«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանի գնահատմամբ, Հայաստանի վերջին երեք ընտրություններին ընդդիմությունը օբյեկտիվ պատճառներով պարտվեց:
Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Կիրակոսյանը դժգոհեց, որ ընտրությունների օրը, իրենք ահազանգել են ընտրողների վրա հոգեբանական ճնշումների կիրառման մասին, բայց ոչ ոստիկանությունը, ոչ էլ ԿԸՀ-ն համապատասխան չեն արձագանքել. «Իրավիճակը շտկելու ուղղված քայլեր չարվեցին: Ստիպված եղանք, ընտրություններից հետո էլ նշել, որ քվեարկության ընթացքում տեղամասերի ներսում եւ տեղամասերից դուրս առանձին մարդիկ ճնշում էին գործադրում, խոչընդոտել են եւ լրագրողների եւ վստահված անձանց աշխատանքին: Դրան ավելացել է նաեւ այն, որ որոշ դիտորդական առաքելություններ բացահայտ կողմնապահ էին, որովհետեւ մեկ վստահված անձ էին, մեկ էլ՝ ավագանու թեկնածու»:
Նրա խոսքերով, լուրջ վերահսկողություն է եղել ընտրողների այն զանգվածի վրա, որոնց հետ աշխատել են թաղի տղաները՝ ՀՀԿ-ի հովանու ներքո. «Հենց Տարոն Մարգարյանի ընտրազանգվածն էր, նրանց վրա կոշտ վերահսկողություն էր իրականացվում: Չունենք փաստ, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող կամ ընդդիմադիր ուժերին աջակցող ընտրողին ճնշեին…այս առումով, այն ձայները, որոնք ստացել է ընդդիմությունը, հիմնականում համապատասխանում է իրականությանը»:
Պարոն Կիրակոսյանի խոսքերով, ընդիմադիր ուժերը պարտվել են տարբեր պատճառներով. «Ձախողված քաղաքական համակարգ է… մեկուկեսական կուսակցական համակարգ է, ՀՀԿ եւ ինչ-որ ուժեր, որոնք ինչ-որ բաներ փորձում են անել, բայց բազմակուսակցական համակարգ չունենք…ՀՅԴ-ն տեսնում եք, որպես քաղաքական ուժ, վերանալու եզրին է: ՀԱԿ-ը քանի գնաց բյուրաղեցավ, հիմա այդ բյուրեղացումը դարձավ իր հիմնական խնդիրը»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ընտրություններին տեղի ուեցած խախտումները կարո՞ղ էին ազդել արդյունքների վրա, ասաց՝ դա ոչ թե իրավապաշտպանական, այլ քաղաքական գնահատական է. «Հիմիկվա եւ նախագահական ընտրություններին հետեւած ընթացքից կարող ենք գնահատել՝ ինչքանով է այդպես, թե՝ ոչ: Ե՛ւ Տարոն Մարգարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանն ունեն բավականաչափ լեգիտիմություն՝ ի տարբերություն խորհրդարանականի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