«Թատերական աշխարհը անկեղծ աշխարհ է, քանի որ կյանքը ներկայացնում է անկեղծորեն ու ճիշտ՝ իր դառնություններով հանդերձ»,-ասում է 19-ամյա Նորայր Աղայանը: Նա համամիտ է այն կարծիքի հետ, որ կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան . «Կյանքը բարձրանում է բեմ, պարզապես այլ կերպ է մատուցվում: Բեմը հորիզոնական կերպով փոխանցում է իր ասելիքը»,-ասում է նա: Նորայրը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մանաճյուղում՝ երրորդ կուրսում: Դերասանական արվեստի հանդեպ սերը ծագել է պատանեկության տարիներին: Այդ ժամանակ էլ նպատակադրվել է սովորել այդ մասնագիտությամբ .«Ուզում էի ապացուցել հարազատներիս և առհասարակ մարդկանց, որ ես այս կյանքում կարող եմ իմ ուժերով ինչ-որ բանի հասնել, դառնալ այնպիսի մարդ, ում բոլորը կճանաչեն ու կհարգեն»: Նրա խոսքով՝ թատրոնը իրեն ոչ միայն նոր ընկերներ ձեռք բերելու, այլև մարդկանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն է տալիս. «Ես առաջին հայացքից կարող եմ հասկանալ՝ տվյալ մարդը լա՞վն է, թե՝ վատը»,-ասում է Նորայրն ու հավելում՝ թատրոնը փոխել է իր կյանքն ու մտածողությունը,-ես հիմա ավելի անկեղծ ու համեստ մարդ եմ»: Հավաստիացնում է ՝ արվեստը փոխում է մարդուն. «Հնարավոր է ՝ թատերականի ուսանողը լավ դերասան չդառնա, բայց կդառնա լավ հանդիսատես, լավ մարդ»: Ըստ նրա՝ կյանքում ամենից դժվար մասնագիտությունը լավ մարդ լինելն է: Նորայրը չի ցանկանում հետագայում երկրպագուներ ունենալ, քանի որ իր կարծիքով մարդը ստեղծված չի, որ նրան երկրպագեն. «Ես պարզապես կցանկանամ, որ ինձ ընդունեն այնպիսին, ինչպես կամ: Ես երբեք չեմ գոռոզանա: Կմնամ նույն մարդը, պարզապես ծանոթություններիս շրջանակը կմեծանա»,-ասում է նա: Մեր հարցին, թե երբևէ զավեշտալի դեպքեր պատահել են իր հետ բեմում, Նորայրը պատասխանում է. «Այլ է, երբ օրը մեկ անգամ ես խաղում այդ ներկայացումը և այլ է, երբ մի քանի անգամ ես խաղում: Սովորաբար երրորդ բեմադրության ժամանակ մենք մեզ մի փոքր չարաճճիություններ ենք թույլ տալիս: Սկսում ենք իմպրովիզներ, նաև կատակներ անել: Իսկ մարդիկ չեն հասկանում, մտածում են՝ դա է բեմադրությունը: Օրինակ՝ մի անգամ ինձ վիճակված էր բժշկի դեր խաղալ, և ես, օգտվելով առիթից, ներարկիչով սրսկեցի հիվանդիս»:
Նորայրն հավաստիացնում է ՝ կյանքում երբեք դերասանություն չի անում, քանի որ դա, ըստ նրա, սխալ է . «Սխալ է նաև հայելու առաջ փորձեր անելը: Թատերական աշխարհը կոլեկտիվ աշխատանք է պահանջում»: Նորայրը մեջբերում է Կոստանտին Ստանիսլավսկու դասակարգումը, ով դերասաններին բաժանում է երկու խմբի. «Կան երկու տեսակ դերասաններ՝ վերապրման և ցուցադրման: Վերապրման՝ երբ դերասանն ամեն անգամ ենթագիտակցորեն վերապրում է այդ դերը, իսկ ցուցադրման՝ երբ մի անգամ կատարում է դերը և ամեն անգամ հիշելով խաղում»: Հայ դերասաններից նա առանձնացնում է Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի և այլոց անունները. «Մենք պետք է հարգենք մեր մեծերին և նրանց տեղ տանք կյանքում: Չենք կարող մոռանալ նաև Պետրոս Ադամյանին, ով մեզ մոտ առաջինն է Համլետ խաղացել»: Մեր հարցին, թե արդյոք կցանկանար ինքը ևս Համլետի դերակատարը լինել, Նորայրը պատասխանում է . «Ես մտածում եմ, որ դեռ չեմ կարող Համլետ խաղալ, որովհետև Համլետ պետք է զգալ»:
Որքան էլ զարմանալի է՝ Նորայրի ծնողները նրան երբեք չեն տեսել բեմում խաղալիս, քանի որ ինչպես ասում է. «Ես ուզում եմ, որ իմ ծնողներն ինձ բեմում տեսնեն այն ժամանակ, երբ ինքս զգամ, որ պատրաստ եմ, որ դերասան եմ»: Չնայած դերասանական արվեստի հանդեպ իր մեծ սիրուն՝ Նորայրը չէր ցանկանա, որ իր երեխաները շարունակեն իր ուղին. «Սոված դերասան» արտահատությունն հիմնականում ասվում է ոչ թե նրա համար, որ դերասանները փող չունեն, այլ այն պատճառով, որ ժամանակ չունեն: Չնայած արվեստագետները նաև ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք նրանց վրա շատ են ազդում,-ասում է Նորայրն ու հավելում,- «Դերասանը չպետք է մտածի , թե ինչ անի, որ իր տուն փող մտնի, իր երեխաները քաղցած չմնան: Միայն թատրոնում աշխատելով ես չեմ կարող հոգալ նույնիսկ միայն իմ մասին: Թատրոնի դերասանի աշխատավարձը հազիվ է բավականացնում վճարելու կոմունալ վարձերը»: Նորայրի խոսքով ՝ ծայրահեղ դեպքում ինքը կփորձի համատեղել դերասանի գործն այլ աշխատանքի հետ: Հնարավոր է նաև խաղալ սերիալում, չնայած իր խոսքով՝ սերիալում իսկական դերասանները շատ քիչ են. «Ենթադրենք մեկ՝ դերասանի համար նախատեսված է 10 000 դրամ: Դերասանը գիտի օրենքներն ու կարգը, թե ինչպես պետք է վարվի, իսկ շատ դեպքերում դա ռեժիսորին ձեռնտու չէ: Նա կհրավիրի արևածաղիկ վաճառողին, կվճարի 3000 դրամ ու սերիալը պատրաստ է: Եթե ես ֆինանսական խնդիրներ ունենամ, այդ մարդկանց հետ կխաղամ նաև սերիալում, իսկ եթե ամեն բան լավ լինի, կմնամ միայն թատրոնում»:
Ի դեպ Նորայրը մտադիր է շարունակել ուսումը մագիստրատուրայում ՝Ռեժիսուրիայի բաժնում. «Երկու իրար մոտ, բայց և տարբեր մասնագիտություններ են: Ամեն մարդ չի կարող ստեղծագործել: Ամեն դեպքում դա ևս կփորձեմ» :
Նազենի Բաղդասարյան