Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքը հաղթեց ժողովրդին

Մայիս 15,2013 13:10

Աչքի տակ ունենալով Հայաստանում տեղի ունեցած վերջին մի քանի ընտրությունների դառը փորձը, այնուամենայնիվ ս.թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին բոլորը մի տեսակ սպասում էին այլ դիտակետով, քանի որ բացի արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ բազմաթիվ և բազմապիսի խոստումներից, այդ ընտրություններին հայտ էին ներկայացրել 4 այլ քաղաքական ուժեր՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» դաշինքը, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էին, որ միավորելու են իրենց բոլոր ուժերը և թույլ չեն տալու ընտրախախտումներ: Ի տարբերություն այդ քաղաքական ուժերի սպասումների, այս ընտրություններն անցան մի շարք նորագույն ընտրական տեխնոլոգիաների կիրառմամբ և եղավ այն, ինչ եղավ: Դեմ կանգնել ժողովրդի բավականին մի ստվար ընտրազանգվածի, ոչ մի դեպքում արդարացված չէ, եթե նույնիսկ նրանք կատարում են ակնհայտ ոչ ճիշտ քայլ (ասում են, որ ժողովուրդները երբեք չեն սխալվում):

Այն, որ Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածն աշխատանք չունի և չափազանց աղքատ է, գաղտնիք չէ, քանզի օրական բազմաթիվ ընտանիքներ են լքում Հայաստանը` օրահաց աշխատանք գտնելու հույսով և օր-օրի ավելացնում աշխարհասփյուռ հայության շարքերը:

Որ հերթական անգամ` մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մարդկանց մի ստվար մասն իրենց մոտակա 4 տարիների ապագան վաճառեցին 5000-ից մինչև 30 000 դրամով, դա արդեն կատարված փաստ է և այն որպես այդպիսին էլ մտավ ընտրությունների պատմության արխիվ: Մի պահ փորձ անենք հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում այդ գումարը: 30 000 դրամը բաժանելով 1 460 օրվա (մոտ 4 տարվա) վրա, ստանում ենք օրական մոտ 20 դրամ, որով կարելի է գնել մոտ 2 տուփ լուցկի: Փաստորեն, ընտրողն իր հետագա ամեն մի օրը վաճառում է 2 տուփ լուցկով (հավանաբար, վատ գին չէ):

Իսկ այժմ փորձենք ընտրակաշառքի թեմային մոտենալ մի փոքր այլ տեսանկյունից և տեսնենք, թե այս երևույթը հերթական անգամ ինչ հոգեբանական իրավիճակներ առաջացրեց ընտրակաշառք վերցրած և որոշակի թվով այն մարդկանց ներսում, որոնց սպասումներին հակառակ` փող բաժանողներն այդպես էլ ոչինչ չտվեցին նրանց: Հմտորեն լվանալով ժողովրդի ուղեղները, որ միևնույն է` նրա ձայները ոչինչ չեն որոշելու և որոշողները` վաղուց արդեն ամեն ինչ որոշել են և օգտվելով նրա ծայրահեղ աղքատ ու գործազուրկ վիճակից, ժողովրդին անուղղակի ակնարկում էին, որ այս պարագայում ձեզ մի ճանապարհ է մնացել. եթե մի բան կտան, սուսուփուս վերցրեք և ձայնը տվեք` այդ ինչ-որ բան տվողներին, հակառակ դեպքում դրանից էլ կզրկվեք և ոչինչ փոխել չեք կարողանա, այնպես որ ընտրություններից ձեր միակ օգուտը դա է լինելու:

Հենվելով նախորդ բոլոր ընտրությունների դառը փորձի վրա, որ ամեն ընտրությունից հետո ժողովուրդն իսկապես ոչինչ չի ստացել, բացի իր կյանքն ավելի վատանալուց, «ճարահատյալ» սկսեց հավատալ ընտրակաշառքների փիառին և տրամադրվեց, որ ավելի լավ է վերցնի առաջարկվող ընտրակաշառքը, քան «հպարտություն» խաղա: Եվ սկսվեց ամենաահավոր` սպասման շրջանը, որին էլ նվիրված է հոդվածի հիմնական ասելիքը:

Եվ այսպես, այդ օրերին` որոշակի պահից սկսած, ժողովրդի այդ հատվածն ամեն ինչ` ապագա, աշխատանք, արտագաղթ,…, մի խոսքով, ամեն ինչ մոռացած, տրամադրվեց և սկսեց րոպե-րոպե սպասել իր «բաժին» ընտրակաշառքին: Օրերն անցնում էին և քանի դեռ նա չէր ստանում «իր բաժին» ընտրակաշառքը, նա ավելի նյարդային էր դառնում և երբեմն նույնիսկ մտերմիկ շրջապատում սկսում էր բարձրաձայն դժգոհել. «թե, դրանք ինչ եղան… է, մի էրկու կոպեկ փող պիտի տան, հոգիներս ուտում են, չեն բերում»: Այդ զանգվածի որոշ մասը նույնիսկ դարձավ այդ գործի պրոֆեսիոնալ. նա ընտրակաշառք բաժանող բոլոր ուժերից էր վերցնում ընտրակաշառքները, փորձելով` «չնեղացնել» ոչ մեկին, բայց իր ձայնը պետք է տար դրանցից մեկին կամ ոչ մեկին:

