխանությունները, արեց ԲՀԿ-ն իր ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Ծառուկյանը թե՛ ՀԱԿ-ին, թե՛ ՀՅԴ-ին հույս ներշնչեց, որ քաղաքական գործընթացներում կաջակցի նրանց կամ կմիավորվի նրանց հետ: Նախ այդ հույսը ներշնչեց անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ, որոշ քաղաքական համագործակցություններով, Հմայակ Հովհաննիսյանի միասնական շտաբով ընդդիմադիր կեցվածք ընդունեց: Այդ հանդիպումներով ու դրանց հետևող կիսաքննադատական հայտարարություններով ԲՀԿ-ն և՛ այդ ուժերի ընդդիմադիր ձայների մի մասը տարավ, և՛ իշխանությունների համաձայնությամբ ընտրակաշառք բաժանելով ու «տրակտոր» օպերացիա իրականացնելով այլ ընտրազանգված ապահովեց ու ԱԺ-ում ավելի շատ մանդատներ ձեռք բերեց:

Ավելի ուշ` արդեն նախագահական ընտրություններից առաջ, աշնանը քաղաքագիտության համար անհայտ «այլընտրանքի» անվան տակ շռնդալից քարոզարշավ սկսեց: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հուսով էին, որ ահա, կհամագործակցեն ու միասնական թեկնածու կառաջադրեն, ով էլ, որ նա լինի, և այդպիսով լուրջ հակակշիռ կլինեն ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Տարատեսակ քաղաքական կոնսուլտացիաներ սկսեցին, անիմաստ ու անպտուղ հանդիպումներ ու հայտարարություններ արեցին, ԲՀԿ-ն այդ ընթացքում ստորագրեց ՀԱԿ-ի կամ ՀՅԴ-ի որոշ նախաձեռնությունների տակ, դեմ քվեարկեց Բյուջեի մասին օրինագծին ու մի քանի այլ նախագծերի: Արդյունքում ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին թվաց, թե ահա այդ կուսակցությունը ընդդիմություն է, պետք է սպասել նախագահական ընտրություններին, որ միասնական ջանքերով իշխանություն վերցնեն: Բայց այստեղ էլ Ծառուկյանն այլ կերպ հուսախաբ արեց ընդդիմությանը՝ ոչ թեկնածու առաջադրեց, ոչ էլ պաշտպանեց այդ կուսակցությունների հնարավոր թեկնածուներից մեկին:

Նույնը վերաբերում է նաև վերջին՝ Երևանի ավագանու ընտրություններին: Սուր քննադատություններով ու կոշտ ելույթներով ԲՀԿ-ն թունդ ընդդիմադիր քարոզչություն տարավ: Այդ ուժի քննադատությունը, սակայն, շատ հաճախ անհասցե էր, լավագույն դեպքում ուղղված՝ նույն Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնի պահանջի շրջանակներում: Որևէ անգամ Գագիկ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ի որևէ պատգամավոր չփորձեց իշխանության թիվ մեկ պաշտոնյային՝ Սերժ Սարգսյանին, գոնե մի թեթև քննադատել: Եվ այս ընտրություններին նույնպես ԲՀԿ-ն այդպես մոլորեցնելով ընդդիմությանը՝ մտավ Երևանի ավագանու կազմ: Իսկ նրա հետ հույսեր կապող ու նրա գործունեությունը սպասարկող ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ընդհանրապես պարտվեցին:

Այսքանից հետո անհնար է չմտածել, որ ԲՀԿ-ն իշխանությունների հետ միասին հետևողականորեն ոչնչացնում է ընդդիմադիր դաշտը: Չէ՞ որ ընդդիմության հետ համագործակցության արդյունքում այդ կուսակցությունը բավականին խորամանկ կերպով իրեն քաշելով նրանց ընտրազանգվածը՝ նրանց գրեթե դուրս մղեց քաղաքական պրոցեսներից: Փաստորեն ԲՀԿ-ն այսօր հասարակության ու քաղաքական դաշտում զբաղեցրել է ընդդիմության տեղը, զուգահեռաբար նաև վայելում է իշխանական բարիքները՝ ընդլայնելով բիզնես գործունեությունը: Արդյունքում այսօր քաղաքական դաշտում երկու ուժեղ խաղացողներ են մնացել` իշխանական ՀՀԿ-ն ու այլընտրանքա-ընդդիմադիր ԲՀԿ-ն՝ ընդդիմադիր ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը» թողնելով իրենց հետ կամ առանձին աղոթելու հնարավորությունը: Եվ առաջիկա 4-5 տարիներին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` մեկը իշխանական, մյուսը` ընդդիմադիր դիրքերից կիսելու են քաղաքականությունը, որպեսզի արդեն 2017-2018թթ. լուրջ մրցակիցներ չունենան: Իսկ թե այդ քաղաքականության ընթացքում ի՞նչ փշրանքներ բաժին կհասնի մյուս երեք ուժերին` արդեն կարելի է ենթադրել, և դժվար է մտածել, որ ԲՀԿ-ն իշխանությունների հետ պայմանավորվածության շրջանակներում չի փչացրել ընդդիմադիր դաշտը: Իսկ այսքանից հետո ՀԱԿ-ը թող նորից հայտարարի, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, և այդ ուժին կարողացել է պոկել իշխանությունից:

Եսայի Արարատյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031