Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորը ֆրանկոֆոն ցանցը համեմատեց ծառի հետ

Մայիս 15,2013 13:50

Հայաստանից 3 բուհ մասնակցել է  Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ընդհանուր ժողովին

Վերջերս Սան Պաուլոյում կայացել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ընդհանուր ժողովը, որին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների, ինչպես նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանները:

«Առավոտը» Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՖ) ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն է ստացել եւ ինչ եզրահանգումներ արել:

«Ես տեղում իմ աչքերով տեսա, թե ինչ հզոր ցանց է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը, որի մեջ միավորված է 782 բուհ: Այդ կառույցը հնարավորություն է  տալիս 90 երկրների համալսարանների միավորվել, ու ճանաչել մեկմեկու: Հավաքին մասնակցում էր 650 հոգի: Բացի համալսարանական ասպեկտից, այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ազգերի միջեւ խաղաղության  մշակույթի զարգացմանն ու երկխոսությանը: Խաղաղության հաստատումը բխում է նաեւ համալսարանականների դերակատարության գիտակցումից, չէ՞ որ  համալսարանը գիտելիքի, ճանաչողության տաճար է: Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն, իմ տպավորությամբ,  խաղաղության աջակցման հզոր գործիք է, որը  հնարավորություն է տալիս  երկրներին համագործակցել միմյանց հետ համալսարանների միջոցով: Ինչպես ծառն է արմատներով պահում, որ հողը չհոսի, այդպես էլ ցանցը թույլ է տալիս մեզ միասին եւ ուժեղ լինել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ռեկտորը նշեց, որ ընդհանուր ժողովը կոլեգաներին առանց պրոտոկոլային ճանապարհների  հանդիպելու առիթ էր. «Փաստորեն պետք էր հասնել Սան Պաուլո՝  կոլեգաներին տեսնելու համար: Այնտեղ հանդիպեցինք նաեւ մեր ֆրանսիացի գործընկերոջ՝ «Լիոն-3-ի» հետ: Ուզում եմ փաստել, որ նման հանդիպումներում խոսակցությունն  ավելի ուղղակի է եւ ազատ: Գործակալությունը թույլ է տալիս մարդկանց համախմբել: Ինչ վերաբերում է հավաքի օգտակարությանը, ընդհանուր ժողովը գիտելիքի մի մեծ շուկա է:  Պատահական չէ, որ այսօր խոսվում է գիտելիքահեն տնտեսության եւ կրթության էկոնոմիկայի մասին»,- հայտնեց ռեկտորը:

Իսկ ինչպե՞ս է գնահատում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության եւ ՀՖՖ-ի համագործակցությունն ընդհանրապես:

Ժան-Ժակ Մոնտուան ասաց, որ Սան Պաուլոյից   վերադարձել են զարգացման մի քանի ծրագրերով, լեզվի դասավանդման հետ կապված մի ծրագիր էլ Արգենտինայի հետ է նախատեսված. «Ուզում եմ հատկապես նշել, որ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունում ընդգրկված բուհերը  ֆրանկոֆոն համալսարաններ են, եւ համագործակցությունը միայն Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ չէ, այլ Հայաստանի եւ 90 երկրների միջեւ: Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի՜ հնարավորություն է բացվում լայն համագործակցության, ինչը չէր ստացվի  միայն Հայաստանում մնալով: Ֆրանսիական համալսարանի համար կարեւոր է՝ մաս կազմել միջազգային համալսարանական գործընթացներին: Մենք միայնակ ուժեղ չենք կարող լինել, սակայն ուժեղ ենք, եթե  մաս ենք ֆրանկոֆոն ուժեղ համակարգի: Ի դեպ, խոսքը միայն քաղաքական Ֆրանկոֆոնիայի մասին չէ, Ֆրանկոֆոնիան կա, որովհետեւ գոյություն ունի նաեւ համալսարանական Ֆրանկոֆոնիա, որն ավելի ճկուն է, եւ այստեղ ավելի հեշտ է միմյանց հետ լեզու գտնելը: Այսպիսով, Ֆրանսիական համալսարանը պատուհան ունի ոչ միայն  Կովկասում, այլեւ ամբողջ աշխարհում: Հավելեմ, որ տարածաշրջանում շատ չեն համալսարանները, որ մաս են կազմում այդ կառույցին»:

Ռեկտորին հիշեցրինք, որ երբ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շուրջ 30 ուսանող իրենց պրակտիկան մարտի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը անցկացրել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ուսանողների  պատմելով ինքն անձամբ այցելել է բոլոր այն հաստատությունները, որտեղ պրակտիկա են անցել ուսանողները: Պարոն  Մոնտուան ոգեւորված նշեց, որ այս առումով իր բոլոր սպասելիքներն արդարացել են, ուսանողները հրաշալի կարողացել են օգտագործել բուհից ստացած գիտելիքները, որոշ ընկերություններ անգամ պատրաստ են եղել հիմնական աշխատանքի վերցնել հայաստանցի ուսանողներին: Նա չմոռացավ նշել, որ նախագծին աջակցել են նաեւ հայկական համայնքի կազմակերպությունները:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031