Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակների եւ նպաստների հարցը՝ ԱԺ հանձնաժողովում

Մայիս 15,2013 17:59

Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով, որով վերանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարը, հետեւաբար նաեւ սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը:

Հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նաեւ նախագծի կարգավորման առարկան, ըստ որի`սահմանվում է, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից, իսկ գործատուն նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին, հաջորդը` եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի՝ ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում եւ վճարում է լիազոր մարմինը՝ հաշվի առնելով, որ այդ գործատուները ազատված էին իրենց վարձու աշխատողների համար պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափում հաշվառվում է նաեւ նվազագույն ամսական աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն ՝ ընդգրկելու ԱԺ երրորդ նստաշրջանի եւ մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ տեքստը փոփոխության չի ենթարկվել, միայն ՀՀ օրենքով հարկվող, գործունեության տեսակներ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար ոչ թե 1000, այլ 5000 դրամի չափով, որը համարվում է օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ԱԺ մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031