Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է

Մայիս 15,2013 16:29
levon zurabyan

Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) չի կարող ընդդիմություն դառնալ, ասաց` քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով:

Զուրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, նրան չի շնորհավորել, Ազգային ժողովի ընտրություններից հետո խորհրդարանում պաշտպանել է ՀԱԿ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք նախաձեռնություններ, խորհրդարանական եւ հատկապես Երեւանի ավագանու ընտրություններում համախմբված պայքարել է ընտրակեղծարար մեքենայի դեմ:

«Բոլոր այս քայլերը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն այսօր իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ: Եթե դրանից հետո իրենք խնդիր ունեն իրենց ընդդիմադիր կոչելու հետ, դա մի պրոբլեմ է, որին իրենք պետք է պատասխան տան», – ասաց Զուրաբյանը` մանրամասնելով. – «Միգուցե կան քաղաքագիտական նրբություններ, որոնք այնքան էլ լավ չեն հասկացվում: Բայց եթե ես փորձում եմ նայել այս գործընթացին անաչառ հայացքով, կներեք, կոչել ԲՀԿ-ն այլ բան, քան ընդդիմադիր ուժ, ուղղակի հնարավոր չէ»:

ՀԱԿ-ը արմատական ընդդիմություն է, բայց բոլոր ուժերը չէ, որ նման կեցվածք ունեն. ԲՀԿ-ն տատանվում է կոնֆորմիզմի եւ ընդդիմանալու միջեւ, բայց դրանից նրա ընդդիմադիր լինելը չի նվազում, կարծում է Զուրաբյանը:

«Դա բնական պրոցես է: Այդ վարքի համար պատասխանատու է միայն ինքը` ԲՀԿ-ն: Մենք պատասխանատու ենք միայն մեր վարքի համար, բայց մեր որակումների համար նույնպես պատասխատանու ենք, եւ ես կարծում եմ, որ մեր որակավորումները միգուցե ավելի ճիշտ են, քան թե իրենց կողմից ներկայացվածները», – նշեց ՀԱԿ-ի փոխնախագահը:

Զուրաբյանն ասաց` Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո էլ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը շարունակվելու է, ՀԱԿ-ի հաշվարկները ԲՀԿ-ի հարցում չեն տապալվել:

Աստղիկ Բեդեւյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031