Ցավոք, այստեղ մի շատ էական նրբերանգ ևս կա. սովորաբար կաշառակերները` կաշառքը հիմնականում վերցնում են կաշառատուի առաջարկությամբ` մի քանի անգամ նազուտուզ անելուց հետո միայն, ճիշտ այնպես, ինչպես սիրող աղջիկն է սիրած տղայի առաջարկությունը մի քանի անգամ մերժում և հետո «մի կերպ» համաձայնում: Իսկ այս պարագայում, ընտրություններից մոտ 30 օր առաջ` այդքան օր շարունակ, կաշառատուները ժողովրդին այնքան պահեցին լարված սպասման մեջ, որ նրանց համար ընտրակաշառքին սպասելը դառնում էր անտանելի և ինչպես վերևում նշեցի, մտերմիկ շրջապատում նրանք շատ հաճախ ուղղակիորեն դժգոհում էին այդ ուշացման համար:

Փաստորեն այն, որ նրանք ժողովրդի ամեն օրը գնեցին 2 տուփ լուցկով, դա դեռ բավական չէ, ժողովրդին էլ դարձրին 5000-ից 30 000 դրամանոց կաշառակերներ` չորս տարվա ժամանակահատվածի կտրվածքով:

Էստեղ են ասում. այ աշխարհ, անարդար աշխարհ: Մարդկանց մի հսկայական շերտ գիշեր-ցերեկ զբաղված է լրջագույն կաշառքներ շորթելով, և ամեն կերպ փորձում է խուսափել կաշառակերի պիտակից, իսկ այդ նույն պրոֆեսիոնալ կաշառակերները` այս դեպքում կաշառատուները, ժողովրդի մի ստվար հատվածին դարձրին քավության նոխազներ, օրը ցերեկով` ամբողջ աշխարհի առաջ նրանց դարձնելով` օրական 2 տուփ լուցկիանոց կաշառակերներ: Էլ չեմ ասում, որ անհրաժեշտության դեպքում, նրանք ամենուր` պատեհ-անպատեհ կարող են բարձրաձայնել, որ իրենք գոնե «նորմալ» կաշառակերներ են, այլ ոչ թե ժողովրդի` այդ նվնվացող ու նավսող ներկայացուցիչների նման` օրական 2 տուփ լուցկու գումարի չափ կաշառք վերցնողներ:

Այստեղ ասելիքի հիմնական մեխն այն է, որ պրոֆեսիոնալ կաշառակերներն իրենց համար նաև հզոր արդարացման միջոց գտան. «Եթե ժողովրդի այդ ահռելի հատվածը պահը չի կորցնում և համաձայնում է օրական նույնիսկ 2 տուփ լուցկու գումարի չափով կաշառք վերցնել, ապա մենք ինչու պետք է հրաժարվենք անհամեմատ «նորմալ չափերի» կաշառքներից: Նաև կարող են ավելացնել. դե, պատկերացրեք, թե ինչ կանեին նրանք, եթե մեր զբաղեցրած պաշտոնները վստահվեին նրանց և նրանք մեր հնարավորություններն ունենային: Այնպես որ, եթե անկեղծ լինենք, ապա կաշառակերության հարցում ժողովուրդը մեզ մեղադրելու բարոյական իրավունք չունի, քանզի այս հարցում ժողովրդի նման վարմունքը մեզ` ժողովրդի զավակներիս նույն կերպ իրավունք է տալիս չհրաժարվել, այն էլ անհամեմատ մեծ չափերի կաշառքներից: Չէ՞ որ, մենք ևս նույն ժողովրդի տեսակն ենք և հակառակ կերպ վարվելով` «կնեղացնենք» մեր ժողովրդի այդ ահռելի հատվածին:

Մնում է փառք տալ Աստծուն, որ իրական կաշառակերները որպես կաշառակերության հմուտ ուսուցիչներ, նախկինում ևս չեն մատնանշել ժողովրդին:

 Անանիա Մաղաքյան

 Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

 

Մի պահ փորձ անենք հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում այդ գումարը: 30 000 դրամը բաժանելով 1 460 օրվա (մոտ 4 տարվա) վրա, ստանում ենք օրական մոտ 20 դրամ, որով կարելի է գնել մոտ 2 տուփ լուցկի: Փաստորեն, ընտրողն իր հետագա ամեն մի օրը վաճառում է 2 տուփ լուցկով (հավանաբար, վատ գին չէ):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NNN says:

    Հարգելի պ. Մաղաքյան, վստահ ասում եմ ձեզ, ժողովուրդը չի’ ընտրել: Գումարներ վերցրել են , բայց չեն ընտրել: Իշխանությունների համար աշխատող մարդիկ ամեն ինչ արել են կեղծելու համար տվյալները : Շրջաններում մարդիկ են եղել հատուկ հանձնարարականներով,որ 10 անգամ քվեարկել են բացակա մարդկանց փոխարեն, լցոնումներ են կատարել հազարներով , և այլն … Սխալ տվյալներ են փոխանցել: Մի շրջանում, որտեղ 51 % տոկոսով Րաֆֆին է հաղթել ,պարզապես վերցրել ,իրենք տվյալները փոխել են ու ասել են Ս-.ն է հաղթել: Սա իրականություն է, և շատերը տեսել ու լռել են ` հասկանալի չի ? ինչու ?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031