Լրահոս
Օրվա լրահոսը

Իվանիշվիլին խոստանում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն

Մայիս 15,2013 12:23

Հարաբերությունների բարելավման հնարավոր ուղիներից մեկը «օլիմպիական դիվանագիտությունն» է:

Արդյո՞ք ռուս – վրացական հարաբերությունները հնարավոր կլինի բարելավել «օլիմպիական դիվանագիտության» միջոցով: Նման հեռանկարի մասին Մոսկվայում եւ Թբիլիսիում սկսեցին խոսել երեկվանից, երբ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չբացառեց իր հնարավոր այցը Սոչի:

«Ես պաշտոնական հրավեր դեռ չեմ ստացել: Անգամ կարող եմ ասել, որ հստակ պատասխան չունեմ` կգնա՞մ ի վերջո Սոչի, թե՞` ոչ: Բայց մեկ բան կարող եմ ասել` ես այդ հեռանկարը չեմ բացառում: Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները», – նշեց Իվանիշվիլին վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում:

Մայիսի սկզբին Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկեցվրաց մարզիկների` Սոչիի 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցության օգտին: Ավելի վաղ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում էր, որ վրաց մարզիկները որեւէ պարագայում չպետք է մասնակցեն Սոչիի Օլիմպիադային, քանի դեռ Վրաստանի  տարածքի 20 տոկոսը գտնվում է «ռուսական օկուպացիայի ներքո»:

Ընդհանրապես, Բիձինա Իվանիշվիլիի երեքշաբթի օրը կայացած ասուլիսը մի զգալի մասը նվիրված էր հենց վրաց – ռուսական հարաբերություններին:

«Ես խոստանում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն: Ճիշտ է, մեր ցանկացած նախաձեռնություն բախվում է Միխեիլ Սաակաշվիլիի եւ նրա թիմակիցների կատաղի դիմադրությանը, այդուհանդերձ, Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը բխում է Վրաստանի ազգային շահերից», – հայտարարեց Իվանիշվիլին` հատուկ ընդգծելով, սակայն, որ Թբիլիսիի կողմից այլեւս զիջումներ չեն լինի, իսկ Վրաստանի քաղաքացիների կողմից հանրաքվեի միջոցով կայացված սկզբունքային որոշումը` անդամակցել ՆԱՏՕ-ին, մնում է ուժի մեջ:

Շարունակելով արտաքին քաղաքականության թեման` Իվանիշվիլին բացատրեց, թե ինչու է պաշտոնական եւ աշխատանքային այցերով բավական հազվադեպ մեկնում արտերկիր:

«Ես կարող եմ մեկնել Լեհաստան, Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա, մերձբալթյան երկրներ: Որեւէ խնդիր չեմ տեսնում Միացյալ Նահանգներ այցելության մեջ: Բայց կարծում եմ, որ մենք նախեւառաջ պետք է մեր ներքին խնդիրները լուծենք, որպեսզի արտերկրում շատ ավելի դրական լույսի ներքո ներկայացնենք Վրաստանը», – նշեց Վրաստանի վարչապետը` միաժամանակ առիթը բաց չթողնելով իր թիվ մեկ քաղաքական հակառակորդին քննադատելու համար. – «Սաակաշվիլին, օրինակ, իր գործունեության հիմնական շեշտը դնում էր արտերկրյա այցերի վրա: Այժմ էլ նա մեկնում է արտասահման` օգտագործելով այդ այցերը միայն որպես առիթ սեփական երկիրը քննադատելու համար»:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031