Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստ Ռուբեն Թովմասյանը՝ գազի գնի մասին. «Դե Եվրոպա՞ եք, եվրոպական գներով էլ վճարեք»

Մայիս 15,2013 16:39

Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը վստահ է, որ գազի թանկացումը իր հետեւից կբերի մի շարք ծառայությունների եւ ապրանքների թանկացման, ինչը, ընկեր Թովմասյանի համոզմամբ, կավելացնի մեր երկրում աղքատությունն ու արտագաղթը:

«ՀԿԿ-ն դեռեւս 2 տարի առաջ ասում էր, որ ամբողջ գյուղական շրջանները անցնում են աթարի, որովհետեւ չնայած գազիֆիկացված են, բայց գների թանկ լինելու պատճառով գազը չեն օգտագործում: Երեկվա հայտարարությունից հետո մենք մտավախություն ունենք, որ ողջ ժողովուրդն է անցնելու աթարի եւ շղթայական ամեն բան թանկանալու է»:

Կոմունիստ Թովմասյանի խոսքերով, մի երկրում, որտեղ դեռ աղքատությունը գործազրկությունը եւ արտագաղթը մեծ տոկոս են կազմում, որեւէ մի ռազմավարական ճյուղի գինը բարձրացնելն ուղղակի «անհարմար է».
«Ես չգիտեմ՝ ինչ են մտածում վերեւներում, բայց այսպես շարունակելն անհնար է, մեր ժողովուրդը մեղք է, չգիտեմ՝ ինչ են տվել էս ժողովրդին, չեն կարողանում առնել»:

Aravot.am-ի հարցին, թե եթե կոմունիստները լինեին երկրի ղեկին, ապա ինչպե՞ս կլուծեին այս հարցը, պարոն Թովմասյանն ասաց. «Նախ կպահպանվեր սովետական միությունը եւ գազի վճարը կոպեկներ կլիներ, եւ այն չէր ազդի ընտանեկան բյուջեի վրա: Իսկ քանի որ հասարակարգը փոխվել է, եթե ես լինեի իշխանությունների փոխարեն, ապա առանց մտածելու կմտնեի Եվրասիական միություն: Եվրասիական միությունը մեր փրկությունն է, եթե չմտնենք Եվրասիական միություն, ես չգիտեմ Հայաստանի վիճակն ինչ կլինի: Այդտեղ էլ կորոշվեր գազի հարցը եւ շատ ու շատ հարցեր հօգուտ Հայաստանի»:

Մեր հարցին, թե Հայաստանի` դեռեւս Եվրոպա, թե Եվրասիական միություն չկողմնորոշված վիճա՞կն է, որ Ռուսաստանին դրդեց կտրուկ թանկացումների գնալ, ընկեր Թովմասյանն ասաց. «Հայաստանի այս տատանողական վիճակը միշտ էլ ազդել է իր իրական գործունեության վրա, ինչո՞ւ պետք է տատանվի, ի՞նչ Եվրախորհուրդ, ի՞նչ եվրոպաներ, այդ նույն եվրոպաները ոնց ուզում են՝ իրենց մատի շուրջը արդեն քանի տարի Ղարաբաղի հարցով ֆռռացնում են: Ես համոզված եմ, որ Եվրասիական միության երկրներում գազը կվաճառվի ավելի ցածր գնով, քան Եվրոպայում: Դե Եվրոպա՞ եք, եվրոպական գներով էլ վճարեք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031