Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում ԳԹԿ

Մայիս 15,2013 13:40

Մինչեւ հիմա շատերի հետ միամտաբար կարծում էի, թե ԳԹԿ-ն վերծանվում է՝ «Գնահատման եւ թեստավորման կենտրոն»: Այս տարվա հայոց լեզվի եւ գրականության շտեմարանի պրակները համոզեցին, որ թյուրիմացության մեջ ենք. ԳԹԿ ուղղակի նշանակում է՝ «Գնահատականների թանկաբազարության կենտրոն»:

Ասեմ՝ ինչպես պարզեցի: Դեռեւս անցյալ տարվա քննաշրջանի նախօրեին հրապարակավ (տե՛ս «Հայոց աշխարհ», 2012թ. մայիս 18) հանդես էի եկել գործող շտեմարանի չորս պրակներում տեղ գտած ակնհայտ սխալների եւ արհեստական լեզվախեղումների մատնանշումով: Դրանք, ըստ երեւույթին, շատ թանկարժեք լինելով, մնացին անարձագանք: Իսկ քանի որ  III ու IV պրակները ուժի մեջ են նաեւ այս տարի, բնականաբար, նախորդ տարվա բախտին են արժանանում. չեն հանվում, չեն խոտանվում:

Մի գրավոր ելույթ էլ (տե՛ս «Հայկական ժամանակ», 2013թ. մարտի 23) այս տարվա նորաստեղծ շտեմարանի 1-ին պրակի անհաջող վարժություններին նվիրեցի, ու դարձյալ պարզվեց, որ դրանք էլ արժեքավոր սխալներ էին, հետեւաբար՝ անձեռնմխելի:

Բայց հավատացնում եմ, որ մատնանշածս «սպրդումներից» մի քանիսը շատ էլ բարձր գին չունեն, որովհետեւ դրանք էնքան հասարակ-պարզունակ են, որ նորից ու նորից կրկնելու դեպքում, ի վերջո հասանելի կլինեն ոչ միայն շտեմարանի որոշ կազմողների ու հատկապես պատասխանատուների համար (հույսս չեմ կտրում), այլեւ ավելի վերեւում նստած վերակացուների:

Օրինակ՝ գահավանդ-ը, որ երբեք չի կարող վիհ, անդունդ, խորխորատ բառերի հոմանիշ լինել (տե՛ս I պրակ, էջ 29, վարժ. 130. այսուհետ՝ միայն թվահամարները): Չի կարող, քանի որ հայ ողջ գրավոր խոսքում (վկա՝ բոլոր բառարանները) այն ճիշտ հակառակ իմաստն է ունեցել՝ «բարձունք, կատար, բարձրադիր տեղ»: Գուցե էն գլխի՞ց է կազմողի գլխում սխալը տպավորվել, բայց հիմա, ինչ է, թույլ տանք, որ այն տպվի նաեւ բոլո՞ր դիմորդների գլխներում…

Ասել եմ եւ կրկնում եմ, որ չպիտի միանշանակորեն սխալ համարել տարրորոշել, անհարգի բառերը, քանի որ դրանք իրենց օրինական հաստատումն ունեն օրինավոր բառարաններում: Հակառակն էլ կա. ինչո՞ւ են հորինել, թե բոլուկ-ը հենց «խոզերի խումբն» է, երբ Թումանյանի «Գելը» կարդացած ամեն դպրոցական գիտի, որ դա «գայլերի խումբն» է: Ո՛ր բառարանը բացում ես, ջոկ-ը «ձիերի երամակն» է, իսկ էստեղ չգիտես ինչու՝ «փղերի խումբը» (V, 49, 74):

Ո՞վ էր տեսել, որ անշունչ, անկենդան բառեր սաղացնեն աշակերտի վրա… Աճառյանը իր Արմատականում, օրինակ, ասպականի-ն («որսո՞րդ…, շո՞ւն…») հարցականներով է հիշատակում ենթադրյալ իմաստները, իսկ մերօրյա գիտունների համար անվարան «որսաշների խումբ» է: Նույն տեղում (I, 32, 146) մեռելածին բառ էլ կա՝ նքողնակ...: Երկու տարուց ավելին է (տե՛ս «Հայոց աշխարհ», 24.02.

