Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի երկրորդ դեմքը արձագանքել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի բողոքներին՝ կապված հայերի, ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունելուն: Գրում է «Ասիրիան» լրատվական գործակալությունը:
Մարի Ֆիկարը պատասխան նամակում հերքել է մեղադրանքները, թե «նահանգային խորհրդարանի նիստին քիչ պատգամավորներ են մասնակցել»:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ հայտարարությունը սխալ է և նիստի արձանագրությունը ցույց է տալիս դա», – գրել է նա:
Ֆիկարը հերքել և վիրավորական է համարել հյուպատոսի հայտարարությունը, թե այս բանաձևն ընդունվել է «մանր քաղաքական հաշվարկներով՝ ազգային լոբբիստական խմբերի ճնշմամբ, որոնք հայտնի են իրենց նախապաշարումներով»:
Կարդացեք նաև
Նա նշել է, որ Գալիպոլին (թերակղզի Թուրքիայում, հայտնի է Առաջին համաշխարհայինի ժամանակ տեղի ունեցած ճակատամարտով) քաղաքականացնելը անընդունելի և անմիտ քայլ է. «Մեկնաբանությունները, թե «Չանակալեի (Գալիպոլի) արարողությունները տեղ չունեն, որտեղ մենք կողք կողքի պառկած մեր ոդրիներին հարգանքի տուրք ենք տալիս», միայն նվազեցնում է Թուրքիայի նկատմամբ վստահությունը և բարի համբավը: Ես դատապարտում եմ նման ավելորդ մեկնաբանություններն ու գործողությունները», – գրում է նա՝ մերժելով նաև տեսակետը, թե խորհրդարանի ընդունած բանաձևը «ատելության քարոզ» է:
«Այս քայլը ժամանակակից Թուրքիային սևացնելու նպատակ չունի, այլ պաշտոնապես հայտարարելու անհերքելի պատմական ճշմարտությունն ու պատշաճ ձևով ճանաչելու նրանց, ովքեր տուժել են այդ խայտառակ վայրագություններից», – եզրափակում է Ֆիկարը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