Լրահոս
Օրվա լրահոսը

«Love is…». Ամենասիրելի ու ամենասիրային մաստակների մասին

Մայիս 15,2013 17:11

Love is… losing your heart.

Love is… trying to understand her kind of music.

Love is… becoming the right person for someone…

Այս տողերը հայտնի են «Love is…» մաստակներից: Դրանք տարիներ շարունակ եղել են ու մնում են ամենասիրելի ու ամենասիրային մաստակները:

«Love is…» մաստակները ի հայտ են եկել 60-ական թվականներին: Նոր Զելանդացի նկարչուհի Քիմ Գրուվը չէր էլ կարող պատկերացնել, որ իր սիրելիի՝ իտալացի Ռոբերտո Կազալիի համար անձեռոցիկի վրա գրած գրառումները հետագայում այդքան հայտնի են դառնալու: Հետզհետե յուրօրինակ գրառումներով անձեռոցիկների թիվը ավելանում էր, և շուտով դրանք սկսեցին տպագրվել «Los Angeles Times» թերթի վերջին էջին: Այս նկարները այնքան լայն տարածում գտան, որ սկսեցին տպագրվել 50 երկրներում և թարգմանվել 25 լեզուներով: 1978 թվականին Քիմը ծանոթանում է բրիտանացի նկարիչ Բիլլ Էսփրիի հետ և նրան փոխանցում «Love is…» նկարներ ստեղծելու իրավունքը: Բիլլը մինչ այսօր էլ շարունակում է նկարել ուրախ հերոսներին, և կարծես թե չի ձանձարում տարիներ շարունակ:

25-ամյա Լիլիթը մանկուց պահում է իր համար ամենավառ հիշողություններից մեկը՝ «Love is…»-ի հետաքրքիր գրառումներով «թղթիկները»: «Մանկուց միշտ էլ նման բաները պահել եմ, հավաքածուներ ունեի,  ու երբ փոքր ժամանակ հարցնում էին՝ ինչու՞ ես պահում, ասում էի՝ որ մեծանամ, էլի խաղամ 🙂 – պատմում է Լիլիթը, – ֆիշկաներ ու նման այլ բաներ էլ եմ պահել, հիմա, որ մեկ մեկ ձեռքս են ընկնում, ակամայից ժպտում եմ, հաճելի զգացում է»:

Կար մի շրջան, երբ մեզ մոտ՝ Հայաստանում, այնքան էլ պահանջված չէին այս մաստակները, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում պահանջարկը մեծացել է. ֆեյսբուքում գրառումներ, տարբեր խմբերում հարցումներ… հետաքրքրասերները ուզում են իմանալ՝ որտեղի՞ց է հնարավոր ձեռք բերել այս մաստակները: Հայտարարություններից մեկում էլ նկատեցի, որ «Love is…» մաստակի մի տուփի արժեքը  10.000 դրամ է: Կգնե՞ին արդյոք երիտասարդները մաստակն այդ գնով, թե՞ ոչ.

«Մաստակին երբեք այդքան գումար չէի տա, ինչ անուն էլ որ ունենար», – ասաց 21-ամյա Իրինան:

Իսկ այ 23-ամյա Դիանան դեմ չէ այդքան վճարել մաստակի համար, ասում է. «Այստեղ ոչ թե մաստակ գնելու խնդիրն է, այլ գնելու ուղղակի մի բան, որը մեծ նշանակություն ունի շատերի կյանքում, ու հատկապես սիրահարվածների, – ասում է նա ու հավելում, – ինքս երկու հատ նվեր եմ ստացել վերջերս, բայց իհարկե պահել եմ այն որպես հուշ»:

«Love is…» մաստակների հաջողությունն ու կերպարների երկրպագուների թիվն օր օրի ավելանում է. հերոսների նկարներով բաժակներ, օրացույցներ, շապիկներ, աքսեսուարներ: Շատերն են ցանկանում իրենց ավելի մոտ տեսնել այդ կերպարներին, ոմանք էլ գուցե այդկերպ են փորձում հասկանալ՝ վերջապես ի՞նչ ասել է «Love is…» 🙂

 

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031