Լրահոս
Օրվա լրահոսը

Ես մտավորական եմ

Մայիս 15,2013 13:56

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Intelligentsia բառը հայկական ծագում չունի: Հին հունարենից փոխանցվելով լատիներենին՝  Intellignetsia-ն երկար է պահպանել արիստոտելյան նախնական ըմբռնումը՝ մարդ, որի գիտակցությունն ուղղված է ոչ միայն աշխարհի եւ բնության ճանաչմանը, այլեւ ինքնաճանաչմանը: Հետագայում Intellignetsia-ի արիստոտելյան ձեւակերպումը գրեթե մոռացվեց, եւ մարդկության եւ քաղաքակրթության համար ճակատագրական պահերին  Intelligentsia-ն՝ մտավորականությունը, ընկալվեց որպես տվյալ հասարակարգի բոլոր չարիքների եւ ձախողումների պատճառը՝ հալածվելով, ինչպես հերետիկոսները: «Մտավորականությունը ոչ թե ազգի ուղեղն է, այլ ազգի կեղտը»՝ ազատական (բուրժուական) մտավորականության մասին լենինյան ձեւակերպումը քաղաքական ուղեգիծ էր նախանշում: «Մտավորականությունն ազգի թերմացքն է»՝  հայտարարում էր Ադոլֆ Հիտլերը:

«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսը նախեւառաջ ուղղված է եղել մտավորականությանը, եւ բոլոր հալածանքներն իրականացվել են այդ կարգախոսի ներքո: Հասարակական-քաղաքական հեղաբեկումների ժամանակ մտավորականությունը կամ թռիչքն է ապահովել, կամ դարձել թիրախ: Տարբեր ժամանակաշրջաններում, հասարակարգերում եւ պետություններում մտավորականության հանդեպ մոտեցումները տարբեր են եղել՝ արհամարհանք եւ կարեկցանք, նողկանք եւ ատելություն, երկյուղ եւ սարսափ, հարգանք եւ ակնածանք:

Հայկական թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից ընկալումներում մտավորականության տեղը, դերն ու նշանակությունը նույնքան փոքր է

ու աննշան, որքան Հայաստանի տեղն աշխարհի քարտեզում:

Ես մտավորական եմ՝ ունեմ առաքինություններ եւ թուլություններ:

Ես մտավորական եմ՝ հարգանքով եմ վերաբերվում այլ կարծիքներին, սակայն կարծիքը տարբերում եմ կեղծիքից եւ երեսպաշտությունից: Կեղծիքն ու երեսպաշտությունը ես համարում եմ արգելք առաջընթացի ճանապարհին:

Ես մտավորական եմ՝ առաջընթացն ինձ համար նույնքան կարեւոր է, որքան արեւը բնության համար: Առաջընթացն ինձ համար անհնար է առանց ազատության:

Ես մտավորական եմ՝ ազատությունն ինձ համար նույնքան կարեւոր է, որքան թռչունի համար՝ թռչելու հնարավորությունը: Ազատությունն ինձ եւս օգնում է թռչել: Ես սիրում եմ թռչել ոչ միայն այն ժամանակ, երբ արեւը մեղմ ժպտում է եւ երկինքն անվրդով է, այլեւ, երբ երկինքը մթակնած է ու տրտում, երբ բոլորը պատսպարվում են: Ես սիրում եմ ազատությունը, սակայն նրա մասին չեմ մտածում, ինչպես չես մտածում աչքերիդ, ձեռքերիդ, ոտքերիդ մասին:

