Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թող իր շահութաբերությունը նվազեցնի, ոչ թե գազի գինը բարձրացնի»

Մայիս 15,2013 14:05

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ չպետք է հասարակության եւ փոքր բիզնեսի հաշվին «ՀայՌուսգազարդի» եկամտաբերությունը պահպանել:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը որոշել է գազի սակագինը բարձրացնել մոտ 60%-ով. երեկ ընկերությունն իր կայքէջում հաղորդագրություն է տեղադրել, որ սակագնի վերանայման համար դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ըստ այդ դիմումի՝ «ՀայՌուսգազարդը» առաջարկում է ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազի գործող 132 հազար դրամ սակագինը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, դարձնել 221 հազար դրամ:

Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սանդղակի տակ ընկնում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ միկրո եւ փոքր բիզնեսը, այսինքն՝ գազի թանկացմամբ բիզնեսի այդ տեսակները, որոնք առանց այդ էլ տուժած էին, թանկացումից հետո, կարելի է ասել՝ «կմեռնեն»:

Արժե՞ արդյոք «ՀայՌուսգազարդին» նման ճոխություն թույլ տալ, երբ իր շահույթն ապահովելու համար, մեղմ ասած, զոհաբերվում են մեր հասարակությունն ու փոքր բիզնեսը: Կարելի է ասել, այս ընկերությունը երբեք վնասով չի աշխատել, համենայնդեպս՝ «Առավոտի» հետ զրույցում դա հաստատում է «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, որը մոտ 3 տարի առաջ մի քանի անգամ ուսումնասիրել է ընկերության փաթեթը եւ պարզել, որ լավ էլ եկամտաբերությամբ է աշխատում:

Մեզ հետ զրույցում պարոն Մակարյանն ասաց. «ՀայՌուսգազարդը» 36-40% շահութաբերությամբ է աշխատում, ուրեմն պետք չէ, որ իրենք ձգտեն իրենց այս շահութաբերությունն ամեն տարի պահպանել, թող մի քիչ էլ նվազեցնեն: Անկախ նրանից, թե այս երկրի էկոնոմիկան ոնց է փոխվում, իրենք ուզում են միշտ նույն շահութաբերությունն ունենալ: Իրենք էլ պետք է մյուսների նման նվազեցնեն, իջնեն 15-20-25%-ի: Ես գտնում եմ, որ հանձնաժողովում մենք բոլորս պետք է լրջորեն այս խնդիրը բարձրացնենք եւ թանկացմանը դեմ լինենք»: «Գործատուների հանրապետական միությունը», ըստ պարոն Մակարյանի, խնդրի վերաբերյալ հանդես կգա հանձնաժողովում եւ պահանջելու է «ՀայՌուսգազարդի» բոլոր հիմնավորումները: Իսկ 60% թանկացումը, պարոն Մակարյանի դիտարկմամբ՝ արդարացված չէ. «Իրենք առաջ ասում էին՝ կորուստներ ունենք, թող ման գան գտնեն ու վերացնեն այդ կորուստները, կամ գտնեն՝ ովքե՞ր են տանում այդ կորուստներն ու ինչպե՞ս են տանում: Վերջապես թող իրենց ապարատը կրճատեն: Նախորդ անգամ երբ թանկացրին, 300 էջանոց փաթեթ էին ներկայացրել, իսկ մեզ պետք չէ 300 էջանոց հիմնավորումներ ներկայացնել, որ ոչ ոք չկարդա, կամ խճճվեն, թող պարզ ու հստակ ներկայացնեն: Եվ ամենակարեւորը՝ պետք է պարզել, թե որքան է իրենց շահութաբերությունը: Ինչո՞ւ են ուզում շահութաբերությունն այդքան պահել. եթե մյուսները վատ են, իրենք էլ թող իջեցնեն, չի կարելի թույլ տալ, որ մեկինը քչանա, մյուսինը՝ պահպանվի մնացածների հաշվին»:

