Երեկ Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների այն հարցին՝ ԲՀԿ-ն կարո՞ղ է դառնալ ընդդիմություն, այսպիսի պատասխան տվեց . «Ոչ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Եթե ընդդիմադիր դաշտում կան արդեն 3-4 կուսակցություններ, ապա դա ինչ-որ 5-6 կուսակցություն չի կարող դառնալ: ԲՀԿ-ն լիարժեք կողմնակիցն է նրան, ինչ-որ օգուտ է երկրին ու ժողովրդին: Ես ոչ թե քաղաքականության մեջ մտել եմ քաղաքականության, քծնանքի համար, այլ հատուկ նպատակով՝ ժողովրդի, երկրի զարգացմանը նպաստելու համար»:
Aravot.am-ը ՀԱԿ անդամներից հետաքրքրվեց` ինչպե՞ս են մեկնաբանում ԲՀԿ առաջնորդի նման հայտարարությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը հույսեր ուներ, թե ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն: ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կա: Վաղը մյուս օրը կառավարության ծրագրի քննարկում է լինելու, այդ ժամանակ կերևա: Առաջ չընկնենք, կանխատեսումներ չանենք: Մինչև այս պահը ԲՀԿ-ի քննադատության հիմնական թիրախը կոնկրետ կառավարության գործունեության քննադատությունն է: Այսինքն`գոնե այդ դաշտում իրար հետ համագործակցելու տեղ ունենք: Մեր և նրանց մոտեցումները համընկնում են»:
Հետաքրքրվեցինք` Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո արդյոք հուսալի կլինի՞ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Համենայնդեպս, ընտրությունների ժամանակ մենք իրար հետ նորմալ համագործակցել ենք ընտրակեղծիքների, ընտրախախտումների կանխման հարցում»:
Հարցին`հնարավո՞ր է վերանայվի ՀԱԿ- ԲՀԿ համագործակցության հետագա ձևաչափը և ուղղությունները: Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Երբ կոնկրետ գործ ունենանք անելու, այդ ժամանակ ավելի հստակ կարող ենք խոսել»:
Կարդացեք նաև
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ ի պատասխան մեր բարձրացրած հարցի՝ ասաց. «Ոչ մի բան չի փոխվել, ոնց ԲՀԿ-ն կար, այնպես էլ շարունակում է մնալ: Ես որևէ փոփոխություն չեմ տեսնում»:
Հարցրինք` այս համատեքստում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կարելի՞ է հուսալի համարել: Պարոն Կարապետյանը նախ խնդրեց հարցը հստակեցնել և նշել, թե կոնկրետ որ ոլորտը նկատի ունենք, այնուհետև պատասխանեց. «Խորհրդարանում ես համագործակցության շատ մեծ հեռանկարներ եմ տեսնում: Հիմա ընտրություններ չկան, բայց մենք արդյունավետ համագործակցում ենք ԲՀԿ-ի հետ՝ ընտրությունների ընթացքում կանխելու այն խախտումները, որ հնարավոր են տեղամասերում: Ինչ վերաբերում է հուսալիության հարցին, ապա այս պահին այդ հարցը կոռեկտ չեմ համարում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