2011թ., նաեւ՝ «Իրատես դե ֆակտո», 18.12.2012թ.), որ գոռում – հարայ եմ տալիս, թե ա՛յ ժողովուրդ, ա՜յ դոկտոր-պրոֆեսորներ, երբեւէ չի՛ եղել նման բառ, ոչ մի հիմնարար բառարանում (սկսած Հայկազյաններից մինչեւ Աճառյան ու Մալխասյանց, մինչեւ Էդ. Աղայան ու ակադեմիականը) չի գրանցվել այդպիսին… Բայց՝ չէ որ չէ,- կառարկեն ընդդիմախոսներս,- բառարաններում չկա, կա՛ 10-րդ դասարանի «Հայոց լեզվում» (2009թ.): Այո, ցավո՛ք կա … Կա իբրեւ հին թյուրիմացությունների շարունակություն:

Եվ դուրս է գալիս, որ նման հանգուցյալ բառերի քաշը շտեմարանի պատասխանատուների կողմից ավելի բարձր է գնահատվում, քան, ասենք. «Աբու-Լալա Մահարի» եւ «Անուշ» պոեմների հանրահայտ հատվածների գուլ՝ «բթամիտ» («կույր ու գուլ մարդիկ…») եւ հեղ՝ «անգամ» («Մի հեղ համբուրվում…») բառերի կարեւորությունը, ինչը բացառվել է առաջադրանքների ցանկից: Անիմանալի՜ տրամաբանություն…

Դեռ մեկ տարի առաջ մատնանշված «այդ բոլորը կատարվեց» (IV, 140, 48), «Աբովյանը համաձայն է այն կարծիքի հետ» (IV, 199, 50) աչք ծակող կապակցական սխալները ինչո՞ւ չեն խոտանվում կամ շտկվում: Ճիշտ որ՝ «Պառավը իրա թանին թթու չի ասի»: Նորաստեղծ V պրակի վերջում էլ՝ «Նկատված վրիպակներ» շարքում (էջ 265), իբրեւ ուղղում, նորածին բառ է հայտնվել՝ անվահեծ. հավանաբար անվահեց («անվագոտի») են ցանկացել:

Դարձյալ մեկ տարի առաջ եմ մատնացույց արել, որ «Մեծապատիվ մուրացկաններից» բերված «Ատ չըլլար, միայն իրենց մորը արգանդին մեջ գտնվողները չունին իրենց պատկերը …» խոսքի տերը հերոսներից ոչ թե լուսանկարիչն է (ըստ շտեմարանի), այլ Մանուկ աղան (ըստ Պարոնյանի): Ամենածույլ անգետն էլ տեղից կշարժվեր, բայց մեր մեծապատիվ պատասխանատուները նախորդ շտեմարանի II պրակից (էջ 207, թ. 50) շփոթը անվրդով ու անխաթար տեղափոխել են այս տարվա շտեմարաններից 5-րդ մասը (էջ 218, թ. 41): Նույն համառությամբ (կամ՝ «Մեր բանը աջ ա, ով կուզի թող հաչա» հանգով) ուժի մեջ է մնացել նաեւ «Լեւոնը անհույս սիրահարված էր Լուիզային, որն իր սիրո ցույցերով հրապուրում էր պատանուն եւ բորբոքում նրա զգացմունքները» (III, 206, 142) խեղաթյուրված բնութագրումը: Եթե մոռացել էին «Արտիստի» իրական բովանդակությունը, գոնե մի թեթեւ աչք գցեին դասագրքի էջին. «Նրան անկեղծորեն համակրում է նաեւ հարեւանուհի Լուիզան: Պատանին սիրահարված է նրան եւ այդ համակրանքն ընդունում է փոխադարձ սիրո տեղ» («Հայ գրականություն», 10-րդ դաս., 2009թ., էջ 179):

Տրամաբանության ո՞ր եզրերին են առնչվում բառակազմական վերլուծությունները: Տեսե՛ք. մի դեպքում անտեսվում է, որ ասենք, անապատ բառում հստակորեն ընկալվում են ան ժխտական ածանցը եւ ապատ «շեն, բնակելի վայր» արմատը (քանի՜ անգամ ենք հանդիպում մեր դասականների գործերում՝ Ավ. Իսահակյան. «Քո հայրը ուներ ավան ու ապատ», Պ. Սեւակ. «Պետք չեն արցունքներ …, թող հոսի քրտինք … ապառաժները դարձնելով հնձան, անապատները՝ շեն-ապատների բաց ցուցահանդես», Աճառյանն էլ իր հերթին է հիշեցնում՝ Վաղարշապատ, Ղազարապատ …): Վա՞տ կլինի, եթե աշակերտը, սրանք ճանաչելով, «անապատը» համարի ածանցավոր բառ…: Չգիտեմ՝ ո՛ր կազմողի, բայց պրակի շա՜տ հայտնի պատասխանատուի քրմական կամքով, «անապատը» միայն պարզ արմատական է, եւ վե՛րջ (տե՛ս IV պրակ, 46, 30 եւ 50, 58, նաեւ՝ I, 38, 11): Նույն կաղապարով նշան բառն էլ է պարզ արմատական (II, 33, 96): Մյուս դեպքում քամին հակառակ կողմից է փչում խելքին, եւ դեղնակարմրավուն =դեղ(ի)ն + կարմ(ի)ր + ավուն (IV, 50, 53) վերլուծությունը դիմորդը պիտի սխալ համարի (իբրեւ թե միակ ճիշտն է՝ դեղին = դեղ + ին):