Ես մտավորական եմ՝ սիրում եմ մտածել, առաջադրել մտքեր, գաղափարներ, անգամ, երբ ոչ ոք դրա կարիքը չունի: Ես սիրում եմ մտածել եւ մտածածս արտահայտել, անգամ եթե ոչ ոք չի լսում կամ կարդում այն: Ես ավելի շատ խոսում եմ ինքս ինձ հետ, քան մյուսների: Երկարատեւ մենախոսությունից ես երբեմն կորցնում եմ այլոց հետ հաղորդակցվելու ունակությունս: Ես կարեւորում եւ գնահատում եմ իմ մտքերը, գաղափարները, անգամ եթե դրանք անարժեք, ավելորդ ու անմիտ են թվում: Ես կարեւորում եւ գնահատում եմ այլոց մտքերը, անգամ եթե ես համաձայն չեմ դրանց հետ, սակայն անկեղծորեն հրճվում եմ, երբ ինչ-որ մեկը մտածում է ճիշտ այնպես, ինչպես ես:

Ես մտավորական եմ՝ բառն ինձ համար այն կամրջակն է, որն իրար է կապում գետակի երկու ափերը: Միտքն ինձ համար այն արահետն է, որը բացվել է թավ եւ անանցանելի անտառում: Խոսքն ինձ համար այն ընկնող աստղն է, որի հետ հասցնում ես ցանկություն պահել: Գաղափարն ինձ համար այն բարձր եւ հուսալի կամուրջն է, որի տակով կարող են անարգել լողալ-անցնել հսկա նավերը:

Ես մտավորական եմ՝ ես գերադասում եմ մտածել, քան գործել: Ես ձգտում եմ, որ իմ գործերը դառնան իմ մտքերի շարունակությունը, ես ձգտում եմ, որ իմ մտքերն ու գործերը չհակադրվեն միմյանց եւ այդ հակադրության վախից ես դժվարանում եմ գործել: Երբեմն իմ մտքերը հակադրվում են իրականությանը եւ իշխանությանը, որոնք իմ մտքերին նայում են այնպես, ինչպես որսորդը՝ իր առջեւից փախչող կենդանուն: Ես գիտեմ, որ եթե երկար ժամանակ չկարողանամ գործել, ապա հետո ստիպված պիտի լինեմ մարտնչել:

Ես մտավորական եմ՝ ես խոսում եմ, երբ լռում են շատերը եւ գերադասում եմ լռել, երբ խոսում են բոլորը: Ես ճչում եմ ցավից, երբ շուրջբոլորը ոչ ոք ցավ չի զգում: Ես ճչում եմ հուսահատությունից, երբ բոլորը խանդավառված են:

Ես մտավորական եմ՝ ես խանդավառվում եմ, երբ սովորում եմ եւ սովորեցնում: Ես սիրում եմ կրթել եւ կրթվել, սովորել եւ սովորեցնել: Ես շարունակում եմ սովորել, անգամ եթե տգիտությունն է անվերջ հաղթում: Ես սիրում եմ սովորեցնել, երբ տեսնում եմ խանդավառություն: Ես համառորեն ձգտում եմ սովորեցնել, անգամ եթե ոչ ոք չի ուզում սովորել: Ինձ համար գիտելիքն այն ամրոցն է, որտեղ կարող եմ պատսպարվել, եւ որը ոչ ոք չի կարող գրավել եւ կողոպտել դրա գանձերը, սակայն այնտեղ կարող են մտնել եւ դուրս գալ՝ հարստացած:

Ես մտավորական եմ՝ ես հարստությունը գերադասում եմ աղքատությունից, սակայն գերադասում եմ աղքատ լինել, քան հարստանալ քծնելով եւ ստելով, կողոպտելով ու կեղեքելով, կաշառելով ու կաշառվելով: Ես հարստությունը գերադասում եմ աղքատությունից, սակայն իմ ժամանակը չեմ ծախսի հարստանալու վրա:

Ես մտավորական եմ՝ ես գնահատում եմ ժամանակը եւ խղճում նրանց, ովքեր վատնում են այն: Ես գնահատում եմ ժամանակը որպես Աստծո տված պարգեւ եւ հարստություն, սակայն երբեմն թույլ եմ տալիս կողոպտել ինձ: Թեպետ Նորին մեծություն Ժամանակն ինձ հանդիմանանքով ասում է՝ ոչ:

