Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը գազի գնի թանկացմամբ պատժում է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ սիրաբանող հայկական իշխանությունների՞ն

Մայիս 15,2013 17:32

Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այն, որ գազի գները պետք է թանկանային, բավական երկար ժամանակ` մոտ մեկ տարի խոսվում էր, բայց քանի որ Հայաստանում սպասվում էին 3 կարևոր ընտրություններ`ԱԺ, նախագահական և Երևանի ավագանու, հետևաբար և գործող իշխանությունների հաղթանակից հետո նոր միայն ռուսական կողմը բարձրացրեց գազի գնի թանկացման հարցը: Եթե գազի գները թանկացվեին մինչև ընտրությունները, Հանրապետական կուսակցությունը ահագին ձայներ կկորցներ: Ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով, որ վերջին 5 տարիների ընթացքում թոշակների ու աշխատավարձերի բարձրացում համարյա թե չի եղել, ես էդ 2500 դրամը բարձրացում չեմ էլ համարում, ինքնըստինքյան ժողովուրդը ավելի ըմբոստ կվերաբերեր Հանրապետական կուսակցության փորձերին` նորից իշխանությունը իր ձեռքը վերցնելու պահով»,- ասում է քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի կանխատեսմամբ, իշխանությունները թույլ չեն տա գազի գինը շեշտակի բարձրանա`60 տոկոսից ավելի, այլ կկանգնեն 35-40 տոկոս բարձրացման վրա, և իշխանությունները դա ժողովրդին կմատուցի որպես հայկական կողմի «հաղթանակ»: «Կասեն` տեսա՞ք մենք ռուսների հետ բանակցելու միջոցով գազի գինը ավելի նվազ բարձրացրեցինք, քան ռուսները ներկայացրել էին: Պետք է նշեմ, որ ինչքան էլ գազի գինը նվազի, սա շղթայական բնույթ կունենա տնտեսության մեջ , և բոլոր ոլորտներում կլինի շեշտակի գնաճ: Այսինքն իշխանությունների կողմից նախատեսված թոշակների և աշխատավարձերի բարձրացումը կարելի է ասել բացարձակ ոչ մի իմաստ չի ունենա ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման առումով», -վստահ է մեր զրուցակիցը:

Քաղաքագետը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները վարում են բացարձակ հակահայկական քաղաքականություն: «Զավեշտ է, երբ հայկական կողմի հետ ստորագրած համաձայնությամբ` պարտք գույքի դիմաց ծրագրով ռուսները ստացան բավական մեծ քանակությամբ օբյեկտներ Հայաստանում, որոնք մինչև հիմա բացարձակապես չեն օգտագործում: Հարց է առաջանում` ինչո՞ւ ձեռք բերեցին այդ ձեռնարկությունները, եթե 7-8 տարի չպետք է օգտագործեն: Երկրորդ զավեշտն այն է, որ ռուսական կողմը մի քանի ամիս առաջ` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստորագրեց համաձայնագիր վրացիների հետ` նվազեցնելով էլետրաէներգիայի գինը 25 տոկոսով, բայց միևնույն ժամանակ բարձրացնում են գազի գինը հայկական կողմի համար: Ես պետք է նշեմ, որ հայկական շուկան «Գազպրոմ»-ի համար փոքր է և ֆինանսական, նյութական մեծ շահ չի ներկայացնում, որովհետև Հայաստանում արդյունաբերական կոմպլեքսները շատ քիչ են, իսկ գազը բավական մեծ գումար է վաստակում արդյունաբերական խոշոր կենտրոններում: Ես գտնում եմ, որ սա ավելի շատ քաղաքական է, ռուսական կողմի ևս հակահայկական քայլերից մեկն է, որը շարունակվում է արդեն բավական երկար ժամանակ: Սրանով ռուսական կողմը ուզում է հայկական կողմին ցույց տա իր դժգոհությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերությունները շարունակելու պահով: Սա ևս մեկ քայլ է՝ հայկական կողմին պարտադրել Եվրասիական պուտինյան ծրագրին հայերին ներգրավելու համար, որովհետև մեր իշխանությունները դեռ կոնկրետ պատասխան չեն տվել, թե իրենք ինչ են մտածում Եվրասիական միության վերաբերյալ, որը Պուտինի կարևորագույն ծրագիրը եղավ իր երկրորդ նախագահական ժամանակաշրջանում»:

Ըստ քաղաքագետի, տարօրինակ է , որ հայկական կողմը առանց որևէ գումար պահանջելու ռուսական կողմին տրամադրում է մեծ քանակությամբ տարածքներ`ռուսական ռազմաբազայի համար: Ի տարբերություն մյուս հանրապետությունների` Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Ադրբեջանի, որտեղ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համար ռուսները մեծ գումար էին վճարում վերջինիս, հայկական կողմը մինչև հիմա ռազմաբազա տեղադրելու համար գումար չի պահանջել Ռուսաստանից: «Ինչքան տեղյակ եմ, ռուսական ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը ընկած է հայկական կողմի վրա: Գտնում եմ, որ ռուսական կողմը կարող էր ավելի մեղմ վերաբերել ՀՀ-ի նկատմամբ, և ինչքան էլ անհրաժեշտ լիներ գազի գինը բարձրացնել, կարելի էր դա ավելի սիմվոլիկ: Իսկ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ոչ ադեկվատ քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, սա մտածելու տեղ է տալիս: Եվ եկել է ժամանակը, որ հայկական կողմը վերջնականապես իր կոնկրետ դիրքորոշումը արտահայտի, թե ինչ պետք է լինի ապագայում, որովհետև գազը քաղաքականություն է , և այդ քաղաքականության հետևանքով կարող է սկսվել բնակչության ահռելի արտահոսք Հայաստանից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ֆլորա Առաքելյան says:

    Հայաստանը Եվրասիական միություն ներգրավելու ծրագիրը ընթացքի մեջ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/05/15/243499/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031