Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց արեւելյան ողբի

Մայիս 15,2013 13:15

Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որեւէ իրադարձություն եւ այն ուղեկցել մեր ավանդական հայկական (արեւելյան) «վայ-վույով»: Երեկվա իրադարձությունները՝ այդ թվում:

Աբովյանի եկեղեցու մասին: Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, քաղաքականության մեջ է, կուսակցության ղեկավար է, պատգամավոր: Բնական է, որ ոմանց նրա կերպարը եւ գործունեությունը դուր է գալիս, ոմանց՝ ոչ: Եվ եկեղեցու երեկվա բացումը կամա թե ակամա մեկնաբանվում է այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Բայց խոսքը այդ քաղաքի կենտրոնում առաջին եկեղեցու մասին է՝ այն պիտի՞ կառուցվեր, թե՞ ոչ: Երբ որեւէ գյուղում կա 10-րդ դարի կիսափլված մատուռ, եւ այդ գյուղի նախկին բնակիչը, որը հարստացել է Ռուսաստաններում, որոշում է իր ճաշակով նոր եկեղեցի կառուցել, դա, անշուշտ, խոսում է նրա անհիմն փառամոլության մասին: Բայց Աբովյանը քաղաք է դարձել 1960-ականներին, եւ Սուրբ Հովհաննես Մկրտչի անհրաժեշտությունն այնտեղ կար: 20 տարի հետո ոչ ոք չի հիշի այսօրվա քաղաքական կրքերի մասին, իսկ եկեղեցին կանգուն կմնա: Ես, օրինակ, շատ կուզեի, որ Զովունիում լիներ թեկուզ մի փոքրիկ մատուռ, որովհետեւ, կարծում եմ, Աստծո տունը այն տեղն է, որտեղ պետք է գնալ ոտքով:

ԲՀԿ-ի՝ ընդդիմություն չլինելու մասին: Դա ի՞նչ մի սենսացիա է: Որեւէ ԲՀԿ-ական ա՞յլ բան է ասել: (Վարդան Օսկանյանը միայն նման ցանկություն է հայտնել): Ուրիշ հարց, որ որոշ ընդդիմադիրներ այդ կուսակցության հետ ինչ-որ հույսեր են կապել՝ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» եւ «օլիգարխիայից պոկվելու» առումով, բայց այդ ընդդիմադիրները հո չեն խոստովանի, որ սխալվում էին: Իսկ որ իշխանության մի մասը, ինչ-ինչ շահերից ելնելով, քննադատում է իշխանության մյուս մասին, դա նորմալ է՝ միատարր իշխանություն ոչ մեկին պետք չէ:

Վերջապես, բացօթյա հյուրասիրության սեղանների վրա ժողովրդի «հարձակման» մասին: Ինչ խոսք, այդ կադրերը, մեղմ ասած, գեղագիտական հաճույք չեն պատճառում: Գիտեմ, որ շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ողբալու առիթ այստեղ չկա: Առավել եւս՝ մեր ժողովրդի «խայտառակությունը» փաստելու: Ընթերցողներից շատերը, հավանաբար, ականատես են եղել, թե ինչ է կատարվում լուսավոր Արեւմուտքում, երբ խանութներում զեղչերի օրեր են հայտարարվում: Արեւմտյան քաղաքների բնակիչները գրոհում են առեւտրի կետերը ավելի մեծ եռանդով, քան աբովյանցիները՝ ուտելիքով սեղանները: Այդպիսի մի ռեպորտաժ կար «Առավոտում»՝ Լոնդոնում, այսպես կոչված, boxing day-ի՝ ամանորյա զեղչերի օրվա մասին: Որեւէ մեկը կարո՞ղ է պնդել, որ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները սոված են, սոցիալապես անապահով, կամ որ վարչապետ Դեւիդ Քեմերոնը նրանց թալանում է եւ հասցրել է այդ վիճակի:

Մեր ժողովուրդը մնացածներից ոչ լավն է, ոչ էլ վատը, սովորական ժողովուրդ է՝ բոլորի նման: Ուտելիքի վրա «զանգվածային գրոհի» մեջ ոչ մի ազգային առանձնահատկություն չկա՝ ձրի բարիքների նկատմամբ ամբոխի սովորական ձգտումն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. ani says:

    Ես էլ չհասկացա էդ ամոթանքի ալիքը: Եթե լավ մտածեք, Ժողովուրդն իր փողերով գցած սեղանից էր օգտվում, ոչ թե Ծառուկյանի: էդ ամոթանքը ինչի չեն տալիս նույն Ծառուկյանին, Սերժին ու իր ընտանիքին, Քոչարյանին ու իր ընտանիքին, լֆիկներին, էն բոլոր պաշտոնյաներին, որոնք ավելի ագահաբար ու ծածուկ ամեն օր սովորական ջեբկիրի պես մտնում են մեր գրպանները ու թալանում մեզ, թալանում ու չեն հագենում:

