Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մորեխները վնասում են Մեղրու այգիների բերքը

Մայիս 15,2013 23:12

Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղի այգիներում արդեն մեկ շաբաթից ավելի է մորեխները հարձակվում են այգու բերքի վրա՝ փչացնելով նոր հասունացող պտուղները, ծառերի տերեւներն ու շիվերը: Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանի տեղեկացմամբ՝ գուղի այգիներում տարածված մորեխները 3 տեսակի են ու տարբեր չափերի, որոնց դեմն առնելու համար արդեն դեղ են ձեռքբերել եւ սրսկումներ են իրականացնում:

kerac-mirg

«Հիմնականում արաքսամերձ այգիներում են մորեխները տարածված,  ծիրանի ցոգոլն են ուտում, խաղողի ողկույզները, ծառերը փչացնում: Գյուղի ներքեւի գոտու այգիների 15-20 տոկոսն էդ վիճակում է, հենց նկատեցինք երեւույթը անմիջապես մեր միջոցներով քիմիկատներ ձեռքբերեցինք ու սրսկումներ արեցինք, գրեթե դեմն առել ենք: Անցած տարի էլ էին այգիները տուժել մորեխների պատճառով, իմ այգու ծիրանի 90 տոկոսը վարի տվեցին, քանի որ դեղը մինչեւ բերեցին տեղ հասցրեցին արդեն շատ ուշ էր… », – նշեց Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը:

Վնասատու մորեխները մոտ 10 օր է ակտիվացել են նաեւ Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղում: Գյուղապետն ասում է, որ դեռ մեծ թափ չեն ստացել, սակայն անցած տարվա վնասները չկրելու համար հիմիկվանից դեղորայքով սրսկումներ են իրականացում այգիներում: Անցած տարի Նռնաձորում բերքի 30-40 տոկոսը վնասվել էր մորեխների հարձակումներից, վերջիններս կրծել եւ փչացրել էին շուկայական բերքը, մոտ 50 տոկոսի չափով ծիրանի բերքն էր նաեւ վնասվել: Նռնաձորում հիմնականում նուռ են աճեցնում,  քիչ տոկոս են կազմում ծիրանն ու խաղողը:

Գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանի խոսքով՝ մորեխներն այս տարի ավելի շուտ են գլուխ բարձրացրել եւ քանի դեռ առաջվա պես մեծ ակտիվություն չեն ցուցաբերել, մտադիր են մասսայական սրսկումներ իրականացնել գյուղի այգիներում, քանի որ խոնավությունը նվազելուն պես մորեխները մեծ թափ են ստանալու ու ակտիվորեն գործի են անցնելու: Նռնաձորում եւս գյուղացիներն իրենց սեփական միջոցներով են խնդիրը լուծում, ոչ մի տեղից օգնություն չեն ստացել դեռեւս:

«Մենք մեր միջոցներով ենք դեղեր առնում ու սրսկում, առայժմ դրսից օգնություն չի եղել: Այս տարի շուտ սկսվեց ակտիվությունը, արդեն 2-րդ տարին է մորեխները այգիներին վնաս են տալիս. նռան պտուղներն են ուտում, մատղաշ շիվերն են կրծում ու դրանց աճը կանգնեցնում: Սրսկումներ մի քանի հոգով անում ենք, բայց դա քիչ է, պիտի կազմակերպեմ մասսայական անենք, որ կանխվի էս երեւույթը, թե չէ՝ անցած տարվա նման նույն պրոբելմի առաջ ենք կանգենլու, իսկ անցած տարի խայտառակ վիճակ էր մեզ մոտ: Նռնաձորի այգիներում 2 տեսակի մորեխներ են հանդիպվում հիմա՝ տեղական փոքր մորեխները եւ մեծ չափեր ունեցող մորեխները, վերջիններս էլ հենց հիմնական վնասատուներ են համարվում: Այս պահին մորեխները ցածր գոտիներում են՝ Ալվանքում, Նռնաձորում, Շվանիձորում, բայց նկատել եմ, որ դրանք քոչում են եւ հունիսի 10-ից հետո շատ հնարավոր է աստիճանաբար արդեն բարձրանան վերեւի գոտիները»,- ասաց Նռնաձորի գյուղապետը եւ հավելեց, որ այս տարի բացի մորեխներից՝ իրենց գյուղի այգիներում լայն տարածում են գտել նաեւ  վնասատու թրթուրները: Գուղապետի փոխանցմամբ՝ այսքան տարիների ընթացքում գյուղի այգիներում վնասատու թրթուրներ երբեւէ չեն եղել, սա իրենց մոտ արձանագրված առաջին դեպքն է:

Իսկ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք ծանոթ են  մորեխների հետ կապված խնդրին, մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրություններ արել ու ծանոթացել իրավիճակին:

Սակայն, ինչպես պարզվեց, գյուղացիներին դեղամիջոցներով աջակցություն չի եղել մինչեւ օրս, ուստի այգու տերերն անձամբ են լուծում խնդիրը եւ սեփական միջոցներով փորձում կանխել մորեխների հետագա ակտիվությունն ու տարածումը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031