Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ստեղծագործող եմ, այլ ոչ մենեջեր»

Մայիս 15,2013 13:45

Կամ Ռիտա Շառոյանի՝ Գալյա Նովենցին նվիրված նոր ֆիլմը

Ժամանակակից կյանքի ռիթմը բոլոր ոլորտներից պահանջում է խտացված, կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի տեղեկատվության փոխանցում: Մշակույթի ոլորտում ստեղծվում են «կարճ» ներկայացումներ, ֆիլմեր, նույնիսկ գերկարճ գովազդներ: Մեզանում ֆիլմարտադրության ոլորտում դա ստանում է համապատասխան դրսեւորում՝ հատկապես «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի երկու նախագծերում՝ «Հայկական հնագույն նվագարաններ» եւ «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարերում: «Առավոտը» ժամանակին անդրադարձել է հնագույն նվագարանները (ծիրանի փող, քամանչա, քանոն, պարկապզուկ, բամբիռ) ներկայացնող ֆիլմերին, այժմ ընթացքի մեջ է «Հարկանային (հարվածային) գործիքներ» ֆիլմը: Մեր մշակույթի մեծերի՝ աստղաֆիզիկոս, գրող, գեղանկարիչ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի, գրող Հրանտ Մաթեւոսյանի, խմբավար Հովհաննես Չեքիջյանի եւ դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ «շփվել» ենք «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարի միջոցով:

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տիկին Շառոյանը հրավիրում է իր հերթական՝ «Գալյա Նովենց» ֆիլմի պրեմիերային:

Համընդհանուր սեր վայելող Գալյա Նովենցը 75 տարի ապրեց եւ ընդամենը մեկ տարի է, ինչ երկնային կյանքով ապրող մեծանուն արվեստագետների կողքին է: Հնարավոր չէ թվարկել նրա բեմական եւ էկրանային բազմաթիվ ու բազմաբնույթ դերակատարումները: Մի բան անվիճելի է. նրա խաղը դիտելիս մոռանում ես դերակատարին եւ խորամուխ լինում կերպարի էության մեջ, ինչն էլ ընդունված է անվանել դերասանական արվեստի բարձրակետ: Նովենցի ստեղծագործական կենսագրության մեջ, անխոս, կինոարվեստի նժարն ավելի ծանր է, քան բեմական արվեստինը: Դատեք ինքներդ՝ Գալյա Նովենցի մասնակցությամբ նկարահանվել է 25 ֆիլմ (առաջինը՝ «Բարեւ, ես եմ», 1964թ., վերջինը՝ 1990-ականների սկզբին Սվերդլովսկի կինոստուդիայի հետ համատեղ՝ «Որբանոցի տնօրենը»), 1966-ից Հայաստանի տարբեր թատրոններում նա կերտել է շուրջ 70 կերպար (վերջինը՝ 2012թ., Կոմեդիայի թատրոնում «Տարօրինակ միսիս Սեւիջ»), հեռուստաթատրոնում էլ մարմնավորել մի շարք հերոսների: Սիրված դերասանուհին աշխատել է կինոյում Ֆ. Դովլաթյանի, Հ. Մալյանի, Ա. Մկրտչյանի, Վ. Հովհաննիսյանի, թատրոնում՝ Ա. Գուլակյանի, Վ. Աճեմյանի, Հ. Ղափլանյանի, Ե. Ղազանչյանի, հեռուստաներկայացումներում՝ Օ. Մելիք-Վրթանեսյանի, Թ. Բիտյուցկայա-Էլիբեկյանի, Մ. Մարինոսյանի եւ այլ նշանավոր բեմադրիչների հետ, էլ չասենք, թե ի՜նչ խաղընկերներ է ունեցել…

Ու թեեւ անվանի դերասանուհու մասին պատմող նկարը Ռիտա Շառոյանի՝ մեծանուն արվեստագետներին նվիրված շարքի հերթական գործն է, սակայն կարելի է պատկերացնել հեղինակի պատասխանատվության աննկարագրելի, իսկապես մեծ բեռը: Այդ մասին տիկին Շառոյանը չի սիրում խոսել… մեզ հետ զրույցում նա ասաց, որ գերադասում է լսել կարծիքներ, այդ թվում՝ առաջարկներ, դիտարկումներ եւ այլն, հետո էլ ժպտալով հավելեց. «Տարօրինակ է, բայց մինչեւ այս պահը հնչում են միայն գովեստի խոսքեր»: Խոսելով սեփական կինոարտադրանքի մասին, նշեց, որ իր ստեղծածը կարծես նման է իր իսկ ընտրած հերոսներին ու ինչքան հանրահայտ, անվանի ու մեծ արվեստագետի մասին է պատմում, այնքան էլ, բնականաբար, մեծանում է պարտավորված լինելու զգացումը: Մենք էլ նշենք, որ Հովհաննես Չեքիջյանն իր մասին պատմող ֆիլմի պրեմիերայից հետո ռեպլիկ հնչեցրեց. «Այ, ես ա՛յս ֆիլմի Չեքիջյանն եմ…»:

Մեր մշակույթի հնագույն նվագարաններն ու երեւելիներին անմահացնող ֆիլմաշարերի հեղինակին ուղղված հարցին, թե նման նախագծերը արտերկրում դիտվում են իբրեւ շահավետ բիզնես, Ռիտա Շառոյանը հակադարձեց. «Ես ընդամենը ստեղծագործող եմ, այլ ոչ մենեջեր»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Ռիտա Շառոյանն ու Գալյա Նովենցը (ձախից)՝ 2009թ.:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031