Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, որն աշնանը կներկայացվի Ազգային ժողով, այսօր քննարկվեց կլոր սեղանի շրջանակներում՝ դատավորների, փաստաբանների, իրավաբանների, փորձագետների մասնակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկած ՀՀ արդարադաոտւթյան նախարար Հրայր Թովմասյանը, Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը կարեւորեցին արդարադատության մատչելիության հարցը:
ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հայկ Սարգսյանն էլ անդրադարձավ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող այն փոփոխություններին , որոնք վերաբերում էին առաջին ատյանի դատարաններին:
Նշվեց դատական քննության ծանրաբեռնվածության, նախատեսվող գործողությունների, ժամկետների, նախնական դատական նիստերի ծանուցման, անցկացման խնդիրների մասին: Առաջարկվում էր, օրինակ, սահմանափակել նախնական դատական լսումները, բացառությամբ այն դեպքերի, երբ արագացված դատաքննության մասին առկա է դատարանի որոշումը:
Կարդացեք նաև
Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ, ապացույցների հետազոտման փուլի համար պետք է որոշակիություն մտցվի՝ այդ բեռը կողմերի վրա դնելու ժամանակ: Նախագծով առաջարկվում էր «Գործին մասնակցող անձը, մինչ նախնական դատական նիստի ավարտը, պարտավոր է առաջին ատյանի դատարանին եւ գործին մասնակցող մյուս անձանց առաջ բացահայտել, հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի ապացույցները»:
Ըստ նախագծի հեղինակների, առաջարկվում էր. «Առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի եւ հիմքի փոփությունը թույլատրելու կամ մերժելու մասին կայացնում է առանձին դատական ակտ»:
Իսկ ապացույցները ներկայացնելու համար դատարանը ըստ նախագծի հեղինակների, ողջամիտ ժամկետ պիտի տրամադրի կողմին:
Գերմանիայի Բրեմենի շրջանային դատարանի դատավոր Հանրիխ Շնիթգերի կարծիքով, Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նոր կարգավորումներ է առաջ քաշում:
Նա ասաց, որ երկար տարիներ աշխատել է այնպիսի դատարաններում, ուր պարտադիր չէր փաստաբանի մասնակցությունը: Նա հիշեց, թե Ղազախստանի դատավորներն ինչպես էին ապշել, երբ ինքը խորհրդատվություն էր տվել կողմերից մեկին, որը փաստաբան չէր ունեցել: Ըստ նրա, դատավորների մտահոգությունն այն էր, թե դա կդիտվի կողմնակալության դրսեւորում.«դատավորը ինչ-որ մեկի փաստաբանը չէ»:
«Որեւէ մեկը չպիտի պարտվի դատարանում, եթե պատշաճ խորհրդատվություն չի ստացել», -գտնում էր մեր հյուրը:
Նա ասաց, որ նախկին սովետական քաղաքացիական դատավարության օրենսգրքից «հավանում» էր այն սահմանումը, համաձայն որի, դատարանը կողմերին իրազեկում է նրա իրավունքներն ու պարտականությունները: Մինչդեռ, ըստ նրա, սա ձեւական բնույթ էր կրում, քանի որ դատարանը թափանցիկ չի կողմերի համար:
Նա տեղեկացրեց, որ Գերմանիայի քաղդատօրենսգիրքը «բանավոր» է, մինչդեռ, դատավորը պետք է ծանոթ լինի գրավոր ապացույցներին, եւ պետք է իրավունք ունենա մատնանշելու այն «բացը», որը կողմը չի ներկայացրել:
«Աշխարհի բոլոր դատավորները մտածում են նույն կերպ: Չկա գերմանական, հայկական: Կարող են մատնանշող դատավորին ասել, թե նա շահագրգիռ է: Սակայն կարծում եմ, որ դատավորները կողմերի տեսանկյունից պետք է իրականացնեն արդարադատություն»,-ասաց պարոն Շնիթգերը:
Քննարկումը շարունակվում է, նախատեսվում էր նաեւ քննարկում քաղաքացիական դատավարության օրենսգրում վերաքննության առանձնահատկությունների, առաջարկվող փոփոխություների մասին: Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, դատական իշխանությունը դեռ իր կարծիքը չի ուղարկել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