Մայիսի 26-ին «Հեծանիվ +» ՀԿ-ն «Հայասի» ՀԿ-ի հետ համատեղ մայրաքաղաքում կանցկացնի հեծանվային մրցույթ, որին կմասնակցեն մոտ 300 հեծանվորդներ: Նման իրադարձություն մեր մայրաքաղաքում դեռ չի եղել: Հեծանվորդները շուրջ մի քանի ժամ կվարեն իրենց հեծանիվները և անտարբեր չեն թողնի ոչ ոքի:
«Հեծանիվ +» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը համոզված է, որ դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում իրենց կմիանան մի քանի տասնյակ մարդիկ` հեծանիվ գնելու և հեծանվորդների խմբին միանալու համար:
Որպես կանոն, «Հեծանիվ +» -ը շաբաթ օրերին կազմակերպում է անվճար դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հեծանիվ վարել: Իսկ ահա կիրակի օրերին կազմակերպվում են նաև արշավներ: Այն մարդիկ, ովքեր սովորում են հեծանիվ վարել և ծանոթանում են երթևեկության կանոներին, այնուհետև մասնակցում են պրակտիկ արշավների և փորձում կողմորոշվել երթևեկության մեջ:
Ինչպես նշում է կազմակերպության նախագահը` անփորձ մարդկանց համար սկզբում մի փոքր վտանգավոր և նույնիսկ վախենալու է թվում հեծանիվ վարելը, սակայն թե՛ փորձառու թիմակիցների, և թե՛ իմ օգնությամբ բոլորն էլ հասնում են արդյունքի: «Երբ բոլորս միասին ենք շատ հաճախ մեքենաների վարորդները սկսում են ավելի զգոն լինել և նույնիսկ զիջում են ճանապարհը և ահա այդ ամենը տեսնելով, զգալով հեծանվորդները սկսում են կամաց-կամաց հմտանալ և մի քանի արշավից հետո, արդեն յուրաքանչյուրն էլ համարձակորեն կարողանում է ինքնուրույն դուրս գալ փողոց և երթևեկել մեքենաների հետ հավասար իրավունքներով: Անգամ այդ դեպքում ձգտում ենք այնպես անել, որ վարորդները սկսեն հետևել երթևեկության կանոններին և փորձեն էլ ավելի ուշադիր լինել»,- ասում է նա:
2006թ-ից սկսած «Հեծանիվ +» հասարակական կազմակերպությունը մի քանի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվում են բնապահպանական հեծանվաերթեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, ընդհուպ մինչև Թեղուտ: «Լինելով բնապահպաններ՝ մենք ընտրեցինք հեծանիվը, որպես էկոլոգիապես ամենամաքուր փոխադրամիջոց, քանզի այն իր շահագործման ընթացքում վառելիք չի օգտագործում և օդը չի աղտոտումՙ, հեծանիվը նաև շատ լավ միջոց է առողջությունը վերականգնելու, պահպանելու, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և կոփելու համար»,- ասում է Սամվել Հովհաննիսյանը:
Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել հեծանվային մշակույթը և այդ նպատակին հասնելու համար մենք տարաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում:
Սամվելը Հովհաննիսյանը շուրջ 10 տարի զբաղվել է հեծանվային սպորտով, այնուհետև սպորտային կարիերան ավարտելուց հետո աշխատանքի է անցել իր հայրիկի հիմնադրած հեծանիվների արտադրամասում և մինչև այսօր աշխատում է այնտեղ: Ինչպես նա է պատմում, իր ամենաերկար ճանապարհը, որը հաղթահարել է հեծանիվով եղել է Վահագնի գյուղից Երևան գալը 145կմ: «Երբ մարդը սկսում է պայքարել բնության դեմ, նա փորձում է պայքարել ինքն իր օրգանիզմի դեմ և սկսում հաղթահարել իր առջև դրված յուրաքանչյուր դժվարություն, սկսում է կոփվել թե՛ կամքով, և թե՛ օրգանիզմով»,- ասում է նա:
Այս տարիների ընթացքում հեծանվորդների թիվը կտրուկ աճել է: 2006թ-ին նրանք ընդամենը 10-ն էին, իսկ ահա այսօր նրանց թիվը հասել է 500-ի: Երևանում նույնիսկ բացվել են մասնագիտացված խանութներ, որտեղից հեծանվորդները կարողանում են իրենց համար գնել որակյալ հեծանիվներ և այլ պարագաներ:
Հեծանվորդները տարբեր տարիքի են 14 տարեկանից մինչև մինչև 75 տարեկան: Հեծանվային վարժանքներին հիմնականում գնում են աղջիկները: Սովորելու համար հստակ ժամկետ չկա, կան մարդիկ, ովքեր սկսած 5 րոպեից արդեն կարողանում են հեծանիվ վարել, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ երկու պարապմունքն էլ չի բավականեցնում: Ինչպես Սամվելն է նշում, դա կախված է օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորություններից և իհարկե սպորտային պատրաստվածությունից: «Չնայած ամենաշատը երկրորդ պարապմունքից ես ինքս բոլորին էլ սովորեցնում եմ հեծանիվ վարել: Ուրախալի է այն փաստը, որ այսօրվա սերունդը շատ ազատ է իրեն զգում և հեծանիվ վարելիս չի կոմպլեքսավորվում:Մեզ մոտ այնպիսի անմիջական մթնոլորտ է տիրում, որ բարդույթավորվելը ուղղակի անհնար է»,- ասում է նա:
Օվսաննա Սիմոնյան