«Գազի գնի բարձրացումն ամբողջովին քաղաքական որոշում էր»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում գազի թանկացման մասին այսպիսի գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա մեկնաբանությամբ՝ «Ամբողջ գործընթացն էր քաղաքական, որովհետեւ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները, որոնք անընդհատ իշխանությունները հերքում էին, գրեթե 1 տարվա պատմություն ունեն: Բայց քանի որ ընտրական պրոցես պետք է լիներ այս մեկ տարվա ընթացքում, իրենք անընդհատ հետաձգեցին: Մինչեւ այդ, միշտ թանկացումները եղել են ապրիլին՝ հայտարարությունները, հայտերը եւ այլն: Այս անգամ թողեցին՝ մինչեւ մայիսի քաղաքապետի ընտրություններն էլ անցնեն, նոր, որպեսզի ընտրակաշառքները շատ լավ, տեղը տեղին մարդիկ վերցնեին եւ չիմանային, որ երկու օր հետո այնպիսի գնաճ է սպասվում իրենց, որ իրենց պետք է 10 հազար դոլար տային, որ այս ամիսներին գոյատեւեն, ոչ թե 10 հազար դրամ: Հաստատ այդ որոշումը քաղաքական էր, որովհետեւ չհայտարարեցին դրա մասին այնքան ժամանակ, մինչեւ ընտրական պրոցեսը չվերջացավ: Ընտրական պրոցեսից հետո ոչ միայն հայտարարվեց գազի գնի մասին, այլ նաեւ ԲՀԿ ղեկավարը հայտարարություն արեց իրենց ոչ ընդդիմադիր լինելու մասին, որը ըստ էության, եւս սպասված էր: Մեր ընդդիմադիր որոշ գործընկերների շնորհիվ իշխանությունը իր պլանը հրաշալի կատարեց, իշխանությունը վերարտադրվեց, ցանկացած ձեւով ընդդիմության էլեկտորատն այլ ուղղությամբ շեղեցին, բացի նախագահական ընտրություններից: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ արդեն չկան ընտրություններ 4 տարի, եւ իշխանությունը ազատ է կատարելու այն, ինչ պետք է կատարի»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ արդեն կսկսի տրանսպորտի ուղեվարձը թանկանալ, ամեն ինչ մոտ 50 տոկոսով կթանկանա՝ ծառայությունները եւ այն ապրանքները, որոնք գազի հետ առնչություն ունեն. «Ցավոք, այն իրավիճակն է առաջացել, որ իշխանություններին չի մնում այլ բան, քան խթանել արտագաղթը, որպեսզի իրենց մոնոպոլ տնտեսության ներկրողներին հավելյալ դոլարներ կարողանան ապահովել եւ հնարավորինս քիչ բողոքավոր զանգված պահեն Հայաստանի Հանրապետությունում»:
Մենք խնդրեցինք պարոն Մարտիրոսյանին, որ հաշվի թե, իր ընտանիքը ձմռան ամիսներին որքան էր վճարում գազի համար եւ որքան պիտի վճարի արդեն գալիք ձմռանը, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատի գազի այդ նոր գինը: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ 16-րդ թաղամասը, որտեղ ինքը բնակվում է, գազիֆիկացված չէ. «Ձմեռվա կեսին միջանցքների պատուհանները ջարդեցին, որ իբրեւ թե գազ քաշեն, բայց չեմ կարծում, որ այդ գինը քաղաքացին ունակ լինի վճարելու եւ ուզենա գազ ունենալ: Մեզ բան չի մնում անելու, քան ասել, որ կեցցե ապահով Հայաստանը, որը Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ պետք է վերադառնա դեպի աթարը: Ծառեր չեն թողնում կտրել, գյուղացիներն էլ, ովքեր անտառի կողքն են ապրում, չեն կարողանում ծառ կտրել, բացառիկ մարդիկ դա կարող են անել, գումարած դրան էլ, գներն այնպիսին են, որ քաղաքացիներին այլ բան չի մնում, քան վառել աթար: Սա հենց այն ապահով Հայաստան է, որի մասին խոսում են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