Այսօր «Հայացք» ակումբում հոգեբան, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը խոսեց մայիսի 15-ի` ընտանիքի միջազգային օրվա, ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին:
Սեդրակյանի խոսքով`միջսերնդային կապը խզված է, եւ այստեղ չենք կարող չխոսել սոցիալական ցանցերի ազդեցության մասին, սոցալական կապերի շնորհիվ նվազել է ռեալ շփումը: «Նախկինում նամակներ էին գրում իրար, որոնք կարելի էր համարել ստեղծագործություն, իսկ հիմա դա չկա, միայն ինֆորմացիայի փոխանակում է լինում: Ծնող- երեխա պայքարը միշտ եղել է, հիմա էլ կա, բայց կապը խզված է: Երեխան` այն արժեքային համակարգը, որով իր ծնողներն ապրել են, այժմ դա չի վերցնում իր ծնողներից, որ ինքն էլ հետագայում փոխանցի իր երեխաներին: Միջսերնդային կապը թուլացել է, դրան փոխարինում է վիրտուալ աշխարհը: Մեր խնդիրն է` հոգեշփման աշխատանքներ կատարելը: Ագրեսիան մեծացել է ու շատերը չգիտեն էլ թե ինչու»:
Սեդրակյանի խոսքով արտասահմանում երեխաներին նստեցնում են ուսերին, որ դեմքեր տեսնի, վերեւից նայի մարդկանց, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է, հատկապես խորհրդային տարիներին, երեխաներին նստեցնում էին տրոլեյբուսներ, խեղդվելով տեղափոխում նրանց մի քանի կանգառ, խեղճ երեխան էլ միայն ոտք էր տեսնում:
«Երբ իմ հայրը ներս էր մտնում՝ ես անմիջապես կանգնում էի: Այժմ, երբ ես եմ ներս մտնում՝ իմ տղան այդպես չի վարվում: Իհարկե, ես հաշվի եմ առնում, որ նա հոգնած է եւ այլն, բայց…»,- նշեց Սեդրակյանը՝ ասելով, որ ինքը դեմ չէ, երբ զավակներն առանձին են ապրում, եթե կա դրա հնարավորությունը, չնայած դա բնորոշ է արտասահմանցիներին, բայց ցանկացած ընտանիք ունի իր առանձնահատկությունը, բայց` «հայ մայրը միշտ ուզում է իր զավակին կողքին պահել»:
Կարդացեք նաև
Մեզ մոտ մեր ծնողների կողմից ավելորդ հոգատարություն կա, հավաստիացնում է հոգեբանը, զգուշացնելով, որ սա ագրեսիա է ծնում, քանի որ ճնշվում է մեր ինքնուրույնությունը`«Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, որպեսզի չճնշի»:
Հոգեբանը նշում է, որ նոր ընտանիք հարս գնալու պարագայում էլ խնդիրներ են առաջանում, երբ տղան նախապես աղջկան չի ծանոթացնում իր ընտանեկան սովորույթների հետ, պատահում է նաեւ, երբ հենց տղայի հետ են հակադրություններ լինում. «Սկզբում ծանոթանում են, մտածում, որ խելացի, կիրթ տղա է, բայց հետագայում հասկանում են, որ Չարենցը նրա համար միայն հազար դրամն է, Կոմիտասը` պողոտան, իսկ Թումանյանը՝ շաուրմայանոցը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