Ես մտավորական եմ՝ ես սովորել եմ «ոչ» ասել: Որքան ավելանում են իմ ասած «ոչ»-երը, այնքան պակասում են իմ բարեկամները եւ ավելանում՝ չարակամները, բայց դրանից իմ կյանքն այլեւս չի դառնանում:

Ես մտավորական եմ՝ ես սիրում եւ գնահատում եմ կյանքը եւ գիտեմ, որ Աստված այն պարգեւել է որպես մարդ ապրելու համար: Ես սիրում եմ կյանքը այնպես, ինչպես կա՝ անկրկնելի, հրաշալի, տառապալից: Ես գիտեմ, որ ինձնից բացի իմ կյանքը պատկանում է նաեւ դստերս եւ իմ հայրենիքին, եթե իմ կյանքը նրա համար կարեւոր դառնա: Ես գիտեմ, որ երբ իմ կյանքը հասնի իր տրամաբանական ավարտին, ես պատասխան եմ տալու իմ եւ Աստծո առջեւ: Ես հույս ունեմ, որ կհասցնեմ ետ նայել: Ես հույս ունեմ, որ երբ իմ կյանքը հասնի իր տրամաբանական ավարտին՝ ես կհանդիպեմ ոչ թե մահվանը, այլ Աստծուն:

Ես մտավորական եմ՝ ես հավատում եմ Աստծուն, թեպետ գիտական աթեիզմից «գերազանց եմ» ստացել: Ես հավատում եմ Աստծուն, սակայն ոչ կրոնախեւ եմ, ոչ աղանդավոր: Ես հավատում եմ Աստծուն, սակայն չեմ հավատում, որ հոգեւորականներն առաջնորդվում են Աստծո պատվիրաններով: Ես հավատում եմ Աստծուն, սակայն նրան աղոթում եմ ոչ թե նորակառույց, այլ հին հայկական եկեղեցիներում: Նորակառույց եկեղեցիներն ինձ համար ոչ թե տաճար են, այլ շինություն: Ես հավատում եմ Աստծուն, սակայն Ահեղ դատաստանին չեմ ապավինում: Ես հավատում եմ Աստծուն, սակայն չեմ հասկանում, թե Հայաստանը դրա՞խտ է, թե՞ դժոխք: Եթե դրախտ է, ապա ինչո՞ւ են ծաղկում-փթթում նրանք, ովքեր ամեն օր ոտնատակ են տալիս Աստծո պատվիրանները: Եթե դժոխք է, ապա ե՞ս ինչու եմ այստեղ: Ես հավատում եմ Աստծուն եւ նրա զորությանը, սակայն չեմ վախենում նրանից: Ես վախենում եմ, որ Աստված մի օր հայ ժողովրդին կպատժի՝ փակելով հույսի եւ հնարավորության վերջին դուռը նրա առջեւ:

Ես մտավորական եմ՝ ես գիտեմ, որ հույսը ոչ թե վերջինն է մեռնում, այլ մեռնում է մարդու հետ: Ես չեմ դադարում հուսալ ու հավատալ:

Ես մտավորական եմ՝ ես սիրում եմ Հայաստանը, որն ինձ համար նույնքան կարեւոր է, որքան արեւի ծագելը, որքան մանկան հրճվանքը, որքան աստղազարդ երկինքը: Ես սիրում եմ Հայաստանը, անգամ, երբ նա արհամարհում է ինձ՝ իր քաղաքացուն: Ես սիրում եմ Հայաստանը, թեպետ երբեմն ես եմ արհամարհում նրան, ինչպես հիվանդն է արհամարհում իր հիվանդությունը: Ես սիրում եմ Հայաստանը, բայց եւ՝ խորապես կարեկցում եմ նրան, ինչպես կարեկցում եմ թռչել չկարողացող թռչունին, ինչպես կարեկցում եմ ծովի ալիքից ափ շպրտված ձկանը: Ես սիրում եմ Հայաստանը, անգամ, երբ նա այսքան փոքր է, անուժ, ճզմված, մոլորված, թափթփած ու անարդար:

