Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի գնի բարձրացման քաղաքական ենթատեքստն ու հետևանքները

Մայիս 15,2013 13:05

«Գազի գնի քաղաքականությունը քաղաքական խնդիր է, որով ՌԴ-ի ու ՀՀ-ի նախագահներն են զբաղվում»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հետո էլ հավելեց. «Եթե ՌԴ-ն ու ՀՀ-ն ռազմավարական գործընկերներ են, ապա ՀՀ-ն չպիտի դիտվի որպես տարածք, այլ ինքնաբավ երկիր: Դրա համար պիտի գազը ստանանք այն սակագնով, որ նպաստի մեր տնտեսական քաղաքականությանը»:

Հիշեցնենք, որ երեկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայել 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագինը՝ նախկին 132 000 դրամի փոխարեն դարձնել 221 000 դրամ:

Խոսելով գազի գնի բարձրացման հետևանքների մասին՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Բնականաբար լինելու է ապրանքի գների բարձրացում: Դրա համար պետությունը պիտի սուբսիդավորի սոցիալապես անապահով ընտանիքներին և կենսաթոշակը: Այս ֆոնի վրա գազի նման բարձրացումը սպասելի էր, բայց որ այսպիսի հարաբերակցությամբ դա կարող էր լինել՝ դա անսպասելի էր»:

Արդյոք այսպիսով ՌԴ-ն չի՞ փորձում ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, կամ պատժել՝ քաղաքական նպատակադրվածությունից ելնելով: Այս հարցին Վ. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Մեր կողմից ոչ մի սխալ չի կատարվել և պատժելու հարց չկա: Պարզապես Գազպրոմը որոշել է ավելի շատ շահույթ ստանալ, մյուս կողմից էլ ծախսերը մեծ են, քանի որ գազն արտահանում է հյուսիսային շրջաններից: ՌԴ-ի հետ ուղղակի պիտի ավելի լավ աշխատել: Գազի սակագնի բարձրացման հարցում միտումնավորություն չպիտի տեսնել, մասնավոր ընկերության շահ է»:

Պարոն Սաֆարյանը չունի տեղեկություն, թե գազի վերավաճառքի ժամանակ որքան է ՌԴ-ն գին ավելացնում և որքան է «ՀայՌուսգազարդ» -ը դրա վրա գին ավելացնում: Բայց Վ. Սաֆարյանն ասում է. «Այն կարծիքին եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ լուրջ պիտի ուսումնասիրի այդ սակագինը: Լուրջ աուդիտ պիտի անցկացվի: Կան ծախսեր, որոնք դեռ պիտի օպտիմալացվեն: Օրինակ՝ «ՀայՌուսգազարդ»-ի գրասենյակները տասնյոթն են՝ տասնմեկ մարզերում, պետք է վերանայվի ընկերության մեքենաների քանակը: Այս ամենը պիտի վերանայել, քանի որ այսպիսով ընկերության նման մոտեցումը ծանր վիճակի մեջ կկանգնեցնի ՀՀ կառավարությանը: Մենք ունենք որոշակի կառույցներ, օրինակ՝ Հրազդանի ՋԷԿ-ը, որը ՌԴ-ին է հանձնված: Ուստի այդ կառույցի համար օգտագործվող գազի համար պետք է կիրառվի այն սակագինը, ինչ Ռուսաստանում է: Կամ նպատակահարմար է կառուցել երկրորդ Երևանի ՋԷԿ-ը՝ իրանական գազի վրա»:

Ազգային ավիափոխադրողի շուրջ վերջին շրջանում ծագած ու մինչև այժմ լուծում չգտած հարցի վերաբերյալ էլ Վ. Սաֆարյանն այս կարծիքին է. «Արմավիրայի հարցը լուրջ հարց է: Պետք է ունենք երկու-երեք ավիափոխադրող: Բաց երկնքի քաղաքականությունն այսօր նպատակահարմար չէ: Մեր երկիրը, որ շրջափակման մեջ է և պատերազմը դեռ չի ավարտվել, այս պարագայում մենք պիտի ունենանք մեր ավիափոխադրողը և պետությունն ունենա իր մասնաբաժինը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031