«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակներում մայիսի 16-ին ելույթ կունենան բալալայկահար Անդրեյ Գորբաչովը և դաշնակահարուհի Նատալյա Շատոխինան:
«Մեզ համար մեծ պատիվ է այս փառատոնին մասնակցելը, և շատ ուրախ ենք, որ այս ռուսական գործիքը՝ բալալայկան, դաշնամուրի ուղեկցությամբ առաջին անգամ հնչելու են այս փառատոնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին ռուս երաժիշտները:
Համերգի ընթացքում երաժիշտները հանդես են գալու ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների՝ բալալայկայի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների, մշակումների կատարմամբ:
«Վաղվա համերգին հնչելու են և դասական ստեղծագործություններ, և ժամանակակից մշակումներ՝ Ա. Տարտինիից, Դ. Սկարլետիից, Ն. Պագանինիից և այլ համաշխարհային վիրտուոզներից»,-Aravot.am-ին փոխանցեց Ա. Գորբաչովը:
Նրա խոսքով՝ բալալայկա ռուսական ազգային գործիքը վերջին տարիներին համաշխարհային մասշտաբով զարգանում է. «Անցյալ տարի համերգներով ԱՄՆ-ում էինք և, ի զարմանս ինձ, պարզվեց, որ շուրջ 300 բալալայկային տիրապետող երաժիշտներ կան այնտեղ, ովքեր բնավ էլ ռուս միգրանտներ չէին»,-ուրախությամբ նշեց ռուս երաժիշտը:
Առանձնակի ոգևորությամբ խոսելով իր գործիքի մասին՝ Գորբաչովն ասաց, որ այն համարյա իր երեխան է. «Իմ բալալայկայի հեղինակը Մարկ Կուպֆեռն է, ով երբևէ գործիքները չէր վաճառում: Յոթը տարի սպասելուց հետո նա ինձ նվիրեց այս գործիքը, սրանից աշխարհում 16 հատ կա»,-պատմեց Անդրեյ Գորբաչովը:
Հանդիպման վերջում դաշնակահարուհի Նատալյա Շատոխինան հույս հայտնեց, որ վաղվա ելույթը դուր կգա հանդիսատեսին և հիշարժան երեկո կստացվի:
Նշենք նաև, որ «Ազգային Պատկերասրահ» փառատոնն այս տարի մեկնարկել է ապրիլի 28-ին, արդեն տեղի են ունեցել 4 դասական համերգներ, վաղվա համերգը հինգերորդն է: Փառատոնն այս տարի նվիրվում է ականավոր երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փառատոնի գեղարվեստական խորհրդի նախկին նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