Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձաններին անձնագիր չեն տալիս (Տեսանյութ)

Մայիս 15,2013 15:58

Բնապահպանության նախարարությունը մինչ օրս չի կազմել Գառնու բազալտե երգեհոն սյունաձեւ հուշարձանի անձնագիրը»:

2008 թվականին կառավարության որոշմամբ Գառնու «Քարերի սիմֆոնիան» ներառվել է հուշարձանների ցանկում, սակայն, այն մինչ օրս անձնագիր չունի:

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ` բացի «Քարերի սիմֆոնիայից», բնության այլ հուշարձաններն էլ չունեն անձնագրեր, իսկ անձնագրերն անհրաժեշտ են, որպեսզի ձեւակերպվի հուշարձանների նկարագիրը, պահպանման ռեժիմը, սահմանները, տեսակը եւ այլն. «2008 թվականից, երբ այն ընդգրկվեց  հուշարձանների ցանկում, պետական լիազոր մարմին ճանաչված բնապահպանության նախարարությունը մինչ օրս չի կազմել Գառնու բազալտե երգեհոն սյունաձեւ հուշարձանի անձնագիրը»:

Մերի Խաչատրյանի խոսքերով` Գառնու տարածքն անընդհատ վանդալիզմի  է ենթարկվում, ակտիվիստները նույնիսկ տեսանկարահանել են, թե ինչպես են կոտրում քարերն ու տեղափոխում: Սակայն, ըստ իրավաբանի, ոստիկանությունը հայտնաբերեց մի երիտասարդի, որը այդ բազալտե քարերը պոկում էր, իբր թե՝ պապի գերեզմանը կառուցելու համար: Մերի Խաչատրյանի խոսքերով` այնքան քարեր էր պոկել, կարծես թե մի մեծ շենք էր կառուցելու, ընդ որում ակտիվիստները նաեւ Գառնու տարածքում նկարահանել էին այն վիլլաները, որոնք եւս բազալտից էին ու տարբեր պաշտոնատար անձանց են պատկանում. «Դրանց ուղղությամբ ոչինչ չկատարվեց, հանցագործության մասին բոլոր մեր հաղորդումներից հետո հասարակ մարդկանց են բռնում:

Պետական եւ իրավապահ մարմինների անգործության հետեւանքով կամաց-կամաց վերանում են երկրաբանական հուշարձանները եւ բնության հատուկ պահպանվող տարածքները. Ով ոնց հասնի, որտեղ հասնի, երբ ուզի կարող է մուտք գործել այդ տարածքներ, եւ  ինչ ուզում է` անել այդ տարածքի հետ»:

Ըստ Մերի Խաչատրյանի , միայն անձնագրավորելով չպետք է բավարարվել, անհրաժեշտ է նաեւ խիստ վերահսկողություն: Օրինակ՝ Թռչկանի ջրվեժը բուռն պայքարից հետո ստացավ անձնագիր, բայց այն այսօր, կարելի է ասել, աղբանոցի է վերածվել:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Up The Rocks» ակումբի ղեկավար Մխիթար Մխիթարյանն էլ ասաց, որ անհրաժեշտ է արգելել կամ սահմանափակել ժայռամագլցումը, քանի որ դա խախտում է բազալտե սյուների էկոհամակարգն ու ամբողջական տեսքը:

Իսկ երկրաբանական գիտությունների թեկնածու Մելիք Ադամյանն էլ կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է ոչ միայն անձնագրավորել երկրաբանական հուշարձանները, այլ ստեղծել անկենդան բնության կարմիր գիրք, ըստ երկրաբանի` դա է փրկությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031