Գագիկ Մակարյանի խոսքերով՝ կամ մարդիկ պետք է համատարած հրաժարվեն գազի սպառումից, թանկացումից հետո շատ բիզնեսներ կփակվեն, կամ կանցնեն էլեկտրաէներգիայի օգտագործմանը, իսկ գյուղերում կանցնեն փայտին. «Հիմա ասում են՝ իրենցից գազ են գողանում, թանկանալու դեպքում ավելի են մղում գողության: ԶԼՄ-ներոմ տեղեկություն էր տարածվել, որ սահմանին գազը թանկացել է վաղուց, բայց մենք տնտեսագիտական կամ կազմակերպության կողմից մասնագիտական կարծիք չենք լսել այդ մասին: Այդ հոդվածներին չանդրադարձավ ու չասաց, որ իրոք թանկ են բերում գազը, բայց էժան վաճառում: Ուրեմն՝ հիմա մենք իրենց հիմնավորումը չենք ընդունում, եթե ինքը հիմա ուզում է այդ սահմանի թանկացումը քողարկի այս 60% թանկացմամբ, ապա ինքը, որպես տնտեսվարող սուբյեկտ, մինչ այդ պիտի կարծիք արտահայտած լիներ, որ բիզնեսմեններն էլ իրենց հաշվարկն անեին: Կամ էլ՝ պետությունը թող ալտերնատիվ բաներ առաջարկի»: Ընկերությունը, ըստ պարոն Մակարյանի, պետք է տնտեսագիտորեն հիմնավորի թանկացումը՝ ռուսնե՞րն են թանկացրել, կորուստնե՞րն են շատացել: Բացի այս, Գագիկ Մակարյանը նաեւ գտնում է, որ մեծաքանակ ու բարձր աշխատավարձերով աշխատակիցներ, շատ գրասենյակներ պահելը ընկերության կողմից սխալ է. «Ո՞վ ասաց, որ պետք է փառավոր իրենց կաբինետներում, մեքենաներով, մեծ ցանցով լինեն, թող օպտիմալացնեն ու ռեսուրսախնայողությունը վերանայեն: Իսկ եթե կորուստներն են թանկացման պատճառը, դա իրենց խնդիրն է, հասարակությունը պարտավոր չէ կոմպենսացնի իրենց դրա համար: Ի վերջո՝ գազի գնի բարձրացման քննարկման ժամանակ տնտեսագիտական հաշվարկն այնպես պետք է լինի, որ «ՀայՌուսգազարդն» ասենք՝ 3-4 հազար աշխատակից է պահում, դրա դիմաց մենք ունենք հակակշիռ՝ Հայաստանի տասնյակ հազարներով փակվող միկրո եւ փոքր ձեռնարկություն, հասարակություն, որն ավելի է աղքատանալու, եւ ավելի է գործազրկությունը խորանալու. ո՞րն է մեզ ձեռնտու»:

Եթե անգամ գազը թանկանա, եւ բիզնեսները չկործանվելու համար իրենց ապրանքների ու ծառայությունների գները բարձրացնեն, ապա սա էլ փրկություն չէ, քանի որ, ինչպես վստահեցրեց պարոն Մակարյանը, վերջերս 75 տեսակի փոքր բիզնեսի շրջանում հարցում են կատարել, եւ բոլորը միանշանակ պնդում են՝ սպառումը նվազել է: Սա պայմանավորված է 2 հիմնական գործոնով՝ աղքատության մակարդակով եւ գնորդների քանակով, այսինքն՝ մարդկանց թվի նվազումը, արտագաղթը: «Ասենք՝ մոտ 72 հազար ակտիվ ձեռնարկություն կա, որից միայն 60 հազարը միկրո եւ փոքր ձեռնարկություններ են, եթե գազի թանկացումով դրանց մի 10-12% էլ շարքից հանենք, նշանակում է՝ 7000-ից ավելի ընտանիքներ զրկվում են իրենց եկամուտներից: Երբ աղքատությունը նույնը մնա, ապա մենք արհեստականորեն ավելի քիչ մարդկանց քանակի ենք հասանելի դարձնում այդ նույն ապրանքին: Այսինքն՝ մարդկանց ձեռքը փող չկա, եթե անգամ թանկացրած գազի ծախսերը փրկելու համար գործարարը, օրինակ՝ իր 100 դրամանոց ապրանքը դարձնի 130 դրամ, այդ ապրանքը սպառողների թիվն էլ ավելի կնվազի: Փոքր բիզնեսի շահույթը ապրանքի թանկացմամբ չի ավելանալու: Մեր ընտանիքներն ինչի՞ տեր են, որ 4 ամսում 1000 դոլար վճարեն գազի դիմաց»:

Նկատենք, որ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման շուրջ մտածել ու լուծում գտնել, սակայն դժվար թե այնքան բարձրացվեն աշխատավարձերը, որ գազի թանկացումն արդարացվի՝ հաշվի առնելով վերջին բարձրացումը՝ մոտ 2000 դրամը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Մակարյանն ասաց, որ իրենց միության հաշվարկներով՝ Հայաստանում նորմալ ապրելու համար 4-5 հոգանոց ընտանիքին պետք է 600-700 հազար դրամ եկամուտ, իսկ ներկայումս միջին աշխատավարձը 300 դոլար է. «Եթե նույնիսկ 4 հոգանոց ընտանիքում հրաշք լինի, եւ 4-ն էլ աշխատեն, 1200 դոլարը չի ապահովում նորմալ կենսամակարդակը. մեր կենցաղը, մեր սոցիալական ծրագրերի պակասությունը, գնաճը, գազի թանկացումն էլ գումարած՝ մինիմում կենսամակարդակն էլ չի ապահովում: Փաստորեն, քաղաքացուն զրկում են նվազագույն զամբյուղից, պետք է շատ բաների վրա խնայողություն անեն, որ գազի վարձը մուծեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հայռուսգազարդում կորուստ չկա, կա գողություն, որը կատարում է հենց ՀՌԳ: Նայեք ղեկավար կազմից սկսած, տեղամասերի պետերի տեղակալներից վերջացրած ցուցակը, նրանց կատարած ծախսերը, վարած մեքենաները, կհամոզվեք: Կառավարությունը պետք է ներկայացնի որոշակի հիմնավորված գին: Թե ՀՌԳ-ն այդ գնի մեջ մեքենա կառնի, գազը կգողանա ու ասենք ցեմենտի գործարանին կես գնով կվաճառի, թե սիրուհուն մեքենա կառնի, իրենց գործն է: Բայց ով հաշվարկի, ո°վ շահութաբերության 10 տոկոս սահմանի, վարչապետը° , ծիծաղելի է, չէ°:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031