Բայց ո՞ր մի կարգին մասնագետը չգիտի, որ ըստ Արմատականի՝ եւ՛ դեղին-ն է առանձին արմատական միավոր, եւ՛ նրա միջի դեղ-ը (այդպես է եւ մյուսների պարագայում): Ուստի, պարզապես անամոթ լարախաղացություն է աշակերտից պահանջել, որ զուգարմատներից մի քանիսում առաջի՛ն եզրը արմատ համարի՝ «բն– բնակ, դեղ– դեղին», իսկ մյուսներում՝ երկրորդը՝ ապատ- անապատ, նիշ– նշան:

Այսինքն՝ բացահա՛յտ թանկաբազարություն: Իբրեւ թե չգիտեն, որ իրավունք չունեն աշակերտին ներքաշելու բառերի պատմական ստուգաբանության բավիղները, ուր, իրենք էլ մոլորված, դուրս չեն գալիս արանքներից (վերեւի օրինակները՝ վկա):

Համբերատար ընթերցողի թույլտվությամբ մի երկու նմուշ էլ ցուցադրենք նախադասությունների «ճիշտ» փոխակերպումներից. «Արամն այդպես էլ չիմացավ իր հերթի երբ գալը», «Մարդու մասին կարելի է դատել նրա՝ ինչի վրա ծիծաղելով», «Եվան կանգ առավ մինչեւ հոր՝ իրեն հասնելը», «Ո՞վ կհերքի վշտի՝ մարդուն դժբախտացնելը», «Կարճ ժամանակ անց պարզվեց նրա՝ բոլորին խաբելը»… (բոլորը 1-ին մասից, էջ 92-93, վարժ. 6, 7, 9, 11, 12): Կա՞ նորմալ, գրագետ հայ մարդ, որ նման խեցգետնակերպ լեզվով խոսի կամ գրի: Հաստա՛տ չկա: Բայց մեր արգո հեղինակները հաստատ ձգտում են այդօրինակ հայերենով պատրաստելու մատաղ սերնդին…  Կհաջողվի՞ դա՝ կախված է նաեւ մեզանից, մեր ընդհանուր վերաբերմունքից:

Եվ իրոք, ինչի՞ն է նպատակաուղղված այն մեծածավալ աշխատանքը (չուրանանք դա), որ տեսնում ենք շտեմարանի պրակներում: Մի՞թե դժվար է դրանք զերծ պահել դպրոցի ծրագրային նյութերին չհամապատասխանող առաջադրանքներից, հորինովի վարժություններից ու լուծումներից, անճոռնի լեզվախեղումներից: Չէ՞ որ շտեմարանի հեղինակային բազմանդամ խմբում ընդգրկված են նաեւ լավ մասնագետներ, ճանաչված դոկտոր-պրոֆեսորներ. որտե՞ղ է նրանց ձայնը: Վերջիններիս հետ ես զրուցել եմ դեռ անցյալ քննաշրջանի նախօրեին:

Պարադոքսալը այն է, որ նրանք եւս լիովին համամիտ էին իմ մտահոգություններին,  անգամ վրդովված ու զայրացած ոմանց հանդեպ, քանի որ շատ բաներ առանց իրենց գիտության են տեղավորել շտեմարանում: (Տես ի՜նչ զորավոր ձեռքեր կան, է՛…):

Եվ մտմտում էի, որ նման բարքերը շարունակվելու դեպքում նրանք վճռականորեն կհրաժարվեն այս տարվա պրակների արատները իրենց պատվական անուններով «ապահովագրելու» ոչ պատվական պատվից:

… Անտեղի՛ մտմտուք:

ՀԵՆՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

լեզվաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031