  2. Maxim says:

    Սովետական տարիներին իմ կարդացած գրքերից մեկում, որը գրել էր Բեռլինի կոմենդանտը,՝ որի ազգանունը չեմ հիշում, բայց մի դրվագ է իմ մեջ խորը տպավորվել, որը կարծում եմ երբեք չեմ մոռանա: Նկարագրելով Բեռլինի կործանված հրաշք ճարտարապետությունը, նրանց կենցաղի բարձր
    կուլտուրան՝, նույնիսկ ավերված քաղաքում, վերջապես ինձ ապշեցրեց հետևյալ դրվագը:
    Ամիսներ շարունակ սովետական բանակի ռմբակոծություններից կաթվածահար եղած քաղաքը զուրկ է եղել բոլոր կոմումիկացիոն մատակարարումներից, այդ թվում և ջրի ու հացի: Զինադադարից հետո այդ երկու ամենաանհրաժեշտ՝ ջրի և հացի մատակարարումը խաղաղ բնակչությանը, որը բնականաբար իր վրա էր վերցրել սովետական զորքը,՝ կոմենդանտի ղեկավարությամբ, ավելի շատ կրել է սիմվոլիկ բնույթ, քանի որ բոլոր առումներով՝ անհնար է եղել մի ողջ քաղաքի մատակարարումը: Հազարավոր գերմանացիները մեկ շարք կանգնած սպասել են իրենց հերթին, իմանալով, որ իրենց հերթը դժվար թե հասի, բայց ոչ մի խախտում չի եղել, թեպետ տասնյակ մարդիք մահացել են հերթում:
    Ինչպես կոմենդանտի, այնպես և իմ,՝ խորը հարգանքը նման հասարակության կողմն է, որը երբեք
    պատահական չի լինում: Եթե նախագահը, վարչապետը, նախարարը, նրանց քույրերն ու եղբայրները լինեին գոնե գերմանացու մեկ հարյուր երրորդ չափ բարեպաշտ, ապա մեզ մոտ էլ մի
    կտոր գառան մսի համար քաշքշուք չէր լինի: Ես հարգում եմ՝ Գերմանացուն, և խորապես ցավում
    իմ ազգին, հատկապես նման ղեկավարություն ունենալու համար: Երևի աղքատությունն ու
    տգիտությունը ոչ մի ծանր հիվանդության չի զիչում:

  3. Gibindus says:

    Շատ դուրս եկավ “դրամատիԶացնել” բառը: Հատկապես “մասնագիտական փորձառություն” բառակապակցության հետ: Չէ, ես էլ “վայ-վույ” չեմ անում: Ի՞նչ կա որ, կպատահի: Կարևորը, որ Աբովյանում եկեղեցի ու կազինո են բացում: Ես էլ կոմեդիզացնում եմ:

  4. Արամ says:

    Մենք միշտ էլ անկարգապահ ենք եղել, բայց հացի վրա չենք հարձակվել, համենայնդեպս 70-ականներից միչև զրոյական թվերը, կարող եմ փաստել:
    Ըստ Մուրացանի, երբ Աշոտ Երկաթը եգերաց բանակով ընկնեւմ է շրջապատման մեջ և եգերացիները հաց ու ջուր են պահանջում, արքան անբնական է համարում պահանջել մի բան, որը չկա: Երբ այսօր ժողովուրդը հաց է պահանջում, շատ բնական է, որովհետև Հայաստանում հաց կա, այդ հացը աշխատելու կարողություն ու ներուժ կա, բայց եկեղեցու բացման արարողության ողջ “նախագահությունը”, բացառությամբ Լուկաշենկոյի, կարծում են, թե այդ հացը պատկանում է միայն իրեց, իսկ դրանից փշրանք նետելը “նախագահությունից” դուրս գտնվողներին մեծագույն առաքինություն է:

    Հ.Գ. Համեմատությունը Լոնդոնի հետ անտեղի է, 15 մլն Լոնդոնում միշտ կգտնվեն 10 հազար փախստական կամ կներեք “խփնված”, Հայաստանում այլ է, փախստական չկա, 40 տոկոսին էլ խփնված համարելը “խփնվածություն” է:

    Հ.Գ. 2 Սարսափելին այն է, որ սեղան գրոհողներից շատերը ընդամենը մի քանի օր առաջ ընտրել են այն մարդկանց խմբին, ովքեր իրենց զրկել են արժանապատվությունից:

  5. aragast says:

    Դիտելով տեսանյութը, եզրակացնում եմ որ շատ թե քիչ ինքնասիրություն ունեցող մարդը չէր մոտենա սեղանին, քանի որ հազարավոր մարդիկ կաին այնտեղ իսկ այդ ընդամենը դրված էր ձևի համար, որ “վերնախավը” համտեսի։
    Կարծես դիտավորյալ էր արվել այդպես, որ բնակչության մի մասին ստորացնեին։ Չէ որ կենսաթոշակով և նպաստով ապրող մարդիկ ծայրը ծայրին չեն կարողանում կպցնել և չ՝զսպելով իրենց գնացին այդ քայլին։
    Ծառուկյան, եթե ուզում էիր բարեգործություն անեիր, ապա լիարժեք հյուրասիրեիր։ Ստացվեց այնպես ,որ հազարավոր մարդկանց առջև բացեցին հարյուր բաժին, երբ մարդիկ նկատեցին որ ուտելիքը քիչ է հարձակվեցին դրանց վրա։
    Նման էր այն տեսարաններին, որ հարուստը մի քանի տասնյակ ոսկի է շպրտում եկեղոցու բակում հավաքված աղքատների վրա, նրանք էլ հափշտակում են և կռվում իրար հետ, իսկ հարուստը իրենից գոհ, փքված հեռանում է։

  6. Spartak says:

    Ոչ մեկի կարծիքի հետ համամիտ չեմ, կիսում եմ Արամ Աբրահամյանի մտորումները:Ի~նչ մի թեմա է, որ այսքան խոսակցություն է բացվել:Սա ամոթ ու ցավ է, որի շուրջ աղմուկ չեն բարձրացնում, լռությամբ շրջանցում են:Էլ չեմ խոսում համացանցում գցված տեսանյութի մասին՝ հրմշտոց, ձեռքից ձեռք պատառ փախցնել և այլն…Աշխարհով մեկ դա տարածելու բա՞ն է:Ո՞ւմ սրտին յուղ քսվեց:Համենայնդեպս, իր ժողովրդին հարգող մեկը կտխրեր և ոչ թե ինտերնետային ցինիզմ կապրեր:

    • Hakob M. says:

      Ա’յ, թե ինչ հեեվանքների է հասցնում , երբ պետության գլխին են կանգնում ժողովրդի կողմից Չընտրված, ՈՉ կոմպետենտ, հայկական լեզվամտածողությամբ Չդաստիարակված, անպատասխանատու ղեկավարներն, որոնք էլ ժողովրդին բերել հասցրել են, այսպիսի ստորաքարշ, սովի մատնված , իրենց տերերի խնջույքի սեղանների մնացորդների վրա հարձակվող, տեսահոլովակում ցուցադրվող մի խումբ մարդկանց տհաճ պահվածքին, որոնց կարգավիճակն էլ կարելի է հնդհանարացնել ներկա մեր Հայ ժողովրդի մեծամասնությեունը կազմող նմանատիպ պրելակերպին համակերպված ստվար հատվածի չարքաշ կյանքին …
      Ամո’թ, Ծառուկյանին, քոչարյան ու սարգսյան տանդեմին, իրենց թալանչիների ՈՀՄԱԿԻՆ, որոնք ի ցույց ամբողջ համաշխարհային հանրությանն, այսպիսի Ժամանակին ՈՉ համահունչ, ՀԱՅԻն նսեմացնող, նրա արժանապատվությունը վիրավորող անհարկի միջոցառում կազմակերպելու համար (((((
      https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=YWhohvMx6cw
      Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո

  7. Armine G says:

    Սա այսօրվա ամենակարևոր թեման է : Ժողովուրդը Սոված է: Ինչու՞, ո՞րն են պատճառները: Պարզ չէ՞ որ հենց մեր ժողովրդի հաշվին հարստացած քրեաօլիգարխիկ համակարգն է, որ ժողովուրդին հասցել է էս օրվան: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Եթե էս կեղծ բարերարները չհարստահարեին մեր ժողովրդին, չհասցնեին ծայր աղքատության, մարդիկ այսօր հացի ու ջրի համար իրար կհրմշտեի՞ն: Իսկ եթե այս ամենը անտեսենք ու սևին սպիտակ ասելով ծածկենք մեր հասարակության պրոբլեմները, ոչ մի արդյունքի չենք հասնի:

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀՀԿ-ի դուստր բիզնես ԲՀԿ-ն:

    Ուրեմն ՔՈ 100 դոլարը քեզնից գողանամ, քեզ 7 օր սոված պահեմ ու քո այդ 100 դոլարից 5 դոլար տամ քեզ,որ սովից չմեռնես ու դառնամ քո «բարերա՞րը» ու «քաղաքական փրկի՞չը»:

    Եթե այդ նույն եկեղեցին ասենք Ք.Կերկորյանը կամ Է.Էռնեկյանը կառուցած լինեին,ապա համոզված եմ,որ ՈՉ ՈՔ մի հատ ուֆ չէր անի,որովհետև այդ փողերը Հայաստանի ՋԱՆԻՑ չեն պոկվել: Ու սա անվանել “հայկական (արեւելյան) «վայ-վու՞յ»”. հուսով եմ դուք էլ պալատական լրագրող չեք:

