ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Zham.am-ի հետ զրույցում մեկնաբանել էր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եւ բացատրել, թե ինչու չեն ուզում ընդդիմություն լինել. «Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը իր «ընդդիմադիր» գործունեությունը համաձայնեցնում է իշխանության հետ, այո,՛ մենք չենք լինելու ընդդիմություն, որի «ընդդիմադիր» ճառերը գրվում են հայտնի շենքերում: Մենք չենք պատրաստվում լինել նաեւ դավիթշահնազարյանների, արամսարգսյանների, մակեյանների, գիմիշյանների եւ նմանների պես ընդդիմություն: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որի առավելագույն պոտենցիալը մեկ տասնյականոց հանրահավաքն ու դրան ոչ համարժեք բոցաշունչ ճառերն են»:
Իր հասցեին այս քննադատության առնչությամբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ինչ մեկնաբանես մի ներկայացուցչի, որը քաղաքական որեւէ արժեք չունի, որովհետեւ եթե փողը հանես էդ կառույցից, տակը կմնան միայն, ասենք, Կոտայքի, Աբովյանի ճանապարհի բերդերը: Իրականում իրենք ոչ ընդդիմություն են, ոչ այլընտրանք են, ոչ էլ իշխանություն: Ավելի շատ իշխանության սպասարկողներն են: Մինչեւ հիմա էլ եղել է սպասարկող: Հիմնել է այդ կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանը եւ շարունակում է սպասարկել Քոչարյանին, իշխանությանը եւ դրսի ուժերին: Երեկվա եկեղեցու բացման արարողությանը նաեւ Լուկաշենկոյի մասնակցությունը դրա ապացույցն է: 2 տարի առաջ ես բազմիցս ասել եմ, որ այդ կառույցը չի կարող լինել անկախ, չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել, եւ Կոնգրեսի հետ մեր հիմնական հակասությունը դրանում էր: Ես 15-16 տարի եղել եմ ընդդիմություն: Իմ այդ կանխատեսումները եւ ասածները հիմա Զոհրաբյան Նաիրան փորձում է լղոզել ու ցեխ շպրտել մարդկանց վրա, որպեսզի կարողանան առաջիկայում իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը: Ամբողջ պատմությունը դրա մեջ է»:
Պետրոս Մակեյանը նշեց, որ քաղաքական ուժի եւ քաղաքական գործչի գնահատականը ժողովուրդը պետք է տա, բայց ժողովրդին էլ պետք է ընտրելու հնարավորություն տան. «Դժբախտաբար, մեր ժողովրդին ընտրելու հնարավորություն չի տրվել: Գործում է փողը, վարչական լծակները: Եթե իշխանության բարի կամքը չլիներ իրենց նկատմամբ, իշխանության թույլտվությունը չլիներ, իրենք 0 տոկոս էին ստանալու: Եթե իրենք իշխանությանը չեն սպասարկում, բա ինչի՞ են իրենց թույլ տալիս փող բաժանել: Իրականությունն ամբողջ ժողովուրդը գիտի: Եթե ՀՀԿ-ն 10 հազար դրամ էր բաժանում, իրենք 5 կամ 10 հազար դրամ ավելացնում էին: Նույնը ավագանու ընտրության ժամանակ չէ՞ր: ՀՀԿ-ականները 10-ով սկսեցին, ԲՀԿ-ն սկսեց բարձրացնել: Էս երկրում առանց իշխանության բարի կամքի որեւէ բան չի լինում, այն էլ՝ փող բաժանել, ընտրակաշառք: Դա քրեական հանցագործություն է: Իշխանությունն իրեն թույլ է տալիս այդ հանցագործությունն անել ու ասել, որ ոչ մի բան չեմ արել: Ուրեմն այդ կառույցը սպասարկում է իշխանության շահերին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