Ես մտավորական եմ՝ ես գերադասում եմ արդարությունը՝ բարությունից, ճշմարտությունը՝ կարեկցանքից, մարդու իրավունքները՝ գթասրտությունից, պարտությունը՝ վհատությունից, վհատությունը՝ ստից, գնահատանքը՝ գովաբանությունից:

Ես մտավորական եմ՝ ես չեմ ստում հանուն հայրենիքի: Ես գնահատում եմ այլ ժողովուրդների հայրենիքները, այլ քաղաքակրթությունները եւ հիանում դրանցով: Ես այնտեղ ավելի շատ եմ ինձ հարազատ զգում, քան իմ իսկ տանը՝ Հայաստանում, սակայն ես միշտ վերադառնում եմ այստեղ, որտեղ միշտ պարտվում եմ:

Ես մտավորական եմ՝ ես գերադասում եմ պարտվել, քան հանձնվել: Ես գերադասում եմ համոզել, քան պայքարել: Ես գերադասում եմ պայքարել, քան օգնություն խնդրել: Ես գերադասում եմ օգնել, քան կարեկցել: Ես գերադասում եմ ընդվզել, քան հնազանդվել: Ես գերադասում եմ կասկածել բարեգործներին, քան հավատալ չարագործներին:

Ես մտավորական եմ՝ ես ուզում եմ, որ պատժվեն իմ երկրի չարագործները, սակայն չգիտեմ, թե ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս է նրանց պատժելու: Ես չգիտեմ, թե ո՞րն է ամենածանր պատիժը նրանց համար:

Ես մտավորական եմ՝ ես զարմանում եմ, որ այդ չարագործների պատճառով 20 տարեկան երիտասարդը 70 տարեկան ծերունու նման ասում է՝ է՜, մեկ է բան չի փոխվի. այս երկիրը ոնց եկել է՝ այնպես էլ կգնա: Եվ ինքն է գնում երկրից: Ես պատեպատ եմ զարնվում, երբ գնալ-հեռանալը դառնում է հայ ժողովրդի միակ փրկությունը:

Ես մտավորական եմ՝ ես հեռանում եմ պարտություններից, ես հեռանում եմ հաղթանակներից, ես հեռանում եմ վհատությունից, ես հեռանում եմ գավառամտությունից, ես հեռանում եմ ռաբիսացված համազգային մշակույթից: Ես չեմ մասնակցում քաղաքական դիակների հուղարկավորությանը, ես չեմ մասնակցում նաեւ քաղաքական դիակապտությանը:

Ես մտավորական եմ՝ եւ ես հոգնել եմ: Իմ ոտքերը տանջահար են եղել հանրահավաքներից, իմ ձեռքերը հրաժարվել են անօգուտ քվեարկություններից, իմ ձայնը կտրվել է «միացում», «պայքար», «հրաժարական», «ամոթ» գոռալուց: Ես հոգնել եմ կրկնվող դրվագներից, կրկնվող պատմություններից, կրկնվող դեմքերից:

Ես մտավորական եմ՝ ես աստիճանաբար ավելի ու ավելի եմ ներփակվում ինքս իմ մեջ, ավելի ու ավելի եմ օտարանում հասարակությունից եւ պետությունից: Ես դուրս եմ մղվում նրանցից:

Ես մտավորական եմ՝ ես կանգառը գերադասում եմ անշարժությունից, իրական փոփոխությունները՝ անիրական կայունությունից:

