Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը չի՞ ակնկալել, որ Ծառուկյանն ընդդիմություն պետք է դառնա

Մայիս 15,2013 14:20

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կփոխի՞ քաղաքական զարգացումների տրամաբանությունը

Երեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բավականին ուշագրավ հայտարարություն արեց՝ դրանով որոշակիորեն հստակություն մտցնելով հայաստանյան քաղաքական դաշտում: Հարցին՝ ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա՞, Գագիկ Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Եթե արդեն կա ընդդիմադիր երեք-չորս կուսակցություն, դա հինգ-վեց ընդդիմադիր կուսակցություն չի կարող լինել: ԲՀԿ-ն կողմնակից է այն ամենին, ինչը օգուտ է երկրին, ժողովրդին: Մենք այդ սկզբունքով ենք քայլել, արել եւ դա միշտ անելու ենք: Ոչ թե քաղաքականության մեջ մտել եմ անձնական շահի համար, քծնանքի, այլ հատուկ նպատակի՝ երկրի հզորացման, զարգացման, բարեկեցության համար»: Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունը հավանաբար ուղղված էր այն գործիչներին, ովքեր ԲՀԿ-ին հետեւողականորեն փորձում էին մղել ընդդիմադիր դաշտ: Հիշեցնենք, որ նման գիծ որդեգրեց ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո, իսկ վերջին շրջանում Տեր-Պետրոսյանը խոսում է նաեւ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մասին: Նաեւ տակավին վերջերս ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալու անհրաժեշտության մասին խոսել էր նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրառելով, որ դասական իմաստով եթե քաղաքական ուժը իշխանության մեջ չէ, ապա ընդդիմություն է:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահի այդ հայտարարությանը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում քաղաքական սպեկտրում իր տեղը. «Բայց զուտ մեր քաղաքական մշակույթի զարգացման կամ մեր քաղաքական դաշտի զարգացման համար իսկապես անհրաժեշտ է, որ քաղաքական սպեկտրում հստակություն մտցվի: Ես չգիտեմ՝ դա ի՞նչ է նշանակում, շարունակվելո՞ւ է նախկին կեցվածքը, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում ինձ համար գոնե հասկանալի է, որ ավելի շատ նման հայտարարություն կլիներ, քան հակառակը, որ ասենք՝ ԲՀԿ-ն գնում է ընդդիմություն»: Հետաքրքրվեցինք՝ Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությամբ կարելի՞ է տապալված համարել Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու քաղաքագիտական վերլուծությունը: Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ ինքը մնում է այն կարծիքին, որ դա քաղաքագիտական վերլուծություն չէր, այլ ՀԱԿ-ի ծրագիրը, եւ որ այդ ծրագիր-վերլուծությունը քաղաքական կյանքում չէր կարող միս ու արյուն ստանալ, հատկապես, երբ կար նախորդ փորձը. «Նույն այդ քաղաքագիտական վերլուծության տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել նաեւ Սերժ Սարգսյանի թիմի հետ երկխոսությունը: Ուղղակի սա արդեն երկրորդ փուլն էր, որն արժանացավ նույն բախտին, ինչը որ Սերժ Սարգսյանի թիմի հետ երկխոսությունն էր»:

Ռուբիկ Հակոբյանն, այնուհանդերձ, այն կարծիքին չէ, որ այս հայտարարությամբ ամբողջությամբ հստակեցվեց քաղաքական դաշտը: Հարցին՝ եթե այդ հայտարարությունը հնչեր նախագահական կամ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, ի՞նչը կփոխվեր քաղաքական դաշտում, մեր զրուցակիցն ասաց. «Քաղաքական դաշտում՝ չգիտեմ, բայց ընտրությունները մի քիչ այլ տրամաբանություն կունենային: Մասնավորաբար, հիշում եք, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ընդդիմություն պետք է գնալ: Դա ինչ-որ տեղ դիտվում էր, որ հնարավոր է, թեեւ ինքս երբեք այդպես հնարավոր չեմ դիտել: Բոլոր դեպքերում ընտրությունների ժամանակ, նախընտրական փուլում ցանկացած ձեւակերպված նախադասություն ունենում է որոշակի արձագանք: Մենք այսօր քաղաքական դաշտի հստակեցման խնդիր ունենք: Այդ խնդիրը մենք մեզ համար դեռ չենք լուծել»:

Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ մեր հարցին՝ արդյոք ՀԱԿ-ի սպասելիքներն այդպիսով ի չի՞ք դարձան, ասաց. «Չէի ասի, որ դա այդպես է, քանի որ մենք երբեք չենք համարել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, եւ ինքն էլ երբեք այդ մասին չի հայտարարել: ԲՀԿ-ն միշտ ասել է, որ ինքն այլընտրանք է: Այլ հարց, որ մենք համարում էինք, որ ԲՀԿ-ի տարանջատումը գործող իշխանությունից իշխանական մոնոլիտի քայքայման հիմք կարող է հանդիսանալ: Այդ տեսանկյունից մենք համարում էինք, որ ԲՀԿ-ն, համենայնդեպս, չի կարող նույնանալ ՀՀԿ-ի հետ, քանի որ ԲՀԿ-ն նաեւ կոալիցիա չմտավ եւ ամեն դեպքում, նախագահական ընտրություններոմ հայտարարեց, որ որեւէ թեկնածուի, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանին, չի սատարում»: Տիկին Սարգսյանի համար դասական առումով անհասկանալի է «այլընտրանք» տերմինը, քանի որ կա իշխանություն եւ ընդդիմություն. «Տվյալ դեպքում ԲՀԿ-ն դասական առումով իշխանություն չէ, բայց իրենց կեցվածքը, իրենց քայլերը եթե իրենք տեսնում են մի դեպքում՝ իշխանության, մյուս դեպքում՝ ընդդիմության հետ համագործակցության մեջ, ապա կարելի է համարել, որ իրոք այլընտրանք են, որի տեսակը մինչ այժմ մեզ ծանոթ չի եղել»:

Տիկին Սարգսյանն ասում է, որ Կոնգրեսը երբեւիցե չի ակնկալել, որ Ծառուկյանն անպայման կարող է ընդդիմություն դառնալ, ուստի այդ առումով Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ ոչ մի անսպասելի բան չկա: Նա վստահեցրեց, որ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանում ԲՀԿ խմբակցության հետ արդյունավետ համագործակցել է, եւ կարծում է, որ պետք է շարունակվի այդ համագործակցությունը, իսկ ՀԱԿ կուսակցությունն ինքը կորոշի իր անելիքները՝ համագործակցե՞լ ԲՀԿ-ի հետ, թե՞ ոչ: «Ի վերջո, ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում՝ իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: Տվյալ դեպքում մեր ակնկալիքները ԲՀԿ-ի մասով, կարելի է ասել՝ ոչ արդարացել են, ոչ ձախողվել են: Խորհրդարանական խմբակցությունների միջեւ կա համագործակցություն, եւ դա փաստ է: Թե ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, եւ ո՞ր դաշտում ԲՀԿ-ն վերջապես կկողմնորոշվի, կարծում եմ՝ ժամանակի խնդիր է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031