    ՈՉ ՄԻ համեմատության եզր չկա Լոնդոններում մեծ զեղչով ՆՈՐ ու թանկ ապրանքներ գնելու ու մի քանի կիսագրագետ օլիգարխների կերածների ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ վրա սովամահ հարձակում կազմակերպելու միջև:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Օղու եւ կոլայի շշերը, որոնք «խնջույքի» մասնակիցները երկու-երկու խցկում էին իրենց գրպանները, նույնպես նոր էին:

  9. Maxim says:

    Կեցցես՝ Spartak: Որ ժողովրդին հարգելը տեսնում ես՝ խայտառակ երևույթները լռելն ու թաքցնելը:

  10. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ես հասկանում եմ, որ պապուլիզմը եւ ժողովրդի դարդերով տապակվող մարդու տեսք ստանալու ձգտումը ինձ էլ պետք է դրդեին «վայ-վույ» անելուն: Բայց ես չեմ պատրաստվում դառնալ Արշակ Սադոյան կամ Նիկոլ Փաշինյան եւ դրա համար պնդում եմ. ա/ Աբովյանում ուտելիքով սեղանների վրա հարձակվող մարդիկ ՍՈՎԱՄԱՀ ՉԷԻՆ, թեեւ նրանցից շատերը ծանր սոցիալական վիճակում են, բ/ եթե նման ձրի սեղան դրվեր Եվրապայի կամ Ամերիկայի որեւէ քաղաքում, ապա կլիներ մոտավորապես նույն հրմշտոցը:Դա, իհարկե, չի հերքում այն պնդումները, որ ծանր սոցիալական վիճակի Հայաստանի բնակչությանը հասցրել են մեր բոլոր իշխանությունները եւ հատկապես այս մեկը:

    • Anonymous reader from far away says:

      Mr. Abrahamyan, I invite you to visit the city where I live, I promise to open up tables and give away free food and drinks on the streets of the most low income neighbourhood here. I would encourage you to videotape it and post it on your website and leave the conclusions and interpretations to your readers. (I purposefully do not name the city to avoid unnecessary comments and speculations, but I am looking forwards to hearing from you and hosting you here; you have my email address).

  11. Maxim says:

    Կարծում եմ,՝ Արշակ Սադոյանի և Նիկոլ փաշինյանի ,,վայ-վայ,, անելը բոլորովին տարբեր է: Իսկ
    երկրի առաջին դեմքերի բարոյական պատկերը,՝ ուղեցույց է ժողովրդին: Բոլոր դեպքում հարգում եմ՝
    Ձեր կարծիքը:

  12. Spartak says:

    Մաքսիմ, Ծառուկյանի գցած սեղանից իմացա՞նք ժողովրդի անմխիթար վիճակի մասին:Խնդիրն այլ հարթության վրա է:Ազգային արժանապատվության մասին է խոսքը:Խնդրեմ, եկեք համացանցը ողողենք սոցիալական այլ խնդիրների դեմ բողոքներով ու ցույցերով:Հենց հիմա էլ ես գնում եմ միանամ նախագահի նստավայր գնացող ցուցարարներին՝ բողոքի ձայն բարձրացնելու գազի գնի թանկացման համար:Բայց համացանց գցել նախամարդու տեսքով հացի մի մեծ պատառ հոշոտող հայ մարդու՝ աններելի է:Ո՞ւր մնաց մեր հազարամյա մշակույթը, որով, հաստատ, հպարտանում են այդ կադրերը համացանց գցաց լրագրողներն ու նրանց ղեկավարները:Բա՞…

  13. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կոնկրետ Հոլանդիայում այսպիսի (ցուցադրական) սեղաններ բացելու կարիք էլ չկա,որը ավելի շուտ հակառակ էֆեկտն է ունենում:Այստեղ էլ ,իհարկե, կան պրոբլեմներ,բայց ամենավերջին աղքատն էլ քիչ թե շատ (նորմալ) սնվելու հնարավորություն ունի,որովհետև երկրում ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ կա,որը մտածում է իր ԲՈԼՈՐ քաղաքացիների մասին: Տասնյակ տարիներ ապրում եմ Հոլանդիայում ու դեռ ՈՉ ՄԻ հրմշտոց որևէ միջոցառման/սեղանի շուրջ չեմ տեսել . մարդիկ սեղաններին սկի չէին էլ մոտենում շատ դեպքերում,որովհետև մարդիկ եկել էին ՄԻՋՈՑԱՌՄԱՆ համար:

    ՀԳ. Spartak (12) – Համաձայն եմ. խնդիրը ազգային արժանապատվության հարցն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031