Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի համարում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանի եւ Լուսինե Պետրոսյանի գնահատականները իրենց որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դաշինքի ներկայացուցիչները ապօրինի են գնահատել ԿԸՀ-ի որոշումը եւ վիճարկում են այն Վարչական դատարանում:
«Հաճախ փորձ է կատարվում ընտրական գործընթացների վերաբերյալ այլ մասնակիցների ներկայացրած դիմումները մատուցել որպես «Բարեւ Երեւան» դաշինքի դիմում: Դաշինքը որեւէ դիմում չի ներկայացրել ԿԸՀ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին…Ընտրական օրենսգիրքը հստակ նշում է, որ սուբյեկտը ինչ դիմում կարող է ներկայացնել, եթե ներկայացնում է դիմում, որի իրավունքը ներկայացնողը չունի, իսկ այդ իրավունքն էլ վերապահված է այլ սուբյեկտի, ընտրական օրենսգիրքը շատ հստակ կանոնակարգում է՝ վարչական վարույթը պետք է մերժել»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մուկուչյանը` չհամաձայնելով Դ. Իոաննիսյանի այն պնդմանը, թե նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածով էլ անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու համար սահմանափակում չկա, թե ով կարող է ներկայացնել. յուրաքանչյուր ոք կարող է դիմել:
Պարոն Մուկուչյանի խոսքերով, նշված դիմումների քննարկման ժամանակ որեւէ առաջարկություն չի ներկայացվել. «Նախագծից հետո նրանց հնարավորություն է տրվել տեսակետ ներկայացնել, չի ներկայացվել տեսակետ, որ համաձայն չեն ԿԸՀ դիրքորոշման հետ, չի նշվել մոտեցում, որ այդ դիմումը բերվել է դաշինքի կողմից, ԿԸՀ-ն է սխալ ընկալել: Այլ խնդիր, որ այդ տեսակետը կարող էր ընդունելի լինել կամ չլինել: Բայց անգամ դեմ տեսակետ, նիստի ժամանակ չի ներկայացվել: Ու այս ընթացքում անընդհատ ասել, խոսել, որ դաշինքը ներկայացրել է դիմում, տարբեր որակումներ տալ պետական մարմիններին եւ այլն, սա իմ կարծիքով փոքրիկ խաբկանք է , որ փորձ կատարեն՝ մատուցել ցանկությունը իրականության տեղ: Այն կարգը, ինչպես պետք է ներկայացվեր, քաջատեղյակ է եղել դիմումատուն, եթե տեղյակ էլ չէր, պարտավոր էր տեղյակ լինել, որովհետեւ ինքը դաշինքի լիազոր ներկայացուցիչն է ԿԸՀ-ում եւ այդ պարտավորությունը կրելով, պետք է իրազեկ լիներ»:
Մեր հարցին, եթե օրենքի շրջանակներում են իրենց մերժումները, ինչու են բոլորը դժգոհ մնացել, պարոն Մուկուչյանն ասաց. «Ես ընդամենը մի բան կարող եմ փաստել, դեռ ընտրական գործընթացները չսկսված, դեռ չգիտեին` ընտրություններին մասնակցելու են, թե` ոչ, հնչում էին դատողություններ ապագայում տեղի ունենալիք խախտումների վերաբերյալ: Ինչու է այդպես, չգիտեմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