Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանների գիշեր-2013» ծրագիրը անցկացվում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով

Մայիս 15,2013 17:28

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: Ի դեպ, 2013 թվականի մայիսի 16-ին Եվրոպայի Խորհրդի նախագահությունը 6 ամիս ժամկետով ստանձնելու է Հայաստանը:

Եթե 2005 թվականին «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, ապա այս տարի միջոցառմանը մասնակցում է 88 թանգարան: Այսպես, 2010 թ. մասնակից թանգարանների թիվը հասնում էր 40-ի, 2011 թ.` 59-ի, իսկ 2012 թ. թանգարանների թիվը 62-ն էր, ինչը նշանակում է, որ համաեվրոպական տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը:

Պետք է նշել, որ յուրաքանչյուր տարի ավելանում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելուների թիվը` 2011 թվականին 107 հազար էր, իսկ 2012 թվականին շուրջ 135 հազար:

«Թանգարանների գիշեր 2013» ծրագիրը կրում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսը: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում հասարակությանն անվճար, գիշերային գողտրիկ միջավայրի ներքո հաղորդակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Միջոցառման նպատակն է նաև այցելուներին ծանոթացնելու թանգարաններում տարվող ոչ ֆորմալ կրթական գործընթացներին:

«Թանգարանների գիշեր 2013»-ին մասնակցում է 88 թանգարան: Նախորդ տարվա համեմատությամբ` թանգարանների թիվը ավելացել է 21-ով: Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիային միացել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանը, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը և Արցախի 5 թանգարան:

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև «Մի պատառիկ պատմությունից» /«A piece of the story»/ մուլտիմեդիա ծրագիրը, որին մասնակցել են եվրոպական երկրների մի շարք թանգարաններ: Ծրագրին միացել է հայաստանյան 10 թանգարան, յուրաքանչյուր թանգարան ներկայացրել է ինքնատիպ պատմություն ունեցող թանգարանային առարկա:

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 22-23-ին նախատեսվում է անցկացնել երիտասարդ թանգարանագետների գիտաժողով` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով: Այն հնարավորություն կտա ակտիվ քննարկումներ կազմակերպել ոլորտում առկա խնդիրների շուրջ:

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031