Ես մտավորական եմ՝ ես հեղաբեկումները գերադասում եմ հուսաբեկությունից: Ես գերադասում եմ ներկան անցյալից, անցյալը՝ ապագայից, եթե ապագան անհեռանկար է եւ անհաստատ:

Ես մտավորական եմ՝ ես սիրում եմ երազել, անգամ, եթե այդ երազանքն ինքնախաբեություն է իրականում: Ես սիրում եմ երազել, անգամ, եթե այդ երազանքը վտանգավոր է:

Ես մտավորական եմ՝ ես ավելի շատ պատասխաններ ունեմ, քան հարցեր, սակայն ես չգիտեմ ամենակարեւոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մտավորականը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արամ Հովհաննիսյան says:

    Նարինե, ինչպե~ս եմ հասկանում քեզ: Քանի~ ինձ նմանը կստորագրի հոդվածիդ տակ, որը հոդված էլ չէ, այլ ուղերձ, ճիչ…

  2. dyadyur says:

    Ով է մտավորականը ? Ավելի շուտ,նա,ով զբաղված է մտավոր աշխատանքով ,սակայն միշտ չէ,որ մտավոր աշխատանքով զբաղվող մարդը ինտելլիգենտ է (վկա՝մեր իրականությունը): Եվ հակառակը, ,,շարքային,, քաղաքացին կարող է զբաղված չլինել մտավոր աշխատանքով,բայց լինել ինտելլիգենտ՝ բառիս բուն իմաստով.ճիշտ այնպես,ինչպես դա ընկալում էին 19-րդ դարի ռուս առաջավոր մտածողները(Պ.Դ. Բոբոռիկինը և այլոք): Մեր թարգմանիչները ժամանակին սխալ են թարգմանել այդ բառը (որը չի թարգմանվում,բայց հասկացվում է),որն էլ այդպես սխալ,հասել է մեզ: ճիշտ այնպես,ինչպես ջենտլմեն բառը:Մտավորականը երևի այն մարդն է,որի մասին ուրիշներն են ասում,որ նա մտավորական է և հանրության կողմից ընդունված է որպես այդպիսին,այլ ոչ թե ինքն է հայտարարում,որ ինքը մտավորական է:Հայտարարելով որ լինի,մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտարարել,որ ինքը Հռոմի Պապն է,սակայն նա դրանով Պապ չի դառնա:

    • Սամվել says:

      dyadyur,
      չհասկանալն ամոթ չի, չհասկանալն ու հասկացողի տեղ դնելն ա ամոթ: Խորհուրդ չեմ տալիս մի անգամ էլ կարդալ, մեկ է՝ չի օգնի:

  3. Արմեն says:

    Եթե դու մտավորական է, ապա ես հեծյալ 🙂

  4. Արմեն_Թունսատ says:

    Կարծես այստեղ մտավոր աշխատանքի մասին ոչինչ չկար, բացի նախաբանում մտավորական բառի հունա- լատինական բացատրությունից, ուստի պետք էր հասկանալ հոդվածի ոչ միայն վերնագիրը, այլեւ՝ էությունը։
    Իրոք մտավորականը Հռոի պապի նման պաշտոն չէ, նաեւ ինչ- որ կիսագրագետ չինովնիկի կողմից շնորհված ժողովրդական արտիստի կոչում չէ։
    Սախարովը մտավորական էր, ոչ թե նրա համար, որ նրան մտավորական էին համարում, այլ որ ուրիշի ցավն ու կսկիծն իրենն էր համարում ու դրա մասին բարձրաձայնում էր, առանց մտածելու, թե ինչ կասի ագրեսիվ խոնարհ մեծամասնությունը։
    Նարինեի այս ՈՒՂԵՐՁԻ ու ՃԻՉԻ միակ «թերությունն» անկեղծությունն էր, սակայն գրել է, առանց մտածելու, թե ինչ կասի ագրեսիվ խոնարհ մեծամասնությունը։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031