Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ մասնագետները գնում են բարձր աշխատավարձ եւ աճելու տեղ չունենալու պատճառով

Մայիս 15,2013 14:59

Բիզնեսն առանց բարձր տեխնոլոգիաների այլեւս մրցունակ չէ: Այս համոզմանն է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը հինգ տարի շարունակ մասնակցում է «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ին: Այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում պարոն Ղազարյանն ասաց, որ հինգ տարի առաջ, երբ առաջին անգամ տեղի ունեցավ «ԴիջիԹեք բիզնես ֆորում», Հայաստանում ՏՏ առումով դեռեւս «քարի դար» էր, սակայն այսօր թե’ սպասարկման, թե’ առեւտրի եւ թե’ շատ ոլորտներում առանց համակարգչի, տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ մրցակցություն ապահովել. «Սա մի ճյուղ է, որը Հայաստանի ապագան է: Առանց IT տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ ոչինչ անել: Տեխնոլոգիական ոլորտը լավ է պատկերացնում բիզնեսի խնդիրները եւ բիզնես ոլորտն էլ արդեն բավականաչափ հասկանում է՝ ինչ է իրեն պետք»:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ներկայացմամբ էլ՝ մոտ մեկ ամսից Երեւանում կրկին տեղի է ունենալու «ԴիջիԹեք բիզնես ֆորում 2013» 5-րդ միջոցառումը, որը եւս մեկ անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, պետական կառույցներին ու գործարարներին հնարավորություն կտա շփվելու, ՏՏ ոլորտի նորամուծություներին ծանոթանալու: Այս անգամ ոլորտի մասնագետները կառաջարկեն ավտոճանապարհների կառավարման լուծումներ, խոշոր քաղաքների ավտոմոբիլային հոսքերի կառավարման ծրագիր եւ այլն:Կ. Վարդանյանի տվյալներով, ներկայումս մեր երկրում այս ոլորտում շրջանառությունը կազմում է 320 միլիոն դոլար, որից 40 տոկոսը տեղական ընկերություններն են ապահովում:

Aravot.am-ի հարցին, թե մեր երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից մասնագետների արտահոսք կա, ինչո՞ւ են գնում, եթե նշում եք աշխատավարձերը բարձր են եւ աշխատանք էլ կա, պարոն Վարդանյանն ասաց. «Այո, արտահոսք կա ու արտահոսքը վատ բան է, բայց միայն մեզ մոտ չէ, գնում են նաեւ Գերմանիայից, ԱՄՆ-ից: Պատճառները տարբեր են: Մարդիկ կան, որոնց գնալը պայմանավորված է աշխատավարձով եւ չեն պատկերացնում, որ Հայաստանում էլ կարող են լավ գումար աշխատել: Կա մի հատված, որոնք այստեղ այլեւս աճելու տեղ չեն տեսնում եւ պետք է, որպեսզի սեփական ձեռնարկությունները ստեղծեն, որը մարտահրավեր կլինի»:

Հարցին, թե այս ոլորտում կա՞ մենաշնորհ, պարոն Վարդանյանն ասաց, ոչ` մենաշնորհային ընդգծված վիճակ չկա:

Նշենք, որ ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի, Վրաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի Սինգապուրի ՏՏ ոլորտի ընկերություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031